Հատիս լեռը ճանաչվել է երկրաբանական հուշարձան, որի տարածքում շինարարական և հողային աշխատանքներն օրենքով արգելված են․ ԳԱԱ Երկրաբանական գիտությունների ինստիտուտ

ՀՀ ԳԱԱ Երկրաբանական գիտությունների ինստիտուտը Հատիս լեռան գագաթին Հիսուս Քրիստոսի արձանի շինարարության մեկնարկի վերաբերյալ հանդես է եկել հայտարարությամբ․

«1. Հատիս հրաբուխը, որի բարձրությունը ծովի մակարդակից 2529մ է, Հայաստանի տարածքի չորրորդական հասակի 14 ռիոլիտային գմբեթաձև հրաբուխներից մեկն է։ Հրաբխային ակտիվության առաջին փուլում ժայթքել է ռիոլիտային կազմի պիրոկլաստիկ նյութ, որին հետևել են օբսիդիանների և դացիտային լավային հոսքեր։ Լավաների վերջին մածուցիկ զանգվածները խցանել են հրաբխի խառնարանը և առաջացրել գմբեթաձև կառույց կամ հրաբխային նեկկ։ Տարբեր աշխատություններում առկա են Հատիսի հրաբխային գործունեության հասակագրումներ, որոնք 0,38-0,66 մլն տարի միջակայքում են և համապատասխանում են միջին պլեյստոցենին։ Միջին պլեյստոցենի վերջում, ուշ պլեյստոցենի սկզբում Հատիսի լանջերին առաջացել են ավելի փոքր հրաբուխներ և ճեղքեր, որոնցից արտավիժել են բազալտային անդեզիտային կազմի լավային հոսքեր։ Հատիս հրաբխի լանջերին առկա են հրաբխային ապակու (օբսիդիանի կամ վամակատի) բազմաթիվ ելքեր և լավային հոսքեր։

ՀՀ տարածքում առկա են շուրջ 550 չորրորդական հասակի հրաբուխներ, որոնցից 14-ը ռիոլիտային կազմի գմբեթաձև հրաբուխներ են և որոնց կառուցվածքում առկա են օբսիդիանից կազմված լավային հոսքեր։ Կից նկարներում ներկայացված են Հատիս հրաբուխը՝ նկարված հարավից, օբսիդիանների մերկացումները լեռան լանջերին և ՀՀ ԳԱԱ Հրաբխագիտության լաբորատորիայի կողմից կազմված Հատիս ու Գութանսար հրաբուխների երկրաբանական քարտեզը (պայմանական նշանները բերված չեն)։