ՌԴ-ն ու ՀՀ-ն միջխորհրդարանական մակարդակում համագործակցությունն արդյունավետ զարգացնում են. Մատվիենկո

Միջխորհրդարանական մակարդակում Հայաստանի և Ռուսաստանի համագործակցությունը բավական հաջող զարգացման ընթացք ունի: «Արմենպրես»ի հաղորդմամբ՝ այս մասին պաշտոնական այցով ՌԴ-ում գնվող ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպմանը նշեց ՌԴ Դաշնային խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոն: Նա շնորհակալություն հայտնեց Նիկոլ Փաշինյանին միջխորհրդարանական համագործակցությունը զարգացնելու աշխատանքներին աջակցելու համար:

«Միջխորհրդարանական հանձնաժողովը հաջողությամբ կատարում է իր աշխատանքը: Ռուսական կողմից հանձնաժողովը ղեկավարում է Դաշնության խորհրդի նախագահի տեղակալ Յուրի Վորոբյովը, որը շատ պատասխանատու ձևով կատարում է իր աշխատանքը: Վաղը մեկնում են Երևան անցկացնելու այդ հանձնաժողովի արդեն 34-րդ նիստը»,- ասաց նա:

Երկկողմ համագործակցությունից զատ, Վալենտինա Մատվիենկոն ընդգծեց նաև ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովում արդյունավետ աշխատանքը և շնորհակալություն հայտնեց Հայաստանի խորհրդարանի պատգամավորներին:  

Վալենտինա Մատվիենկոն նշեց, որ բարեկամական հարաբերություններ են ձևավորվել ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի հետ: