Անդրանիկ Քոչարյանի կոչը ցուցարարներին բանակ ուղարկելու մասին քաղաքական հետապնդման կլասիկ օրինակ է. Սեյրան Օհանյան

«Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը, որն արդեն մեկ շաբաթից ավելի է՝ դիմադրության շարժման շրջանակներում խորհրդարան չի գնում և մասնակցում է փողոցային ակցիաներին, քաղաքական հետապնդման փորձ է որակում ՔՊ-ից Անդրանիկ Քոչարյանի նախաձեռնությունը:

Հիշեցնենք՝ վերջինը կոչ էր արել ՀՀ ոստիկանությանը և Ազգային անվտանգության ծառայությանը հավաքագրել փողոցում բողոքի ակցիաներին մասնակցող քաղաքացիների տվյալները և դրանք փոխանցել ՀՀ պաշտպանության նախարարությանը, որն էլ իր հերթին «կօգտագործի այս «լավ պատրաստված», պարզ հրահանգներ կատարելու ունակ երիտասարդներին՝ մեր բանակի մոբիլիզացիոն ռեսուրսը հարստացնելու և նրանց Հայաստանի ու Արցախի սահմանների անվտանգության պահպանման գործում ներգրավելու նպատակով»:

«Մեր ցուցարարների զգալի մասը և ծառայել են բանակում, և ապրիլյնա, և 44-օրյա պատերազմների մասնակիցներ են: Անդրանիկ Քոչարյանը լավ կլինի, որ իր շրջապատում փնտրի այն մարդկանց, ովքեր բանակում չեն ծառայել, խուսափել են և այլն, և այլն: Թող ինքը դրա մասին մտածի: Այս ամենը խոսում է այն մասին, որ այսօրվա իշխանությունները նույնիսկ այդ հարցերում փորձում են քաղաքականության համար իրենց հարմար պայմաններ ստեղծել: Քաղաքական հետապնդման կլասիկ օրինակ է սա», -ընդգծել է Օհանյանը: