ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը դուրս է եկել ինքնամեկուսացումից և արդեն վերադարձել է աշխատանքի։ Factor․am-ի հետ զրույցում այս մասին հայտնեց վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Արմեն Խաչատրյանը։
Նիկոլ Փաշինյանի՝ կորոնավիրուսով վարակված լինելու մասին պաշտոնապես հայտարարվել էր հունվարի 26-ին: Հիշեցնենք՝ փետրվարի 1-ից ուժի մեջ մտած նոր որոշման համաձայն՝ սահմանված դեղաչափերով ամբողջական պատվաստված անձինք, նախկին 14 օրվա փոխարեն, ինքնամեկուսացվում են ՊՇՌ հետազոտության նմուշառման օրվանից հաշված 7 օրացուցային օրով: Չպատվաստված անձինք ինքնամեկուսացվում են ՊՇՌ հետազոտության նմուշառման օրվանից հաշված 10 օրացուցային օրով:
Որոշման գործողությունը տարածվում է նաև ուժի մեջ մտնելու օրվա դրությամբ ինքնամեկուսացման մեջ գտնվող անձանց վրա։ Հաշվի առնելով այն հանգամանքը, որ Փաշինյանը պատվաստման ամբողջական դեղաչափ ստացել է՝ նրա համար ինքնամեկուսացման ժամկետը կարող է ավարտված համարվել։