«Մեր երեխեքը 74 օր մարտ են մղել տարբեր տեղերով՝ փորձել են շրջափակումից կամ իրենք դուրս գան, կամ մենք օգնենք, բայց ոչ ոք չօգնեց»,- հուզմունքով ասում է պատերազմի ավարտից երկու ամիս անց որդուն կորցրած Սարիբեկ Պետրոսյանը և նշում՝ բոլոր հնարավոր դռները թակել է, խնդրել, որ 6 տղաների հետևից գնան ու շրջափակումից դուրս բերեն, բայց ապարդյուն։
«Ով մեղավոր ա՝ պետք ա պատժվի, դավաճանությունը պետք ա պարզվի»,- նշում է հայրը։
Որդին՝ 19-ամյա Սասուն Պետրոսյանը, ծնվել է Քաջարանի Լեռնաձոր գյուղում։ Գերազանցության դիպլոմով ավարտելով Կապանի պետական քոլեջի ավտոտրանսպորտի շահագործում ու կառավարում բաժինը՝ զորակոչվել է բանակ։ Ծառայել է Ջրականում, երբ սկսվում է պատերազմը։
Ջրականում հակառակորդի դեմ պայքար մղելուց հետո Ստեփանակերտ է տեղափոխվել, այնուհետև՝ Հադրութ։
«Հրաման էր եղել, որ տանեին Ստեփանակերտ հանգստանային, բայց հոկտեմբերի 8-ին տարել են հենց Հադրութի առաջը:
Հոկտեմբերի 11-ին 9-ն անց կես որդիս զանգեց, ասեց՝ կարաս հետ զանգես, հետ եմ զանգում, ասում եմ՝ բալե՛ս, որտե՞ղ ես, ասեց՝ պա՛պ, մնացել ենք շրջափակման մեջ՝ Հադրութի առաջին ձորում, 120 հոգի ենք եղել, մնացել ենք 30 հոգի»,- հուզմունքով պատմում է հայրն ու ասում՝ որդու հետ խոսելուց հետո դիմել է բոլոր հնարավոր պատկան մարմիններին, որ տղաներին օգնություն ուղարկեն, սակայն տղաներին շրջափակումից հանելու խոստումները այդպես էլ չեն իրագործվել։
«Իջնում եմ Կապան, Կապանի բաժանմունքում՝ թե մենք բան չենք կարա անենք, ավտոն տրամադրում են, գնում ենք Գորիս, ամբողջ ճանապարհին՝ ԱԹՍ-ն մեր գլխի վերևով։ Հասնում ենք Գորիսի կոմիսարիատ, ներկայացնում եմ իրավիճակը, կապվում ա պատասխանատուի հետ, ներկայացնում երեխաների կոորդինատները, ասեց՝ մինչև կես ժամ երեխեքին շրջափակումից հանում ենք։ Ես կապի եմ դուրս գալիս երեխեքի հետ, տղայիս հետ չի ստացվում, սերժանտ Հարութն ասում ա, որ իր հայրը մենակով 100-ի հետ կռվի ա բռնվել, ասում ա՝ խնդրում եմ ասեք, ում զանգում ենք, չեն վերցնում, խնդրում եմ շուխուռ արեք, գան մեզ հանեն։
Ու էդպես մեզ խաբում են ու չեն գնում երեխեքին հանելու»,- պատմում է Սարիբեկ Պետրոսյանը։
Սարիբեկի խոսքով՝ այնուհետև կապվում է Քաջարանի քաղաքապետի հետ, խնդրում կազմակերպել երեխաների դուրսբերումը․ «Մի քանի գրուպա հանում են, հետո պարզվում ա, որ մեր երեխաների ուղղությամբ չեն գնացել։
Ինչքան մարդ կար խնդրել ենք, ռուսական խաղաղապահների հետ բանակցություններին էլ էինք գնում, մասնակցում, որ կարողանանք մեր երեխաներին օգնենք… Փաստն այն էր, որ ոչ ոք չուզեցավ մեր երեխաներին օգնել»,- կսկիծով ասում է Սարիբեկը։
Որդու հետ Սարիբեկը վերջին անգամ կապ է հաստատել հոկտեմբերի 14-ին, դրանից հետո զանգերը դադարել են։
Հայրն ասում է՝ դեկտեմբերի 27-ին՝ ժամը 9-անց 15 րոպեին, սրտում ծակոց է զգացել, հուզմունքով նշում է՝ ծնողի զգացողությունը չխաբեց, որդին հենց այդ րոպեին հակառակորդի դեմ մարտում զոհվել է մյուս 5 տղաների հետ միասին։
«Դեկտեմբերի 27-ին մեր 6 երեխաները գիշեր ժամը 3-ից մինչև 9.15 մարտերով նահանջել են Հակակու գյուղից մերձակայք։ 9-ն անց 15 մարտը վերջանում ա»,- ասում է որդեկորույս հայրը։
Սարիբեկն ասում է՝ չի կարողանում համակերպվել, որ իշխանությունը որևէ կերպ չաջակցեց և տղաներին օգնության չհասավ։ «Շատ բաների միջով եմ անցել, բայց չէի պատկերացնում, որ էս բանը պիտի լիներ ինձ: Մեղավոր եմ զգում, որ չեմ կարողացել օգնել իմ որդուն, որովհետև մեզ խաբել են»,- արցունքների միջից ասում է հայրը։
Սասուն Պետրոսյանը ընտանիքի լույսն էր, հենարանը՝ ասում է հայրը։ Սասունը կենսուրախ, աչքերով ժպտացող տղա էր։
Որդու զոհվելուց հետո Սարիբեկն ասում է՝ կյանքը փլվել է, զրոյացել։

«Էսօր աչքիս էլ ոչ մի բան չի գալիս, մի հատ արեգակ եմ կորցրել, մի հատ տան սյուն եմ կորցրել։ էսօր դեղերով եմ ապրում։
Երբ ամսի 14-ին մյուս տղայիս հետ խոսել էր, ասել էր՝ որ ես հանկարծ չգամ, դուք պինդ մնացեք։ Բայց պինդ մնալը ո՞րն ա»,- ասում է Սարիբեկը ու ծանր լռում։
Սասուն Պետրոսյանը հետմահու պարգևատրվել է «Արիության համար» մեդալով։
Արփինե Արզումանյան
MediaLab.am