Եթե պաշտոնական Երեւանը դիմում է ԵԱՀԿ ՄԽ` ժամանակ շահելու նպատակով, դա արդյունավետ ճանապարհ չէ․ Սուրենյանց

«Դեմոկրատական այլընտրանք» կուսակցության խորհրդի նախագահ Սուրեն Սուրենյանցը ֆեյսբուքյան իր էջում գրում է․

«Այլընտրանքը պատերազմն է։

Ադրբեջանը 5 առաջարկություն է ներկայացնում Հայաստանին` խաղաղության պայմանագիր կնքելու նպատակով։ Հայաստանը դիմում է ԵԱՀԿ ՄԽ-ին` Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագիր կնքելու բանակցություններ սկսելու նպատակով։ Երկու նկատառում` այս թեմայով։

Առաջին, պատերազմից հետո ԵԱՀԿ ՄԽ համանախագահություն, որպես այդպիսին, գոյություն չունի` փաստացի։ Այս ձեւաչափը առավել եւս չի գործելու Ռուսաստան- Արեւմուտք հակադրության համատեքստում։Երկրորդ, ՄԽ համանախագահության մանդատը տարածվում է ԼՂ խնդրի վրա։ Եթե պաշտոնական Երեւանը դիմում է միջնորդներին, տրամաբանական է ենթադրել, որ ընդունում է, թե Հայաստան- Ադրբեջան խաղաղության պայմանագիրը տարածվում է նաև ԼՂ խնդրի, Արցախի կարգավիճակի վրա։

Կարծում եմ` առաջին փուլում ավելի նպատակահարմար է Հայաստան- Ադրբեջան ուղղակի դիալոգը, որի որոշակի արդյունքը, հատկապես` ԼՂ խնդրի մասով, կարող է ֆորմալիզացվել ԵԱՀԿ ՄԽ համանախագահության, նաև` ՄԱԿ ԱԽ-ի կողմից։ Խոսքը հնարավոր համաձայնություններն ամրապնդող միջազգային երաշխիքների մասին է։

Իհարկե, այս գործընթացում առաջնային դերակատարություն վերապահված է Ռուսաստանին։ Ասածս այն է, որ եթե պաշտոնական Երեւանը դիմում է ԵԱՀԿ ՄԽ` ժամանակ շահելու նպատակով, դա արդյունավետ ճանապարհ չէ ու ավելի խորացնելու է ճգնաժամը։

Հայ- թուրքական հարաբերությունները կարգավորել է պետք, Հայաստանի ու Ադրբեջանի միջեւ խաղաղության պայմանագիրն այլընտրանք չունի։

Սա Նիկոլ Փաշինյանը պետք է գիտակցի, եթե նույնիսկ քարկոծվի հասարակության մեծամասնության կողմից։ Այլընտրանքը պատերազմն է, որը կարող է հարվածի տակ դնել Հայաստանի պետականությունը ու հայաթափել Արցախը»։