Որևէ միջոցառման կամ հավաքի երեխաների մասնակցությունը չպետք է միջոց դարձնել մեծահասակների քաղաքական կարծիքի արտահայտման համար. ՄԻՊ

Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը հայտարարություն է տարածել՝ հիշեցնելով երեխաների իրավունքների պաշտպանության անհրաժեշտության մասին.

«Երեկ բոլորս յուրովի նշանավորեցինք երեխաների իրավունքների պաշտպանության օրը։ Երեխայի իրավունքների երաշխավորներն ու պաշտպաններն անշուշտ մեծահասակներն են։

Երեկվա միջոցառումների մշտադիտարկման արդյունքներով Մարդու իրավունքների պաշտպանը հարկ է համարում հիշեցնել, որ երեխայի կարծիքի ազատ արտահայտման, այդ թվում՝ քաղաքական բնույթի հավաքներին գիտակցված ու տեղեկացված մասնակցության իրավունքի իրացումը բխում է երեխայի լավագույն շահից։

Պաշտպանը հատուկ շեշտում է, որ մենք բոլորս պետք է խրախուսենք ու պայմաններ ստեղծենք սեփական կարծիքն արտահայտելու համար երեխայի գիտակցված և իմաստալից մասնակցության համար։ Սա նաև նշանակում է, որ որևէ միջոցառման կամ հավաքի երեխաների մասնակցությունը չպետք է միջոց դարձնել մեծահասակների քաղաքական կարծիքի արտահայտման համար»։