Հայկական կողմը վերջին 1 տարում Ադրբեջանին է փոխանցել առաջին պատերազմից անհետ կորած համարվող 108 անձի մարմին

Հայկական կողմը վերջին 1 տարում Ադրբեջանին է վերադարձել Արցախյան առաջին պատերազմից անհետ կորած համարվող 108 անձի մարմին, առաջիկա օրերին կփոխանցի ևս 2 մարմին: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ԱԺ-ում կառավարության անդամների հետ հարցուպատասխանին անդրադառնալով ՔՊ-ից Արուսյակ Ջուլհակյանի հարցին:

Պատգամավորը հիշեցրեց, որ օրերս Ֆրանսիայի նախագահի և Եվրոպական խորհրդի նախագահի միջնորդությամբ և մասնակցությամբ տեղի է ունեցել Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հեռավար հանդիպումը: Նա խնդրեց տեղեկացնել, թե արդյոք այդ հանդիպման ընթացքում ձեռք են բերվել պայմանավորվածություններ՝ գերիների և անհետ կորածների խնդրի լուծման ուղղությամբ:

ՀՀ վարչապետը պատասխանեց, որ, բնականաբար, քննարկվող կարևոր հարցերից մեկը եղել է հումանիտար հարցերի լուծումը՝ հիշեցնելով, որ այդ հանդիպումից հետո 8 հայ գերի վերադարձել է Հայաստան: Փաշինյանն իր գնահատանքի խոսքը հնչեցրեց Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի և ԵԽ նախագահ Շառլ Միշելի գործադրած ջանքերի առիթով:

«Մենք խոսել ենք նաև առաջին պատերազմում անհետ կորածների ճակատագրի և 44-օրյա պատերազմում անհետ կորած անձանց ճակատագրի մասին: Ադրբեջանն անընդհատ խոսում է այն մասին, որ Ղարաբաղյան առաջին պատերազմից հետո իրենք ունեն շուրջ 4000 անհետ կորած: Ուզում եմ ընդգծել, որ սակայն հայկական կողմը նույնպես ունի անհետ կորածներ, պաշտոնական թվերով 777 անհետ կորած ունենք: Փորձ է արվում ներկայացնել, թե հայկական կողմը նաև այդ հարցում կոնկրետ քայլեր չի ձեռնարկել: Ուզում եմ տեղեկացնել, որ վերջին 1 տարվա ընթացքում ադրբեջանական կողմին է փոխանցվել առաջին պատերազմից անհետ կորած համարվող 108 մարդու մարմին: Առաջիկա օրերին մենք պատրաստվում ենք ևս 2 մարմին փոխանցել»,-ասաց Փաշինյանը՝ հավելելով, որ մինչև այժմ ՀՀ-ն չի հրապարակել, որ այդքան մարմիններ է վերադարձրել, քանի որ համարում է, որ դա հումանիտար հարց է, միջազգային դիվիդենտներ հավաքելու հարց չկա:

Հայկական կողմը 108 մարմինները վերադարձրել է առանց նախապայմանների: «Որովհետև մենք ճիշտ չենք համարում, որ դա դառնա ինչ-որ սակարկության առարկա, որովհետև հումանիտար հարցերը սակարկության առարկա չպետք է լինեն: Նույնպես վերաբերվել ենք նաև ականապատ դաշտերի քարտեզների հետ՝ վերադարձնելով առանց պայմանի, որ դա չդառնա սակարկության առարկա: Որովհետև մենք չենք կարծում, թե պետք է մարդկանց ճակատագրով սակարկենք»,-ասաց Փաշինյանը:

Վարչապետը վստահեցրեց, որ այս թեմայով Հայաստանն աշխատանքը սկսել է դեռևս 2020-ի մեկնարկին, երբ Անվտանգության խորհրդի նիստում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների միջնորդությամբ քննարկել են, և ինքը հանձնարարականներ է տվել, որ այդ հումանիտար հարցերը պետք է կարգավորվեն: «Եվ մենք ակնկալում ենք, որ ոչ միայն ղարաբաղյան 1-ին պատերազմի, այլ նաև 44-օրյա պատերազմի մեր անհետ կորածների ճակատագրի պարզման հարցում նույնպես մեզ կհաջողվի համագործակցություն հաստատել: Մենք 44-օրյա պատերազմից հետո ունենք գտնվելու վայրը անհայտ 217 անձ: Եվ այո, պայմանավորվածություն է ձեռք բերվել անհետ կորածների ճակատագրի պարզման հարցով համագործակցել»,-ասաց Փաշինյանը՝ հույս հայտնելով, որ ադրբեջանական կողմն էլ կոնկրետ քայլեր կանի այդ հարցում:

Նա հիշեցրեց ԵԽԽՎ-ի հստակ դիրքորոշումը, որ գերեվարված անձինք պետք է վերադարձվեն: