ԵՄ ԱԳ նախարարները որոշում չեն կայացրել ռուսական նավթի և գազի դեմ պատժամիջոցների վերաբերյալ

ԵՄ անդամ երկրների ԱԳ նախարարները որոշումներ չեն կայացրել ռուսական նավթի և գազի դեմ պատժամիջոցների վերաբերյալ: «Արմենպրես»ի հաղորդմամբ՝ այս մասին տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի»-ն: Լյուքսեմբուրգում ԵՄ ԱԳ նախարարների հետ հանդիպումից հետո Եվրոպական դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելը հայտնել է, որ արտաքին գերատեսչությունների ղեկավարները պայմանավորվել են շարունակել քննարկումները:

«Մենք նախ և առաջ քննարկել ենք այն, թե ինչպես ապահովենք գործող պատժամիջոցների արդյունավետությունը, որպեսզի խուսափենք խնդիրներին դրանց իրագործման ժամանակ: Միևնույն ժամանակ քննարկել ենք նոր քայլերի հարցը, որոնք մենք կարող ենք իրականացնել, ներառյալ նավթի և գազի դեմ պատժամիջոցները: Մենք որոշում չենք կայացրել այդ պատժամիջոցների առնչությամբ, սակայն պայմանավորվել ենք շարունակել քննարկումները»,-ասել է նա:

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը փետրվարի 24-ին հայտարարել էր Ուկրաինայում հատուկ ռազմական օպերացիա սկսելու որոշման մասին: Նա հայտնել էր, որ Դոնբասի ժողովրդական հանրապետություններն օգնության խնդրանքով դիմել են։ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին ռազմական դրություն էր հայտարարել երկրի ողջ տարածքում: ԱՄՆ-ն ու եվրոպական մի շաք երկրներ սահմանել են պատժամիջոցներ Ռուսաստանի նկատմամբ: Վերջինս հանդես է գալիս պատասխան պատժամիջոցներով: ՄԱԿ-ի Մարդու իրավունքների գերագույն հանձնակատարի գրասենյակի տվյալով՝ ռազմական գործողություններով պայմանավորված Ուկրաինայի տարածքը լքել է ավելի քան 2 միլիոն մարդ: