Հայրիկյանի գործով. Սերժ Սարգսյանը գոհունակություն է հայտնել իրավապահ մարմինների կատարած աշխատանքի կապակցությամբ

Հայրիկյանի  գործով. Սերժ Սարգսյանը գոհունակություն է հայտնել իրավապահ մարմինների կատարած աշխատանքի կապակցությամբ
Հայրիկյանի գործով. Սերժ Սարգսյանը գոհունակություն է հայտնել իրավապահ մարմինների կատարած աշխատանքի կապակցությամբ

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր իրավապահ կառույցների ղեկավարների մասնակցությամբ խորհրդակցություն է անցկացրել ընտրական գործընթացի շրջանակներում ՀՀ նախագահի բոլոր թեկնածուների անձնական անվտանգության, ինչպես նաև ընտրություններին նրանց լիարժեք և իրավահավասար մասնակցության ապահովման խնդիրների վերաբերյալ:
Մասնավորապես, քննարկվել են ՀՀ նախագահի թեկնածուների քաղաքական բնականոն գործունեության ապահովման սահմանադրաիրավական և միջազգային երաշխիքները, ինչպես նաև դրանց իրացմանն ուղղված պետության պարտավորությունների առավել գործուն և արդյունավետ կատարման հարցերը:

Այս մասին տեղեկացնում է ՀՀ նախագահի պաշտոնական կայքէջը:

Ինչպես տեղեկացնում է հաղորդագրությունը, խորհրդակցության ընթացքում ՀՀ կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայության (ԱԱԾ) տնօրենը տեղեկություններ է ներկայացրել նաև ՀՀ նախագահի թեկնածու Պարույր Հայրիկյանի դեմ կատարված մահափորձի փաստի առթիվ հարուցված քրեական գործով իրականացվող նախաքննության ընթացքի վերաբերյալ:

ԱԱԾ տնօրենը նշել է, որ հանցագործության բացահայտման առումով արդեն առկա են որոշակի արդյունքներ, որոնք թույլ են տալիս հստակ քայլեր իրականացնել գործի բոլոր էական հանգամանքների հետագա պարզաբանման համար:

Հանրապետության Նախագահը գոհունակություն է հայտնել նշված գործով իրավապահ մարմինների կատարած աշխատանքի կապակցությամբ:

Հիշեցնենք, որ Պարույր Հայրիկյանի դեմ մահափորձ էր կատարվել հունվարի 31-ին:

Ազգային անվտանգության ծառայությունն այսօր պաշտոնապես հայտարարել էր, թե Պարույր Հայրիկյանի դեմ մահափորձ կատարելու կասկածանքով ձերբակալվել է երկու մարդ, ովքեր, ըստ ԱԱԾ-ի, Երևան քաղաքում են գտնվել «ոչ լեգալ կարգավիճակում»: Ըստ նույն հայտարարության` ձերբակալվածներ Խաչատուր Պողոսյանն ու Սամվել Հարությունյանն արդեն տվել են ինքնախոստովանական ցուցմունքներ: Ավելին, ԱԱԾ-ն արդեն տարածել է նրանց լուսանկարները:

Հատկանշական է, որ այս ձերբակալությունը հաջորդեց նախագահի թեկնածու Պարույր Հայրիկյանի` նախօրեին արած այն հայտարարությանը, թե դիմում է Սահմանադրական դատարան` ընտրությունների ժամկետը երկու շաբաթով հետաձգելու պահանջով:

© Medialab.am