ԱԺ հանձնաժողովին է ներկայացվել Հաշվեքննիչ պալատի նախագահի պաշտոնում Ատոմ Ջանջուղազյանի թեկնածությունը

ՀՀ ազգային ժողովի ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովը քննարկում է Հաշվեքննիչ պալատի նախագահի թափուր պաշտոնի համար ներկայացված Ատոմ Ջանջուղազյանի թեկնածության հարցը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Ջանջուղազյանի թեկնածությունը ներկայացրել է «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը:

Ջանջուղազյանի թեկնածությունը ներկայացրել է ՔՊ խմբակցության պատգամավոր, հանձնաժողովի նախագահ Գևորգ Պապոյանը:

Հանձնաժողովի անդամ Իշխան Զաքարյանը սատարեց նրա թեկնածությունը՝ համոզվածություն հայտնելով, որ կառույցի համար լավ նախագահ կլինի: Սակայն պատգամավորը կարծիք հայտնեց, որ Ջանջուղազյանը, ընտրվելով նախագահի պաշտոնում, շատ վատ ժառանգություն կստանա Հաշվեքննիչ պալատի մասին գործող օրենքի առումով: «Գործող օրենքը, ցավոք սրտի, ունի բազմաթիվ թերություններ: Գործող օրենքը ստիպում է ուղղակի, որ այդ կառույցը բազմաթիվ հարցերի մոտենա ձևական, ոչ բովանդակային, ոչ էլ օգտակարության գործակիցը բարձր պահելու առումով»,-ասաց Զաքարյանն ու կարծիք հայտնեց, որ առաջին խնդիրը պետք է լինի օրենքն ուժեղացնելը:

Ատոմ Ջանջուղազյանն էլ ասաց. «Հանրությունն օրինաչափորեն ձևավորել է պահանջարկը՝ ստանալու հանրային հարստության կամ ունեցվածքի կառավարման վերաբերյալ անկողմնակալ, օբյեկտիվ և մասնագիտական գնահատական: Բարձրագույն հաշվեքննիչ մարմինները ձևավորվել են հենց այս տրամաբանությամբ և եկել են բավարարելու այս պահանջարկը: Բարձրագույն հաշվեքննիչ մարմինները հանրային հարստության կառավարման մասն են, պարզապես նրանց առանձնահատկությունը կայանում է նրանում, որ կոչված են գնահատելու մյուս ինստիտուտների կողմից հանրային հարստության կառավարման գործընթացը և դրա վերաբերյալ հանրությանը եզրակացություն տալու»:  

Նա շեշտեց՝ հաշվեքննիչ պալատը գործում է բացառապես հանրային պատվիրատվությամբ և դրա գործունեության շահառուն հանրությունն է: Անդրադառնալով Իշխան Զաքարյանի դիտարկմանը՝ կապված գործող իրավակարգավորումների հետ՝ Ջանջուղազյանն ասաց. «Չեմ կարծում, թե երբևէ կարելի է արձանագրել, որ մենք հասել ենք իրավակարգավորումների մի մակարդակի, որն այլևս փոփոխության ենթակա չէ: Լինելով համեմատաբար ավելի պահպանողական և փոփոխությունների նկատմամբ ավելի զգայուն՝ այդուհանդերձ, կարծում եմ, որ իրավակարգավորումները չհիմնավորված և անտրամաբանական կլինեն, եթե դրա համար գործող պայմանները փոփոխված լինեն, բայց դրանք չհամապատասխանեցվեն այդ փոփոխված պայմաններին»:

Ջանջուղազյանը, անդրադառնալով Հաշվեքննիչ պալատի առաջնահերթություններին, նշեց, որ երկու հանգամանք պետք է ուշադրության արժանանա՝ հանրային հարստության կառավարման օրինականությունը և արդյունավետությունը: Թեկնածուն պատասխանում է պատգամավորների հարցերին: