Գոյության տարածք. Գուրգենն ու Սամվելը

Լոռու մարզի Հոբարձի գյուղում օրը դեռ նոր էր կիսվել, դպրոցաhասակ մի երեխա, մեծ տոպրակն ուսին գցած, դեպի մոխրագույն դռներով գործարանի տարածք է շտապում։ Ներսում տոպրակը ձեռքից վերցնում է երիտասարդը: Տոպրակի մեջ հին տետրեր են, գրքեր, օրացույց, կոշիկի տուփեր, հին ամսագրեր, որի դիմաց իր հասանելիք գումարը վերցնելով ուրախ-ուրախ հեռանում է։

Գյուղում թղթի թափոնների գործարանը դեռ մեկ տարուց քիչ ժամանակ է, ինչ սկսել է գործել, բայց տեղացիներն արդեն տեղը լավ գիտեն։ Գիրք, տետր, ծխախոտի ու խմորեղենի տուփեր, վերանորոգումից հետո ավելացած պաստառներ, արկղեր ու թղթից ինչ ասես, եթե ձեռքներն է ընկնում, աղբի հետ չեն խառնում, ուղիղ գործարան են բերում։ Ինչպես իրենք են ասում՝ հաճելին օգտակարի հետ են համատեղում։ Աղբ գցելու փոխարեն հանձնում և փոխարենը գումար են ստանում, իսկ դրանք վերամշակման փուլ անցնելուց հետո երկրորդ կյանք են ստանում՝ վերածվելով հիգիենիկ թղթի ու տոպրակների: 

«Գիտեի՞ք, որ ընդամենը մեկ տոննա թղթի վերամշակումը կարող է խնայել 17 ծառ, 26.000 լիտր ջուր և բավականաչափ էներգիա»,- հարցնում է Հոբարձիի «Էկոթուղթ» ընկերության համահիմնադիր Գուրգեն Միրզոյանը: Միրզոյանը 31 տարեկան է։ Տարիներ առաջ ընկերոջ՝ 28-ամյա Սամվել Աղաբեկյանի հետ սկսեցին բնապահպանական խնդիրներն ուսումնասիրել ու որոշում կայացրին թղթի վերամշակման գործարան բացել Արցախում։ 

2018-ին դեռ 24 և 27 տարեկան ընկերները բնապահպանական խնդիրներով էին մտահոգված։ Ասում են՝ ամեն քայլափոխի, նույնիսկ պատմամշակութային հուշարձաններում հանդիպող աղբը, տարեցտարի ամբողջ աշխարհում կրճատվող անտառների ու կանաչ տարածքների ծավալները տեղիք տվեց այս ուղղությամբ ոչ միայն լուրջ մտածելու, այլև գործելու։

«Մենք առանց գիտակցելու, որ նույն պոլիէթիլենը, պլաստիկը, հայտնվելով հողի վրա, անձրևներից իրենց քիմիական բաղադրության մի մասը տալիս են ջրին, որով ոռոգվում է միրգ-բանջարեղենն ու հագենում ծանր մետաղներով, անխնա աղտոտում ենք մեր միջավայրը։ Անհնար է, որ որևէ մեկը փողոցով, բակում քայլելիս տեսած չլինի գետնին գցած տարատեսակ աղբը։ Այս ամենն էր, որ մեզ մտահոգեց ու մտահղացում տվեց»,- ասում է Գուրգենը։

Երիտասարդ ընկերները մտահղացումը կյանքի կոչելու համար իրենց ունեցած խնայողություններով, վարկերով ու հարազատների օգնությամբ Ստեփանակերտում գնեցին թղթի մշակման հոսքագիծ, նաև կազմակերպչական մեծ աշխատանք կատարեցին՝ բազմաթիվ պայմանավորվածություններ ձեռք բերելով տարբեր ընկերությունների հետ թե՛ թուղթ ընդունելու, թե՛ արդեն պատրաստի արտադրանքը վաճառելու։

«Արդեն գրեթե ամեն ինչ պատրաստ էր, ներդրումն արված էր, և սկսվեց կորոնավիրուսը։ Համաճարակի հետևանքով ամեն ինչ անորոշ ժամանակով դադարեցրինք, առանց իմանալու, որ դրան նաև պատերազմն է հաջորդելու, որը ամբողջությամբ մեր սկսած գործը ի չիք է դարձնելու»,- պատմում է Գուրգենը։

Գուրգենն ասում է՝ հոսքագիծն այդպես էլ Արցախում չգործարկվեց։ Դժվարությունների կողքին նաև երիտասարդ տղաների մեծ հիասթափությունն էր, բայց կամքի ուժը, ի վերջո, հաղթեց։ 2021-ին տղաները որոշեցին հոսքագիծն ու մտահղացումը Հայաստան տեղափոխել ու այդպես էլ արեցին։

Ասում են՝ Արցախում ստեղծված անորոշ իրավիճակում նոր ներդրումներ անելու հեռանկարը հուսադրող չէր, ու տղաները գտան բեռնատար, որը պատրաստ էր ռուս խաղաղապահների օգնությամբ մոտ 1,5 մ լայնությամբ ու 10 մ երկարությամբ հոսքագիծը տեղափոխել։ 

Տեղափոխման գործընթացը, ի զարմանս տղաների ու կողքից շրջանառվող լուրերի, հարթ անցավ։ 

Հոսքագիծը տեղափոխվեցին Լոռու մարզ։ Գուրգենն ասում է՝ թվում էր, թե ինչ-որ խանգարող ուժ կա, որ անընդհատ իրենց դեմ է աշխատում, բայց ամեն ինչ հաղթահարելով, լրացումներ և աշխատանքներ անելով արդեն 2023-ի հոկտեմբերին հոսքագիծը գործարկվում է, և կազմակերպությունը սկսում է իր աշխատանքը: 

«Երբ հոսքագիծը տեղափոխում էինք, չէինք մտածում, որ Արցախը կորցնելու ենք։ Գործարանի որոշ սարքեր այդպես էլ մնացին, դրանք չկարողացանք հետագայում տեղափոխել։ Մեր գործունեության բոլոր փուլերն էլ լի են եղել դժվարություններով, բայց հաղթահարեցինք ու սկսեցինք աշխատել»,- պատմում են հիմնադիրները։

Ընկերությունը զբաղվում է թղթի վերամշակմամբ, արտադրում են հիգիենիկ թուղթ ու թղթե տոպրակներ։ Ներկայումս ունի թղթի թափոնների ընդունման կետ Լոռու մարզում, իսկ մյուս մարզերից և մայրաքաղաքից հատուկ օրերի ընկերությունն է շրջիկ մեքենայով մոտենում, վերցնում։

Հիմա արդեն ընկերությունը կարող է որոշակի հաջողությունների մասին խոսել։ Արցախում չիրականացած երազանքը Հայաստանում կյանքի կոչվեց, ծավալները վկայում են, որ հետզհետե կավելանան: 

Եթե գործարանի բացման ժամանակ հիգիենիկ թղթի ծավալները 1000-ի էլ չէին հասնում, այսօր արդեն ամսական 2000-ից ավելի թուղթ են արտադրում։ 

«Թղթե տոպրակներն առայժմ ձեռքով ենք պատրաստում, հենց հնարավորություն եղավ նոր ներդրում անելու, այս աշխատանքն էլ կավտոմատացնենք։ Մարդիկ մեր տեղը գիտեն: Արցախում միակը պիտի լինեինք, այստեղ, ճիշտ է, մրցակցություն կա, բայց մենք կարողանում ենք որակ ապահովել»,- նշում է Գուրգենը։ 

Նա նշում է, որ իրենց հետ հիմնականում Երևանից են կապվում, մարդիկ, որոնց համար բնությունը, վերամշակումը, էկո ապրելալակերպը կենսակերպ է, գաղափարներն էլ հասանելի, թափոններ են առաջարկում, ուրիշներին ուղղորդում իրենց մոտ: 

«Տոպրակների պատվերներն օնլայն են լինում, իսկ հիգիենիկ թղթերը վաճառակետերին ենք հանձնում: Այսօր միայն Լոռու մարզում ենք բաժանում, երբ արտադրանքի ծավալներն ավելանան, այլ մարզերն էլ կդիտարկենք»,- ասում են երիտասարդները։

Նրանք նաև իրազեկման արշավներ են իրականացնում, ռադիոյով խոսում այդ մասին, համացանցում են ակտիվ գովազդում ու բնապահպանական խնդիրների, աղբի տեսակավորման, թափոնների ընդունման կարևորության մասին խոսում, պաստառներ են փակցնում։ 

Առաջիկայում նախատեսում են նաև աղբի տեսակավորման, թափոնների հավաքման կետեր ունենալ։ Տարբեր կառույցների հետ կան արդեն նախնական պայմանավորվածություններ։ 

Ասում են՝ ամենօրյա արշավները միշտ էլ իրենց արդյունքը տալիս են, գուցե՝ դանդաղ, բայց արդյունավետ են։

Պատմում են՝ մի անգամ հանձնված թափոնների մեջ մեծ քանակությամբ բացիկներ կային, որոշեցին դրանք վերամշակելու փոխարեն ամանորյա պատվերների հետ ուղարկել հաճախորդներին։ 

«Հիշում եմ՝ բոլորը անպայման մեզ հետ կապվում էին ու շնորհակալություն հայտնում։ Մանրուք էր, բայց մարդկանց հաճելի էր»,- ասում է Գուրգենը։

«Առհասարակ հաճախորդները հաճախ են իրենց գոհունակությունը հայտնում, այդ թվում նաև՝ համացանցում, ինչը մի քանի տարի շարունակ ջանք, ժամանակ ու ֆինանս ներդրած ու պտուղները միայն տարիներ անց հավաքող երիտասարդների համար շարժիչ ուժ ու խթան է դառնում առաջ գնալու ու սկսած գործում հաջողելու»,- ասում է Գուրգենը։

Սաթենիկ Հայրապետյան

MediaLab.am