Հայ-ռուսական հարաբերությունների «բազմակողմ» և երկկողմ ձևաչափեր. միֆեր և իրականություն

Հայ-ռուսական հարաբերությունների «բազմակողմ» և երկկողմ ձևաչափեր. միֆեր և իրականություն
Հայ-ռուսական հարաբերությունների «բազմակողմ» և երկկողմ ձևաչափեր. միֆեր և իրականություն

Հայաստանի արտաքին քաղաքականության հյուսիսային ուղղությունն ու միջավայրը գնահատելիս, թերևս, բնական կլիներ անմիջապես սկսել Հայաստան-Ռուսաստան հարաբերություններից: Այդուհանդերձ, նախևառաջ անդրադառնանք բազմակողմ ֆորմատներին՝ ԱՊՀ-ին, ՀԱՊԿ-ին, ԵԱՏՄ-ին: Այդ կառույցները տարիներով ու տասնամյակներով Հայաստանի հանրությանը ներկայացվել ու ներկայացվում են որպես Հայաստանի անվտանգության ու տնտեսական զարգացման հատուկ կամ առանցքային ուղղություններ:

Իրականում վերոհիշյալ կազմակերպություններն առավելապես հիշեցնում են Խորհրդային Միության ուրվականը, և մեծ գաղտնիք ասած չենք լինի, եթե կրկնենք բոլորին քաջածանոթ թեզը. դրանք առաջին հերթին ստեղծվել են այդ կառույցներում առաջատար պետության՝ Ռուսաստանի շահերը պաշտպանելու ու հետխորհրդային տարածքում նրա բացառիկ ազդեցությունը պահպանելու և  անհամեմատ ավելի քիչ չափով մյուս անդամ երկրների շահերը սպասարկելու նպատակով:

ԱՊՀ-ի մասին երկար խոսելն իմաստ չունի. այն առանձնապես մեծ բան չի ավելացնում անդամ երկրների կյանքում: Ավելին, այդ կառույցը հերթով լքեցին այն երկրները, որոնք հակամարտություն ունեցան Ռուսաստանի հետ (Վրաստան, Ուկրաինա):

Ինտեգրացիոն հարթություն կամ ԵԱՏՄ. որքան էլ Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը Մյունխենի անվտանգության կոնֆերանսում վերջերս հայտարարեց, թե ավարտվել է ինտեգրացիոն կառույցների առումով եվրոպական մենաշնորհի ժամանակաշրջանն ու ակնարկեց ԵԱՏՄ-ը որպես ԵՄ-ին մրցակից ինտեգրացիոն նախագիծ, այդուհանդերձ, դրա կայացվածության մասին չափազանց վաղ է խոսել: Նույն ԵԱՏՄ-ի պետություններում, օրինակ, հայկական ապրանքների մասնաբաժինը շատ փոքր է մնում, ինչը նշանակում է, որ այդ կառույցում չկա բազմակողմ ինտեգրացիա: Սակայն դրա փոխարեն այդ շուկայում անհամեմատ ավելի մեծ մասշտաբներով կան այլ պետությունների ապրանքներ, որոնք այս կազմակերպության անդամ չեն: Այս ամենով հանդերձ՝ պատահական չէ, որ այդ կառույցներին անդամակցելու ցանկություն ունեցող նոր պետություն չկա:

Ամփոփելով նշենք, որ Հայաստանի ու Ռուսաստանի “մաքուր” երկկողմ հարաբերություններ կարծես թե գոյություն չունեն, ու տարիների ընթացքում դրանք սերտորեն կապվել են այդ կառույցներում Հայաստանի անդամակցել-չանդամակցելու, մնալ-չմնալու հետ: Դա այն դեպքում, երբ այդ կառույցներն ունակ չեն բավարար չափով լրացնելու այն, ինչը պակասում է Հայաստանին՝ անվտանգային, տնտեսական ու այլ առումներով: Դա վերաբերում է և՛ օտարերկրյա ներդրումներին, և՛ տնտեսական ու ժողովրդավարական զարգացմանը, և՛ ռազմա-քաղաքական անվտանգությանը:

Եթե, մի կողմից, նշված կառույցներից Հայաստանի կամ անդամ այլ պետությունների առնվազն բավարար չափի օգուտները դեռևս տեսանելի չեն, մյուս կողմից, այդ միությունները կա՛մ սահմանափակել են, կա՛մ էլ փաստացի դուռ են փակել դեպի Հայաստան արևմտյան աշխարհի զարգացած երկրների խոշոր ներդրումների ցանկալի հոսքի առջև: Հայաստանը ԵԱՏՄ Մաքսային գոտու անդամ է, իսկ դա արդեն նշանակում է, որ Հայաստանն ինքնուրույն մաքսային ու այլ քաղաքականություններ վարելու ինքնիշխանություն չունի: Սրան էլ հավելենք այն, որ ԵՄ-ը փաստացի չի ճանաչում ԵԱՏՄ-ը որպես ինստիտուցիոնալ միավոր, ներառյալ՝ Արևմուտքի ու Ռուսաստանի սրված հարաբերությունները: Այս բոլորն էապես ազդում են Հայաստանի, նրա տնտեսական ու քաղաքական գրավչության վրա:

Ռազմա-քաղաքական հարթություն. Արժե հիշել, որ ՀԱՊԿ-ն ավելի շուտ ստեղծվել է միջազգային ահաբեկչության դեմ պայքարելու համար: Այս պետությունների մեջ միասնություն գոյություն չունի ամենակարևոր հարցերում: Դաշինքի անդամները “բիզնես հիմնավորումով” լրջագույն զենքեր, անգամ զանգվածային ոչնչացման զենքեր են վաճառում մեկ այլ անդամի, ասենք՝ Հայաստանի հակառակորդին: Վստահություն չկա, որ ՀԱՊԿ մեխանիզմները, անհրաժեշտության դեպքում, նրա անդամ պետությանը կպաշտպանեն օրինակ ԱՊՀ մեկ այլ անդամ պետության անմիջական ագրեսիայից: Անհնար է պատկերացնել, որ մեկ այլ ռազմաքաղաքական դաշինքի, օրինակ, ՆԱՏՕ-ի դեպքում որևէ երրորդ երկրի մտքով անցնի սպառնալ ԱՄՆ-ի կամ ՆԱՏՕ-ի անդամ այլ երկրների դաշնակցին:

Այսօր մեծ քայլերով կրկին մերձենում են Ռուսաստանը և Թուրքիան: Հայոց պատմությունը, ցավոք, ցույց է տվել, որ հայ ժողովուրդը հավասարապես տուժել է թե՛ նրանց չափազանց մերձեցումից, թե՛ նաև առճակատումից:  Նույնը կարելի է ասել նաև Ռուսաստան-Ադրբեջան ռազմավարական մերձեցման մասին. ոչ վաղ անցյալում դրանք նախկին Խորհրդային Միության  զորքի «կրակոցներն» էին Երևանում կամ «օղակ» ռազմական գործողությունն Արցախում իր բոլոր ողբերգական հետևանքներով: Ինչպե՞ս ենք մենք որոշելու Արցախի հետ կապված հարցերը Ռուսաստանի հետ կապված՝ հաշվի առնելով Մոսկվայի և Բաքվի տնտեսական շահերը: Սա մի կարևոր հարց է, որին պատասխանելու համար պատմական փորձը ոչ բավարար է, ոչ էլ սպառիչ, թեպետ կարևոր է:

Հայաստանի ու Ռուսաստանի փոխադարձ ընկալումներում ու միմյանց շահերի գնահատականներում շատ բան է փոխվել ու ոչ ամենևին դրական ուղղությամբ:

Հայաստանի արտաքին քաղաքականությունը պետք է ծառայի Հայաստանի ներքին քաղաքականության շահերին, ու նաև՝ երկիրը ժամանակակից  աշխարհի առջև փակվելու շռայլություն իրեն թույլ տալ չի կարող: Հայաստանը պետք է աշխատի խոր և լավ հարաբերություններ ունենալ աշխարհի հզոր պետությունների հետ:

Մեր իսկ պատմությունն է վկայել, որ չափից դուրս վստահությունն օտարի նկատմամբ ու նրանից խոր կախվածությունը հաճախ է փակել մեր աչքերն այնքան, որ դադարել ենք տեսնել ճշմարտությունը:

Անկախ պետությունները, անկասկած, վարում են արտաքին  քաղաքականություն: Անկախ պետությունը ենթադրում է անկախ քաղաքական մտածողություն: Ուժեղ Հայաստանը պետք է միայն Հայաստանի քաղաքացիներին:

Այսօրվա մեր խնդիրները երեկվա հավատի, վստահության, սխալ գնահատականների և երևույթների հետևանքն են: Բազմիցս լսել ենք, որ Հայաստանի և Ռուսաստանի միջև հարաբերությունները հատուկ են: Այո, Ռուսաստանը Հայաստանի ու տարածաշրջանի կյանքում կարևոր պետություն է, որին անտեսել հնարավոր չէ: Բայց նաև երկկողմ հարաբերություններում առկա ու կուտակված խնդիրներն անտեսել հնարավոր չէ: Մեր հարաբերությունները ենթակա են արդյունավետ վերակառուցման ոչ միայն երկկողմ, այլ նաև բազմակողմ ձևաչափերում:

Խորհրդային Միության փլուզումից հետո ձևավորված բոլոր դաշինքները, միություններն այլևս հարաբերությունների մի այնպիսի ձևաչափ են, որոնցով առավելապես խոչընդոտվում են նորանկախ պետությունների ինքնիշխան քաղաքականություններ վարելու իրավունքը, սահմանափակվում են ներդրումային և նոր տեխնոլոգիաների ոլորտում բացառիկ հնարավորություններով ու զարգացած երկրների մուտքը նրանց տարածք: Դա իհարկե շահավետ է այդ կառույցներում դոմինանտ երկրի համար, բայց արդյո՞ք շահավետ է Հայաստանի համար:

Մի հարցի շուրջ զգուշավոր մերձեցումը և այլ հարցերում հստակ սահմանազատումը կօգնեն խուսափել ապագայում տարբեր անցանկալի իրավիճակներից:

Մեր յուրաքանչյուր քայլ պետք է բխի Հայաստանի, այլ ոչ թե այն կազմակերպությունների ազգային շահերից, որոնց կազմում ընդգրկված է Հայաստանն այսօր:

Հայաստանին անհրաժեշտ է նոր և համապարփակ պայմանագրային հենք բոլոր առանցքային երկրների հետ՝ սկսած Ռուսաստանից, որը մեր երկրի և քաղաքացիների շահերից է բխում: Սա պետք է լինի նոր բովանդակությամբ և իմաստով պայմանագիր, որտեղ կլինեն ոչ միայն գեղեցիկ խոսքեր, այլև երաշխիքներ, որոնք հիմնականում տարբերվում եմ այսօրվա “երաշխիքներից”:

Մենք պետք է ազատվենք մտացածին արգելքներից, անիրական ցնորքներից, նախապաշարմունքներից, վախից, որը ներշնչել են մեր ժողովրդին, օտարի հանդեպ հավերժական ու միակողմանի երախտագիտության զգացումից: Մեր ժողովուրդը միշտ իր պարտքը մարել է՝ բոլորին տալով նշանավոր դերասաններ, արվեստագետներ, կոմպոզիտորներ, գիտնականներ, ռազմական առաջնորդներ, ում ազգանունները լավ գիտենք: Բայց քաղաքականությունը երկկողմ երթևեկություն ու պարտավորություն է, որտեղ յուրաքանչյուրը պետք է բավարարի իր շահերը:

Սույն հոդվածի թեզերը զեկուցվել են փետրվարի 23-ին տեղի ունեցած ՄԱՀՀԻ IV երիտասարդական ֆորումում:

Գոռ Մեսրոպյան

Ժողովրդավարության XVI դպրոցի շրջանավարտ

Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտ (ՄԱՀՀԻ)