Օնլայն հարձակում Հայաստանի վրա խաբուսիկ «ֆաքթ-չեքերների» կողմից. Մաս 2. DFRLab

Օնլայն հարձակում Հայաստանի վրա խաբուսիկ «ֆաքթ-չեքերների» կողմից. Մաս 2. DFRLab
Օնլայն հարձակում Հայաստանի վրա խաբուսիկ «ֆաքթ-չեքերների» կողմից. Մաս 2. DFRLab

Ամերիկյան Atlantic Council վերլուծական կենտրոնի DFRLab (Digital Forensic Research Lab) խումբը բացահայտել է Հայաստանում փաստերի ստուգման կազմակերպությունների տակ հանդես եկող անհատներ և խմբեր, որոնք կանխակալ տեղեկատվություն և կեղծ օրակարգեր են տարածում հայաստանյան առցանց տիրույթում։

DFRLab-ի հետաքննությունը հրապարակվել է medium.com պորտալում: Հետաքննության երկրորդ մասի հայերեն թարգմանությունը ներկայացնում ենք ստորև, իսկ առաջին մասի հետ կարող եք ծանոթանալ այստեղ։

Համատեղ ուղիղ հեռարձակումներ

AntiFake.am-ի և «Ադեկվադի» էջերն ակնհայտորեն իրենց ջանքերն ուղղում են հակափաշինյանական նարատիվների և կեղծ կոնտենտի տարածմանը: Ապրիլի 1-ին «Ադեկվադի» ֆեյսբուքյան էջից ուղիղ հեռարձակում է իրականացվել երկու խմբերի ակտիվ անդամների, այդ թվում` Նարեկ Սամսոնյանի մասնակցությամբ, թե ինչպես են նրանք #SutNikol հեշթեգով գրառումներ նկարում Երևանի փողոցներում: Սամսոնյանը, «Ադեկվադի» Արթուր Դանիելյանը և BlogNews.am-ի Կոնստանտին Տեր-Նակալյանը այդ ժամանակ բերման են ենթարկվել ոստիկանություն՝ հանրային գույքը վնասելու համար, նույն օրը՝ ավելի ուշ, ազատ արձակվել:

Ազատ արձակվելուց հետո նրանք երեքով համատեղ մամուլի ասուլիս են հրավիրել՝ խոսելով #SutNikol շարժման մասին: Մամուլի ասուլիսը հեռարձակվել է «Ադեկվադի» ֆեյսբուքյան էջով:

Ավելի ուշ փողոցներում #SutNikol գրառումներ տարածելու կրճատ տեսանյութը հրապարակվել է «Ադեկվադի» էջում: Այն ապրիլի 18-ի դրությամբ ունեցել է 35,000 դիտում (view), 854 արձագանք (reaction), 68 մեկնաբանություն և վերահրապարակվել է 226 անգամ:

Այս գործողությունները թույլ են տալիս ենթադրելու, որ երկու նախաձեռնությունները բացահայտորեն համագործակցում են. նրանք իրենց ներկայացում են որպես #SutNikol արշավի միասնական ճակատ:

Գարդասիլի դեմ արշավ՝ երկու էջերում

Համատեղ տեսանելիություն ապահովելուց բացի, էջերը գործակցում են նաև բովանդակության հարցում: Մասնավորապես, երկու էջերն էլ բնակչությանը կոչ են արել զերծ մնալ պապիլոմա վիրուսը կանխարգելող Գարդասիլ-IV-ի պատվաստումից:

Այսպես, AntiFake.am-ը գարդասիլի դեմ հոդված է հրապարակել իր կայքում («Ինչ է թաքցնում Առողջապահության նախարարությունը «Գարդասիլ» պատվաստանյութի մասին. նոր փաստեր»), որը տարածվել է կայքի ֆեյսբուքյան էջի միջոցով, իսկ «Ադեկվադի» էջում գարդասիլի դեմ տեսանյութը հրապարակվել է գովազդի տակ (sponsored): Մարտի 7-ին Facebook-ը հայտարարեց, որ պատրաստվում է նվազեցնել պատվաստումների վերաբերյալ ապատեղեկատվության տարածումը՝ թույլ չտալով դրանք ներկայացնել գովազդի տակ:

«Ադեկվադ» և AntiFake.am էջերի համագործակցության մասին վկայող մի շարք բաց ապացույցները հարցեր են առաջացնում. եթե էջերի հեղինակները սերտորեն համագործակցում են #SutNikol արշավում և այլ նախաձեռնություններում, ինչո՞ւ են նրանք բաժանում իրենց լսարանը երկու մասի՝ վարելով երկու առանձին էջ:

Երկու էջերի ընդհանուր հրապարակումների վերլուծությունը որոշակի բացատրություն է տալիս դրան. 2019 թ. մարտի 17-ից ապրիլի 19-ը՝ 30 օրում, երկու էջերը կենտրոնացել են կոնտենտի տարբեր տեսակների վրա: Եթե AntiFake.am-ը բացառապես հրապարակել է լուսանկարներ և հղումներ, «Ադեկվադը» իրեն նվիրել է տեսանյութերի տարածմանը՝ հիմնականում ուղիղ հեռարձակումների տեսքով: Այս առումով, կարծես թե, էջերի միջև կատարվել է «աշխատանքի բաժանում»:

Համաժամանակյա գովազդային արշավներ

Երկու էջերն էլ գովազդային հրապարակումներ են ունենում, չնայած՝ տարբեր բովանդակությամբ: Բացի գարդասիլի պատվաստման դեմ գովազդից, «Ադեկվադի» էջում նշված ժամանակահատվածում կատարվել է ևս երկու գովազդային հրապարակում:

AntiFake.am-ը նույնպես երկու գովազդային հրապարակում է ունեցել:

Այն, որ երկու էջերում էլ ակտիվորեն գովազդվում է «Միացեք մեր էջին» գործողության կոչը, ցույց է տալիս, որ երկու էջերն էլ ավելի մեծ լսարան ներգրավելու խնդիր են դրել:

Համագործակցություն բաց կերպով

Առցանց տիրույթում ոչ հավաստի համակարգված գործողության տիպիկ օրինակ է, երբ դրա մեջ ներգրավվածներն ամեն ինչ անում են (թեև միշտ չէ, որ հաջողությամբ) իրենց համագործակցությունը թաքցնելու համար: «Ադեկվադի» և AntiFake.am-ի #SutNikol արշավը և նմանատիպ այլ նախաձեռնություններ բացառություն են այս կանոնից:

«Համակարգված կեղծ վարքի» մասին ֆեյսբուքյան նկարագրությունը վերաբերում է այն դեպքերին, երբ անհատները, էջերը կամ խմբերը «աշխատում են միասին՝ մոլորության մեջ գցելով մյուսներին իրենց անձի և գործունության հարցում»: Այնուամենայնիվ, նման գործունեության որոշ դերակատարներ չեն թաքցնում իրենց ինքնությունը և համագործակցությունն այլոց հետ: Հայաստանում գործող այս խմբերի վերաբերյալ DFRLab-ը հայտնաբերել է մեկ դեպք, երբ չի երևում AntiFake.am-ի գրանցողը: Նման տեսակի գործողությունները մոլորության մեջ են գցում հանրությանը:

www.Fip.am