Ավելանում են Ռուսաստանի խնդիրները՝ թե՛ մարտադաշտում, թե՛ ռուսական տնտեսական դաշտում, բայց ուկրաինացիների տառապանքը չի նվազում բոլորովին․ Բադալյան

Քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․

«Ուկրաինական պատերազմի առաջին օրերից հայկական համացանցում անընդհատ հիշեցումներ են, որ 44-օրյա պատերազմում աշխարհը լուռ էր, իսկ Ուկրաինայի դեպքում՝ «իրեն կոտորում» է:

Նախ, կարծում եմ արժե արձանագրել, որ «քաղաքական աշխարհն» իրեն ոչ թե Ուկրաինայի, կամ ուկրաինացիների, այլ իր համար է «կոտորում», որովհետեւ ուկրաինական հանրության տառապանքը դարձել է քաղաքական ռազմավարական կարեւոր խնդիրներ լուծելու միջոց:

Խոշոր հաշվով, «աշխարհի» իրեն կոտորելուց այդ տառապանքը չի նվազում: Այո, ավելանում են Ռուսաստանի խնդիրները՝ թե մարտադաշտում, թե ռուսական տնտեսական դաշտում, բայց ուկրաինացիների տառապանքը չի նվազում բոլորովին: Ավելին, կարող ենք դիտարկել անգամ, որ Ռուսաստանի համար ավելացնելով այդ խնդիրները, մեծ հավանականությամբ ավելացնում են նաեւ Ռուսաստանի ագրեսիվությունն ու դաժանությունը, ըստ այդմ՝ ուկրաինացիների տառապանքը:

44-օրյա պատերազմի դեպքում, քաղաքական աշխարհի ճնշող մեծամասնությունը լուռ էր, եւ ամբողջ քաղաքական աշխարհը՝ անգործ, որովհետեւ քաղաքական խնդիրների լուծումը պահանջում էր «չկոտորել իրեն»: Ինչու՞ էր այդպես, կամ ինչու է այդպես:

Համաշխարհային կյանքը այդպես է միշտ: Սա երկար խոսակցության նյութ է: Այդ խոսակցությունը պետք է լիներ, եւ պետք է լինի Հայաստանի հասարակական-քաղաքական կյանքի առօրյա աշխատանքի մի մաս, ինչի համար պետք է ինստիտուցիոնալության որոշակի մակարդակ: Դրա համար երկրում պետք է բանակից բացի անվտանգության հարց դիտվեր որակյալ մեդիադաշտի ձեւավորումը, որակյալ ուղեղային կենտրոնների ձեւավորումը, որպեսզի Հայաստանի հանրությունը առավոտյան թերթերը բացելիս ոչ թե մի ուժի հանդեպ մյուս ուժի պատվերով բամբասանք կարդար, կամ հետո լսեր այդ բամբասանքը տարատեսակ ռադիոլրատվականների մամուլի տեսություն համարվող թողարկումներով, այլ քաղաքական բովանդակություն»: