«ՀՀ Կառավարությունն ունի գիտելիքների լուրջ բաց, ու քաղաքական այն կուրսը, որով հիմա շարժվում է, հաճախ անհասկանալի է». Կարեն Հովհաննիսյան

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է Արցախի Ազգային ժողովի անկախ պատգամավոր Կարեն Հովհաննիսյանը

– Պարո՛ն Հովհաննիսյան, մեկ ամսից ավելի շրջափակման մեջ եք գտնվում: Շրջափակված Արցախի եղած խնդիրներին գումարվում են նորերը՝ հովհարային անջատումներ, ինտերնետ կապի խափանումներ: Ընդհանուր իրավիճակը կներկայացնե՞ք:

– Այն տեղեկատվությանը, որը ներկայացնում է Արցախի տեղեկատվական շտաբը, որևէ բան չեմ կարող ավելացնել: Իսկ որպես բնակիչ, որն ապրում է այս շրջափակման պայմաններում, կարող եմ ասել, որ օր օրի ավելի ծանր է դառնում խնդիրը հատկապես էլեկտրաէներգիայի բարձրավոլտ էլեկտրալարերի վնասումից հետո, հնարավորություն էլ չկա վերանորոգման, հետևաբար Արցախն անցել է հովհարային անջատման:

Առաջիկա հինգ օրվա ընթացքում կանցնենք նաև սննդի կտրոնային բաժանմանը, ինչն ուղիղ ցուցիչ է այն մասին, որ տնտեսական, սոցիալական խնդիրները օր օրի ավելի են ծանրանում, ու դրանք որոշակի դժվարություններ են ստեղծում նորմալ կենսապահովման, մարդկանց տրամադրության, առհասարակ հոգեվիճակի վրա: Այդքանով հանդերձ, սակայն, մենք հասկանում ենք, որ սա պայքար է, կռվի մեկ այլ ձև է, այս դժվարությունները միանշանակ պետք է հաղթահարենք: Արցախը տոկուն է, Արցախն ունի կամային բավարար մեծ պաշար, ինչի արդյունքում, հաստատ, այս դժվարություններն էլ ենք հաղթահարելու:

– Արցախի անվտանգության խորհրդի տարածած հայտարարությունից հետո Նիկոլ Փաշինյանը գործադիրի նիստին ըստ էության պատասխանեց դրան՝ կոչ անելով Արցախի իշխանություններին առավել չսրել իրավիճակը՝ «Բաքվին առիթ չտալ նոր ռազմական էսկալացիա սկսելու համար»: Այս հայտարարությունն ինչպե՞ս եք գնահատում, ու արդյոք Արցախի իշխանությունների որդեգրած քաղաքականությունը իրավիճակը տանում է էլ ավելի սրացմա՞ն:

– Իրավիճակի էլ ավելի սրում հաստատապես ամենաշատը արցախահայությունը չի ուզում, բայց աներկբա է մեկ բան. Արցախը չի պատրաստվում Ադրբեջանի ենթակայության տակ ապրել, չի պատրաստվում մեր պայքարի 30-ամյա ուղուց շեղվել: Մեր պատմության մեջ բազմաթիվ են դեպքերը, երբ նույնիսկ անելանելի իրավիճակում, երբ կարծես թե էլ ոչ մի հույս չի եղել, բայց մարդիկ, միևնույն է, իրենց պայքարի ճանապարհից չեն շեղվել ու վերջիվերջո հասել են իրենց նպատակին:

Ինչ վերաբերում է Արցախի Անվտանգության խորհրդի հայտարարությանը և ՀՀ իշխանությունների կողմից դրա արձագանքին, կարող եմ ենթադրել, որ որոշակի կոմունիկացիա չկա, կարելի էր ավելի սինքրոն աշխատել, փորձել համատեղ մշակել այն պլանը, որի արդյունքում արցախահայությունը կկարողանա ի վերջո հասնել իր ինքնորոշման իրավունքի իրացմանը:

Սա ցուցիչ է, որ երկու կառավարությունը, կարծես թե, որոշ հարցերում տարակարծիք է ու դա նորմալ է, որովհետև տարբեր քաղաքական միավորներ են, տարբեր սուբյեկտներ են, իսկ ինքնորոշման իրավունքն ու Արցախի պայքարը միանշանակ քննարկման առարկա չեն: Արցախահայությունը ու որևէ ժողովուրդ հաստատապես կռվի ջատագով չէ, արցախահայությունը կռիվ չի ուզում, բայց չի էլ պատրաստվում իր իրավունքները զիջել որևէ մեկ կառավարության:

– Արցախի իշխանության ու ժողովրդի դիրքորոշումը հստակ է, իսկ երբ ստեղծված իրավիճակի վերաբերյալ լսում եք Հայաստանի իշխանության ներկայացուցիչներին, ձեզ համար պա՞րզ է դառնում նրանց դիրքորոշումը, այսինքն՝ իրե՞նք ինչ են առաջարկում:

– Ես իմ դիրքորոշումը ՀՀ Կառավարության գործունեության վերաբերյալ հայտնել եմ դեռևս 2020 թվականի նոյեմբերի 10-ին, ավելացնելու որևէ բան չունեմ. ունեն գիտելիքների լուրջ բաց, ու քաղաքական այն կուրսը, որով հիմա շարժվում են, հաճախ անհասկանալի է, որովհետև չկա թափանցիկություն բանակցային գործընթացի վերաբերյալ:

Ճիշտ է, Նիկոլ Փաշինյանն ասում է, թե Արցախի նախագահը տեղյակ է ամեն հարցից, բայց գործողությունները հուշում են, որ կան ինչ-որ թեմաներ, հարցեր, որոնք փակի տակ են, ու այդ տեղեկատվությանը մենք չենք տիրապետում:

– Այդ փակ կամ գաղտնի պայմանավորվածությունները բացահայտելու, հանրության հետ անկեղծ խոսելու վերաբերյալ նախօրեին հայտարարություն էր տարածել Հայաստանի հանրապետական կուսակցության Գործադիր մարմինը: Կարծում եք՝ իշխանությունն այնուամենայնիվ, բաց ու հստակ կխոսի՞ հանրության հետ, պարո՛ն Հովհաննիսյան:

– Ճիշտն ասած, դա իշխանության խնդիրն է, բայց եթե բաց և պարզ չխոսի ժողովրդի հետ, ապա խնդիր է ունենալու հենց ժողովրդի հետ, որովհետև մախատը պարկում երկար չեն կարող թաքցնել, ուշ թե շուտ այն դուրս է գալու պարկի միջից:

– Արցախի պետնախարար Ռուբեն Վարդանյանի հայտարարությունների մասով նույն իշխանության ներկայացուցիչներն ուղիղ կամ անուղղակի տեքստերով ասում են, որ դա վատ հետևանքների կարող է բերել, փորձագիտական որոշ շրջանակներից էլ կոչեր են հնչում «չգնալ արկածախնդրության»: Ինչպե՞ս եք գնահատում այս կոչ-քննադատությունները, անձամբ դուք Վարդանյանի հայտարարությունները արկածախնդրություն համարո՞ւմ եք:

– Ռուբեն Վարդանյանը քաղաքական իշխանություն չէ, Արցախում քաղաքական իշխանությունը ձևավորվել է ուղիղ ընտրությունների միջոցով, ու քաղաքական ուժերը և երկրի նախագահն են որոշում են երկրի արտաքին ու ներքին քաղաքական կյանքը: Ռուբեն Վարդանյանը, ստանձնելով պետնախարարի պաշտոնը, ուղղակիորեն ստանձնել է պատասխանատվություն երկրի սոցիալ-տնտեսական կյանքի մասով ճգնաժամային այս վիճակում: Կարծում եմ, որ նա քաղաքական մարդ չէ ու քաղաքական հայտարարություններ չպետք է անի կամ անելուց առաջ պետք է յուրաքանչյուր բառը ծանրութեթև անի:

Ինչ վերաբերում է Հայաստանում եղած տեսակետներին, ի վերջո մենք պետք է հասկանանք, որ այդ մարդիկ քաղաքական դեմքեր են, ու եթե ինչ-որ բան են նկատել, որն իրենց սրտով կամ ճաշակով չէ, անհրաժեշտ է, որ երկու հայկական պետության թե՛ օրենսդիր, թե՛ գործադիր մարմինները կարողանան իրենց մեջ ուժ գտնել ու ստեղծել այն կոմունիկացիան, որպեսզի Ադրբեջանը չքննարկի մեզ:

– Այնուամենայնիվ, դուք Ռուբեն Վարդանյանի հայտարարությունները արկածախնդրություն  համարո՞ւմ եք:

– Եթե հայտարարությունները կբերեն իրավիճակի սրացման ու կտանեն ուղիղ ռազմական առճակատման, իհարկե դա արկածախնդրություն, մի բան էլ ավելի է լինելու, բայց Ռուբեն Վարդանյանի իրավասությունները տնտեսական, սոցիալական ու այլ բնագավառների կոորդինացումն ու կառավարումն է այս իրավիճակում, ինչը հանձնարարված է իրեն:

– Պարո՛ն Հովհաննիսյան, ՀՀ ԱԺ նախագահի խոսքով՝ իր ունեցած տեղեկությունների համաձայն՝ մինչև Ռուբեն Վարդանյանի պաշտոնավարումը Արցախում ադրբեջանցիների հետ ուղիղ շփում, բանակցություններ եղել են Լաչինի միջանցքի մասով, իսկ հիմա այդ շփումները չկան, ըստ էության մատնանշելով, թե խնդիրը Ռուբեն Վարդանյանի մեջ է: Ասաց նաև, որ եթե Արցախն ու Ադրբեջանը բանակցում են այդ հարցի մասով, Հայաստանն այդ հարցում անելիք չունի: Այդ ուղիղ կապի վերաբերյալ դուք ի՞նչ կարող եք ասել: Ինչպե՞ս եք գնահատում այն, որ իշխանությունը չի պատրաստվում բանակցել Լաչինի միջանցքի ապաշրջափակման հարցով:

– Չեմ պատրաստվում մեկնաբանել Ալեն Սիմոնյանի կողմից հնչած բոլոր մտքերը: Ինքը Հայաստանի ԱԺ նախագահն է ու որպես քաղաքական դեմք արել է քաղաքական հայտարարություն: Ինչ մնում է Ադրբեջանի հետ ուղիղ շփումներին. կա՛մ Ալեն Սիմոնյանը տեղեկատվության պակաս ունի, կա՛մ ըստ իրավիճակի է փորձել նման տեսակետ հայտնել: Ուղիղ շփումներ կենցաղային մակարդակով բազմաթիվ հարցերի կարգավորման մասով, իհարկե, առանց կոնտակտի, խոսելու հնարավոր չէր այդ աշխատանքները կազմակերպել, ու այդ ժամանակ ռուսական, արցախյան ու ադրբեջանական կողմից մարդիկ ինչ-որ խնդիրներ փորձել են տեղում հասկանալ ու կարգավորել: Հիմա կա՞, թե՞ չկա՝ չեմ կարող ասել, որովհետև տեղյակ չեմ, ես գործադիրի անդամ չեմ ու վերջին մեծ հավաքից հետո խորհրդարանում դեռ առիթ չի եղել, որպեսզի ուղիղ հարց տանք գործադիրին ու պատասխան ստանանք:

Եթե իրենք խնդիր են տեսնում Ռուբեն Վարդանյանի մեջ, կարող եմ ասել, որ Ռուբեն Վարդանյանի մեջ խնդիր է տեսնում նաև Ադրբեջանը, Ռուբեն Վարդանյանի մեջ կարող է խնդիրներ տեսնել նաև հասարակ քաղաքացին, բայց, ընդհանուր առմամբ, արցախյան խնդրի կարգավորումը Ռուբեն Վարդանյանի, Ալեն Սիմոնյանի կամ Կարեն Հովհաննիսյանի անձի մեջ չէ:

Սա համահայկական խնդիր է ու փոխադարձ նեղվածությունը կամ անհասկացվածությունը պետք է լուծվի ուղիղ շփման, համապատասխան կոմունիկացիաների ձևավորման, հարցերի բազմակողմանի ու բազմաբովանդակ քննարկման արդյունքում, որովհետև այն տարանջատումը, տարաձայնությունը, որ հիմա ամբողջ տելեգրամյան ալիքները, սոցիալական այլ հարթակներ ի ցույց են դնում, ուղիղ ազդանշան են հակառակորդ պետությանը, որ երկպառակտման տարրեր կան Հայաստանի ու Արցախի իշխանությունների միջև: Կարելի է մեր տան սպիտակեղենը չհանենք դուրս ու նմանատիպ հարցերն ուղիղ կապով քննարկենք ու լուծումներ գտնենք:

Քրիստինե Աղաբեկյան

MediaLab.am