Դեսպան Ներսեսյանը միջազգային համաժողովում բարձրաձայնել է Ադրբեջանի կողմից ԼՂ-ում հայկական ժառանգության համակարգված ոչնչացման փաստերը

Հուլիսի 5-6-ը Լոնդոնում անցկացվել է կրոնի և հավատքի ազատության միջազգային նախարարական համաժողովը։ Այդ մասին ասված է Միացյալ Թագավորությունում ՀՀ դեսպանության Ֆեյսբուքի էջում:

Համաժողովում Հայաստանը ներկայացնում էր ՄԹ-ում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Վարուժան Ներսեսյանը։

Իր ելույթում դեսպան Ներսեսյանը վերահաստատել է Հայաստանի հանձնառությունը ժողովրդավարական արժեքներին, մարդու իրավունքներին, ներառյալ՝ հավատքի և կրոնի ազատությանը։

Դեսպանը, անդրադառնալով Մերձավոր Արևելքում քրիստոնյաների բարդ կացությանը, կարևորել է տարածաշրջանում քրիստոնեության պատմական ներկայության պաշտպանության և վերականգնման անհրաժեշտությունը, ինչպես նաև ներկայացրել Հայաստանի հետևողական ջանքերը այդ հազարամյա ժառանգության վերականգնման և պահպանման ուղղությամբ։

Դեսպան Ներսեսյանն ընդգծել է Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղում հայկական մշակութային և կրոնական ժառանգության համակարգված ոչնչացման փաստերը՝ որպես կրոնական անհանդուրժողականության և ատելության վառ դրսևորումներ:

Դեսպանն ուշադրություն է հրավիրել 2020 թվականի Լեռնային Ղարաբաղի դեմ պատերազմի ժամանակ և դրանից հետո Շուշիի Սուրբ Ամենափրկիչ տաճարի թիրախավորմանն ու պղծմանը, ինչպես նաև բազմաթիվ այլ հայկական հոգևոր հուշարձանների ավերմանը՝ ընդգծելով նաև Նախիջևանի հայկական ժառանգության լիակատար ոչնչացման փաստերը։

Դեսպան Ներսեսյանը նաև ուշադրություն է հրավիրել Ադրբեջանի կողմից Արդարադատության միջազգային դատարանի (7/12/2021) վճռի իրականացման անտեսման վրա, որով Ադրբեջանին հանձնարարվում էր կանխել և պատժել հայկական մշակութային ժառանգության հանդեպ վանդալիզմի և պղծման գործողությունները։

Իր եզրափակիչ խոսքում դեսպան Ներսեսյանն ընդգծել է մարդու իրավունքների և ազատությունների գործող միջազգային մեխանիզմները և վերանայելու անհրաժեշտությունը, ինչպես նաև վերահաստատել Հայաստանի պատրաստակամությունը՝ համագործակցելու բոլոր շահագրգիռ գործընկերների հետ՝ պաշտպանելու կրոնական փոքրամասնությունների շահերը և պահպանելու միջազգային հանրության համընդհանուր արժեքները: