«Պիեսը շատ կարեւոր դասեր ունի բոլորիս համար»․ Վանաձորի դրամատիկական թատրոնում տեղի կունենա «Արտավազք» բեմադրության առաջնախաղը

Թատրոնի միջազգային օրը Վանաձորի Հովհաննես Աբելյանի անվան պետական դրամատիկական թատրոնում տեղի կունենա Սամվել Խալաթյանի «Արտավազք» պիեսի բեմադրության առաջնախաղը:

Բեմադրության ռեժիսորը Արեն Օսիպյանն է.

«Ներկայացումը բավականին սպասված էր մեր ժամանակների համար: Ինչպես գիտենք, թատրոնն այնպիսի միջավայր է, որը հանդիսատեսին թույլ է տալիս հայտնվելու այլ աշխարհի իրականության մեջ, տարածաշրջանային այլ հարթության մեջ, եւ այդ տիրույթը պետք է կարողանա հանդիսատեսի վրա թողնել՝ կրթության ու մշակութային ժամանցի իր բարերար ազդեցությունը: Ես կարծում եմ, որ այս պիեսը շատ կարեւոր դասեր ունի բոլորիս համար: Նախ վեր է հանում հանրության բոլոր տիպի արատները եւ ըստ էության, եթե անգամ չի տալիս այդ արատների շտկման բանալիները, գոնե թողնում է մտածելու տեղ, թե մենքը ի՞նչը չենք արել, որ այսօր ունենք հանրության այսպիսի շերտեր»,- ասում է դրամատիկական թատրոնի տնօրեն Լուսինե Սահակյանը:

Պիեսի հենքում հայոց արքա Արտավազդ առաջինն է, որն ինչ-որ հրաշքով հայտնվում է մեր օրերում, օթեւանում 5 աստղանի «Արտավազդ» հյուրանոցում: Վերջինս բախվում է այն իրականությանը, որ երկիրն իր հասարակական-ազգային-պետական սկզբունքներից արտավազքի մեջ է հայտնվում.

«Այստեղ Արտավազդ արքայի եւ իրականության բախումն է: Իրականությունը չի հարմարվելու արքայի հետ, որովհետեւ ինքն է եկել այլ ժամանակներ եւ ստիպված ինքը պետք է փորձի հարմարվել: Բայց քանի որ իր եւ իրականության մեծ այդ վիհը շատ մեծ է, ինքը պետք է ստիպված նաեւ հեռանալու որոշում կայացնի»:

Լուսինե Սահակյանի խոսքով՝ մտավախություն չեն ունեցել, որ գուցե պատմական վեպը ավելի ժամանակակից ներկայացնելու դեպքում, հանդիսատեսի կողմից դրական արձագանք չստանա.

«Ըստ էության պատմականությունը մնում է միայն արքայի կերպարի մեջ: Յուրաքանչյուր գեղարվեստական գործ, երբ որ դրամատուրգն ու ռեժիսորը փորձում են համադրելի արդյունք ստանան, ես չեմ կարծում, որ չընդունվի: Կարծում եմ սա դառնալու է թատրոնի սիրված ներկայացումներից, որովհետեւ ասելիքով ինքը խիստ արդիական ներկայացում է»:

Թատրոնի տնօրենը տեղեկացրեց նաեւ, որ թատրոնի միջազգային օրվա կապակցությամբ իրենք «Երկիր հայրենի» ներկայացումով կմասնակցեն նաեւ «Արտավազդ» մրցանակաբաշխությանը: