Ճապոնիան արգելել է Ռուսաստանից ոսկու ներկրումը, Ռուսաստանում սպառնում են պատասխան պատժամիջոցներով

Տոկիոն, կապված Ուկրաինայում տիրող իրավիճակի հետ, հաստատել է Ռուսաստանից ոսկու ներմուծման արգելքը և Ռուսաստանի Դաշնությանը հաշվապահական, աուդիտի և խորհրդատվական ծառայությունների տրամադրումը: Այս մասին  հայտնում է Ճապոնիայի ֆինանսների նախարարությունը։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Ռուսաստանը կարող է հակադարձել՝ պատժամիջոցներ սահմանելով ինչպես Տոկիոյի, այնպես էլ Ռուսաստանում գործող ճապոնական ընկերությունների դեմ։ Այդ մասին ասել է Դաշնային խորհրդի տնտեսական կոմիտեի ղեկավարի տեղակալ, Ամուրի շրջանի սենատոր Իվան Աբրամովը։

Նրա խոսքով՝ Ճապոնիան Ռուսաստանից մեծ քանակությամբ բնական պաշարներ է գնում։

«Այդ պատժամիջոցներով նրանք առաջին հերթին վնասում են իրենց»,- ասել է Աբրամովը։

Նա հավելել է, որ Ռուսաստանն ունի անհրաժեշտ ռեսուրսներ սեփական արտադրանքի արտադրության համար։

Ճապոնիայի իշխանությունները պատժամիջոցների ցուցակում ներառել են նաև Ռուսաստանի 57 քաղաքացու։ Նաև պատժամիջոցների են ենթարկվել Ռուսաստանի Դաշնության 45 զինծառայողներ։