«Եթե կառավարությունն չաջակցի հանրային սննդի ոլորտի ընկերություններին, ոլորտը կփլուզվի». Ռեստորանների հայկական միության նախագահ

«Եթե կառավարությունն առաջիկայում չաջակցի հանրային սննդի ոլորտի ընկերություններին, ոլորտը կփլուզվի»,- «Մեդիալաբի» հետ զրույցում նման դիտարկում է անում Ռեստորանների հայկական միության նախագահ Վահե Գևորգյանը։

Կորոնավիրուսով պայմանավորված ճգնաժամի հետևանքով ոլորտի ընկերությունները խնդիրների առաջ են կանգնել, կառավարությանն առաջարկում են հարկային ու վարկային արձակուրդներ տրամադրել իրենց, աջակցության այլ ծրագրեր իրականացնել։

«Հանրային սննդի կազմակերպությունների հիմնական եկամտի աղբյուրը կապված է տուրիզմի ոլորտի հետ։

Եթե տեղացի բնակչությունը սոցիալական խնդիրներ է ունենում, ռեստորան հաստատ չի հաճախելու կամ դա շատ սահմանափակ է լինելու։ Մյուս կողմից՝ մենք դրսից հոսք չունենք և գիտենք, որ մոտակա ամիսներին չենք ունենալու։

Թեկուզ արդեն մի քանի օր է՝ հանրային սննդի օբյեկտների գործունեությունն սկսվել է, բայց մենք տեսնում ենք, որ շատ քիչ է հաճախորդների թիվը, և սպասվող շրջանառության ծավալը չի լինելու»,- «Մեդիալաբին» ասում է Վահե Գևորգյանը։

Օրերս միության անդամները դարձյալ հանդիպում են ունեցել էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանի հետ։

«Մենք այս հանդիպման ընթացքում փորձում էինք ամփոփել մոտ երկու ամիս առաջ նախարարությանն արդեն իսկ ներկայացրած մեր առաջարկությունները։ Այդ առաջարկություններն արվել էին և՛ մեր, և՛ զբոսաշրջության ոլորտին առնչվող կազմակերպությունների կողմից։

Մենք դեռևս մարտին ասել էինք, որ ոլորտը փրկելու համար անհրաժեշտ է հարկային արձակուրդի տրամադրում, վարկերի ժամանակավոր վերանայում, համայնքային մարմիններին կանխավճարների տեսքով վճարված տուրքերի հետվերադարձ կամ փոխանցում հաջորդ եռամսյակներ։

Մարդիկ փաստացի վճարել են, բայց այդ գործունեությունը չեն կարողացել իրականացնել»,- ասում է Վահե Գևորգյանը։

Նա կարևորում է նաև ոլորտին վարկային արձակուրդ տրամադրելու հարցը։ Ըստ մասնագետի՝ ոչ թե պետք է վարկերի տոկոսները գումարվեն հաջորդ ամիսներին, այլ 6 ամիս կամ մեկ տարի վարկային արձակուրդ պետք է տրամադրել, պայմանագրերի ժամկետները երկարաձգել։

Բացի դրանից, ոլորտի աշխատողների աշխատավարձերի համար 50 տոկոս համաֆինանսավորում են խնդրում պետությունից։

«Եվ նաև առաջարկում էինք, որ պետությունը միջազգային կազմակերպություններ ներգրավեր՝ մեր ոլորտին դրամաշնորհներ տրամադրելու համար։ Մեր այս առաջարկությունները չեն ընդունվել։

Իսկ հակաճգնաժամային 18 միջոցառումներից որևէ մեկով, ակնհայտ է, որևէ հարկային զիջում չի եղել։ Կառավարությունն էլ մի քանի անգամ դրա մասին հայտարարել է, որ հարկային արձակուրդների հարցը չի քննարկվում։

Բայց մենք հիմա նորից այս հարցը շարունակում ենք պնդել։ Ներկայացրել ենք աշխարհի բազմաթիվ երկրների փորձը, որտեղ ոլորտին տրամադրվել են կոնկրետ հարկային արձակուրդ, հարկերի իջեցում»,- նշում է նա։

Ըստ Վահե Գևորգյանի՝ իրենց առաջարկությունները խմբավորվել են, և կառավարությունում դարձյալ քննարկումներ պետք է լինեն։ Նա հավելում է, որ ժամանակի խնդիր կա, չեն կարող երկար սպասել։ Նա հիշեցրեց, որ դեռ երկու ամիս առաջ էին ասում, որ խնդիրը հրատապ է։

Գևորգյանի խոսքով՝ Կառավարության հակաճգնաժամային միջոցառումների շրջանակներում ոլորտի ոչ բոլոր ներկայացուցիչներն են աջակցություն ստացել։

«Եթե, օրինակ՝ ասվում է, որ փոքր ու միջին ձեռնարկությունների աջակցությանն ուղղված երրորդ միջոցառման համար ամբողջ Հայաստանից դիմել է 600-700 կազմակերպություն, ապա պետք է հաշվի առնել, որ փոքր ու միջին ձեռնարկությունների թիվը Հայաստանում 67 հազար է։

Եվ միայն մեր հանրային սննդի ոլորտում կան ավելի քան 3000 ձեռնարկություններ։ Այսինքն՝ եթե բոլոր ոլորտներից միասին վերցված ընդամենը 700 կազմակերպություն է դիմել, ոչ բոլորն են օգտվել այդ աջակցությունից։ Կոնկրետ մեր ոլորտից՝ հանրային սննդի և զբոսաշրջության ոլորտից միասին, խոսքը մինչև 300 կազմակերպության մասին է, որոնք օգտվել են»,- հավելում է Վահե Գևորգյանը։

Նրա խոսքով՝ այսօր ոլորտի կազմակերպությունները վարկային պարտավորություններ ունեն, կանխավճարային հարկեր են վճարել, բայց չեն կարողացել աշխատել։ Մյուս կողմից էլ՝ այսօր պարետի որոշմամբ տուգանքներ են կիրառվում հանրային սննդի օբյեկտների նկատմամբ։

«Մեր միության անդամները շատ պատասխանատու են վերաբերվում անվտանգության կանոններին, բայց պարետատան հայտարարությունից հետո սխալ կոմունիկացիա է եղել։

Տեսչական մարմնի աշխատակիցները, օրինակ՝ եկել են մի ձեռնարկություն, տեսել են, որ ամեն ինչ նորմալ է, ուղղակի սեղանների դասավորության հետ խնդիրներ կան, բայց այդ պահին հաճախորդներ չեն եղել։

Եվ իրենք զգուշացրել են, տեղում թերությունն ուղղվել է։ Եվ քանի որ տնտեսավարողներին չեն ասել՝ դուք տուգանված եք, նրանք լրիվ պատահաբար կայքից տեղեկացել են, որ իրենց գործունեությունը ժամանակավորապես արգելված է։ Այսինքն՝ տնտեսավարողներին պատշաճ չեն իրազեկել, չնայած դա իրենց պարտավորության սահմաններում է»,- ասում է Վահե Գևորգյանը։

Նրա խոսքով՝ այս ամենի նպատակը պետք է լինի տնտեսավարողներին նախազգուշացնելը, ոչ թե զուտ պատժիչ գործողություններ իրականացնելը։

Ռեստորանների հայկական միությունը նաև ներքին տուրիզմը խթանելու առաջարկով է հանդես եկել այս փուլում։

«Նպատակն է, որ պետությունը համաֆինանսավորի հանրային սննդի ոլորտը և նաև հյուրանոցային ու հյուրատնային բիզնեսը՝ Հայաստանում վաուչերներ ձեռք բերվեն ու տրամադրվեն մեր որոշակի սոցիալական խմբերին։

Այդ վաուչերների շրջանակում բավական հարցեր կլուծվեն, և մարզային հյուրանոցներ, հյուրատներ ու ռեստորաններ մարդկանց մեծ հոսք կգնա։ Հակառակ կողմն էլ կլինի, այսինքն՝ մարզերից սոցիալական խնդիրներ ունեցող մարդիկ կկարողանան մեկ-երկու օրով այցելել Երևան՝ իրենց երեխաների հետ, օգտվել տեղի ռեստորաններից, ճաշարաններից, մեկ-երկու օր գիշերել հյուրանոցում»,- ասում է նա։

Ռոզա Հովհաննիսյան

MediaLab.am