«Էս աստիճանի կոռումպացված դատախազություն նույնիսկ Աղվան Հովսեփյանի ժամանակ չի եղել». ըստ Սիրունյանի՝ նոր թեկնածուն կկարողանա պայքարել կոռուպցիայի դեմ

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է փաստաբան Ալեքսանդր Սիրունյանը

– Պարո՛ն Սիրունյան, այսօր «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը պաշտոնապես գլխավոր դատախազի պաշտոնում առաջադրեց Աննա Վարդապետյանի թեկնածությունը: Դուք երկարամյա դատախազ եք եղել, հիմա էլ՝ փաստաբան, ինչպե՞ս եք մեկնաբանում այս թեկնածության առաջադրումը:

– Աննա Վարդապետյանի թեկնածության առաջադրումից ունեմ ամենալավ սպասումները և կարող եմ բացատրել՝ ինչու. նա ոչ միայն օրենքով նախատեսված բոլոր պահանջներին է բավարարում, այլ նաև ավելին՝ հրաշալի մասնագետ է: Վերջերս մեկը հայտարարել էր, թե նոր թեկնածուն գիտական աստիճան չունի, ինչպես նախկին գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանը: Այդպես չէ, եթե Աղվանը դարձավ գլխավոր դատախազ և հետո որոշեց՝ արժի նաև գիտական կոչում ունենալ, ապա այս թեկնածուն ունի գիտական կոչում և դրանով հանդերձ է դառնում դատախազ:

Մեր ոլորտը շատ նեղ է, բոլորս միմյանց ճանաչում ենք, հետևաբար մարդկային հատկանիշների մասին կարող եմ ասել՝ լավ, համեստ, պարկեշտ անձնավորություն է:

– Այս թեկնածության ընդդիմախոսները վկայակոչում են Ռուբեն Հայրապետյանի վերաբերյալ քրեական գործը, որի խմբագրման աշխատանքներին մասնակցել էր Աննա Վարդապետյանը, և ասում, որ նա չի կարող անաչառ աշխատել և կախում է ունենալու գործադիրի ղեկավարից: Նաև նշվում է, որ նա դատախազական համակարգում չի աշխատել: Դուք ի՞նչ կարծիքի եք:

– Ո՛չ, ո՛չ, ես համաձայն չեմ: Նախ՝ դատարանը այս ամբողջ պրոցեսներում չպետք է կանխակալ վերաբերմունք ունենա: Դատախազը և դատարանը քրեական գործի տարբեր կողմերում են, և մեր աշխատանքի գնահատականը տալիս է դատարանը: Այո՛, բնականաբար, պետք է ունենանք վերաբերմունք. դատախազը գտնում է, որ տվյալ անձը մեղավոր է, փաստաբանն էլ պնդում է, որ իր «կլիենտը» սուրբ է, գնացեք դատարան:

Ինչ վերաբերում է նրան, որ գլխավոր դատախազի թեկնածուն նախկինում դատախազությունում չի աշխատել, ապա, որպես դատախազությունում աշխատած մարդ, կարող եմ ասել, որ գլխավոր դատախազին հակացուցված է մինչ այդ դատախազությունում աշխատելը: Հակացուցված է: Գլխավոր դատախազը չպետք է հիվանդ լինի այդ միկրոբով, նա այդ առումով պետք է առողջ լինի: Հայաստանում վերջին հիսուն տարվա լավագույն դատախազները նրանք են, ովքեր մինչև այդ պաշտոնին նշանակվելը չեն աշխատել դատախազական համակարգում: Օրինակ՝ Սուրեն Օսիպյան, Վլադիմիր Նազարյան, Գևորգ Կոստանյան և այլք: Գլխավոր դատախազը պետք է լինի դրսի մարդ, կաշկանդված չլինի ոչնչով:

– Իսկ դատարանների վրա դատախազական ճնշման մասո՞վ:

– Ես հարյուր միլիոն անգամ եմ ասել ու հիմա էլ կրկնում եմ՝ դատարանների վրա այսօր ճնշում չկա: Ես միշտ ասել եմ՝ հեղափոխությունից հետո այս երկրում շատ բան պետք է փոխվեր, չի փոխվել, բայց ասֆալտն ու դատարանը փոխվել են: Դատարանների վրա հիմա ճնշում չկա:

– Ի՞նչ եք կարծում՝ գործող դատախազի հարցում իշխանությունը սխալվե՞լ է՝ թողնելով նրան այդ պաշտոնին:

– Այո՛, շատ է սխալվել: Մեր ընկերությունը վերլուծել է՝ ինչքան սխալներ է թույլ տվել դատախազն իր գործունեության ընթացքում: Երբ նա պաշտոնից ազատվի, ես իշխանություններին կապացուցեմ՝ ինչպես է նա իշխանություններին կրկնակի խաբել. առաջինը խաբել է՝ ցույց տալով աշխատանք, որն իրականում չկա: Մի հարց՝ էդ որ գրում եք, խոսում եք՝ այսքան վնաս է պատճառվել պետությանը, տղա՛ ջան, քանի՞սն ես վերականգնել այդ միլիարդավոր դրամներից: Ես հաշվել եմ՝ կես տոկոսը:

Հետո՝ հայտարարում են, թե սուրբ ենք, փող չենք առնում, ես ցույց կտամ, թե որտե՛ղ են գումարները՝ սկսած իր կես միլիոն դոլարանոց տնից:

Եվ էլի հարց՝ ինչպե՞ս են սանիկները վեց տարվա ընթացքում դառնում գնդապետ, օրինակ՝ անգամ Մանվել Գրիգորյանը յոթ տարում դարձավ գեներալ:

– Այսինքն՝ կարծում եք՝ գործող դատախազը յուրայինների համար պաշտոնեական առաջընթա՞ց է ապահովել:

– Այո՛, միանշանակ: Դատախազության այսօրվա ղեկավարության կեսից ավելին գործող գլխավոր դատախազի սանիկներն են, ավելին՝ վարչությունների պետերի ու մարզերի դատախազների գերակշռող մեծամասնությունը վեց տարի առաջ դատախազությունում անգամ վարորդ չեն աշխատել: Այսինքն՝ մարդը ուսադիրով՝ լեյտենանտ կոչումով, մտնում է դատախազական համակարգ, 20 տարի փորձում է նորմալ ծառայել՝ հույս ունենալով, որ մի գեղեցիկ օր գոնե վարչության պետի տեղակալ կդառնա, բայց հայտնվում է Ռոբին Հուդը՝ իր սանիկներով, ու դառնում են գնդապետներ, բարձրաստիճան դատախազներ:

Այսօր էլ ականջիս հասել է, որ Դատախազության օրվա շրջանակներում պատրաստվում է սանիկներին գեներալի կոչում շնորհել:

– Մամուլը գրեց, որ դատախազությունում նոր թեկնածուի առաջադրման դեմ արդեն բողոքներ կան, և բունտ կարող է հասունանալ: Հնարավոր համարո՞ւմ եք նման բան:

– Ի՞նչ բունտ, ես ասել եմ՝ ինձ դուբինկա տվեք, ու ես այդ ալեկոծողներին ծեծելով կհանեմ: Ես պնդում եմ՝ էս աստիճանի վատ ու անգրագետ, թաքնված կոռումպացված դատախազություն նույնիսկ Աղվան Հովսեփյանի ժամանակ չի եղել: Օրինակ՝ Աղվանի ժամանակ չորս հոգով մեկի սպանությունը չէր որակվի ինքնապաշտպանություն: Այո՛, Երևանի դատախազը գտել է, որ այդ 4 հոգին մեկից ինքնապաշտպանվում են, ու ես պետք է հավատամ, որ էդ գործի համար փող չե՞ն վերցրել:

– Պարո՛ն Սիրունյան, դուք կարծում եք՝ նոր թեկնածուն կկարողանա՞, ինչպես ասում են՝ ձուկը գլխից բռնել, չէ՞ որ համակարգում ի վերջո երկար տարիների աշխատողներ կան, հմտացել են տարբեր գործընթացներում:

– Իհարկե կկարողանա: Այո՛, նոր թեկնածուն կկարողանա կոռուպցիայի դեմ պայքարել: Համոզված եմ:

Հասմիկ Համբարձումյան

MediaLab.am