Առողջապահության նախարարությունը մոլորեցնում է նույնիսկ նախարարին. Հայաստանի բնակչության մեծ մասը չի պատվաստվել. FIP.am

Առողջապահության նախարարությունը շաբաթական մեկ անգամ ներկայացնում է Հայաստանում կորոնավիրուսի դեմ պատվաստումների մասին վիճակագրությունը: «Փաստերի ստուգման հարթակը» նկատել է, որ գերատեսչության ձևակերպումները խճճված են, դրանք շփոթեցնում են՝ տպավորություն ստեղծելով, թե Հայաստանի քաղաքացիների ճնշող մեծամասնությունը պատվաստվել է:

Մասնավորապես, ինֆոգրաֆիկայում նշվում է պատվաստումների ընդհանուր թիվը, առաջին դեղաչափ ստացածների թիվը, ամբողջովին պատվաստվածների թիվը և բուստեր՝ խթանիչ դեղաչափ ստացածների թիվը:  

«Պատվաստումների ընդհանուր թիվ» ձևակերպումից տպավորություն է ստեղծվում, թե հանրապետությունում այդքան մարդ արդեն իսկ պատվաստվել է: Այսպես, հունվարի 30-ի տվյալներով պատվաստումների ընդհանուր թիվը կազմում է մոտ 1 մլն 883 հազար մարդ: Սակայն իրականում սա ներառում է դեղաչափերի թիվը, այսինքն՝ եթե մեկ անձը պատվաստվել է 2-րդ և 3-րդ անգամ, այդ վիճակագրությունը արտացոլվում է այս թվում: Հետևաբար, սրանից չի ենթադրվում, որ Հայաստանում մոտ 2 միլիոն մարդ պատվաստվել է: 

Հատկանշական է, որ Առողջապահության նախարարության այս ձևակերպումը մոլորեցրել է ոչ միայն «սովորական» ընթերցողներին, այլև նույնիսկ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանին, որը հունվարի 27-ին կառավարության անդամների ճեպազրույցի ընթացքում հանրային վայրերում սահմանափակումների մասին խոսելիս հայտարարեց, որ չափահաս քաղաքացիների 80 տոկոսը գոնե մեկ դեղաչափ ստացել է. «Ըստ էության՝ քանի որ մենք գիտենք, որ մեծահասակ բնակչության մոտ 80 տոկոսը գոնե մեկ պատվաստում ստացել է, խոսքը գնում է վարակված մարդկանց ներս չթողնելու մասին»: 

Ուշագրավ է, որ այդ շփոթմունքը փարատելու համար ստիպված պարզաբանում տվեց առողջապահության նախկին նախարար, ԱԺ պատգամավոր Արսեն Թորոսյանը. « …հրապարակման պահին մեր երկրում պատվաստված բոլոր քաղաքացիների թիվը կազմում է 999,891 և ոչ թե՝ 1,825,382, ինչը կազմում է մեր ազգաբնակչության 33.7%-ը: Այս 999,891 քաղաքացիներից ամբողջական պատվաստում ստացել է 819,841 քաղաքացի, ինչը կազմում է մեր ազգաբնակչության 27.7%-ը: Իսկ 180,050 (999,891-819,841) քաղաքացի ստացել է դեռևս մեկ դեղաչափ»,- նշել է նախկին նախարարը:

Ի դեպ՝ եթե դիտարկենք Քերոբյանի հայտարարության զուտ վիճակագրական բաղադրիչը, ապա ըստ Վիճակագրական կոմիտեի՝ Հայաստանի բնակչությունը 2021 թվականին կազմել է 2 մլն 963,3 հազար մարդ, որից չափահաս բնակչության թվաքանակը 2 մլն 192,7 հազար է։ Այստեղ ներառված չեն 18 և 19 տարեկանները, քանի որ Վիճակագրական կոմիտեն բնակչության տարիքային բաշխումն իրականացնելիս այս տարիքի երիտասարդներին ներառում է 15-19 տարեկանների տարիքային խմբում։ Այսինքն Հայաստանի չափահաս բնակչությունն ավելին է, քան 2․2 մլն-ը։

Եվ եթե նույնիսկ ընդունենք, որ Հայաստանի չափահաս բնակչությունը 2․2 մլն է, ապա ստացվում է, որ առաջին դեղաչափ ստացել է չափահաս բնակչության ոչ թե 80, այլ ոչ ավել, քան 45 տոկոսը։

Այսպիսով, թեև Առողջապահության նախարարությունը փաստական սխալ չի ներկայացրել, ձևակերպումներն իրական պատկերի սխալ ընկալման առիթ են տալիս:

Փաստերի ստուգման հարթակ