OpenAI-ի ներսում հայտնաբերվել են դեպքեր, երբ ChatGPT-ն օգտատերերի վտանգավոր հարցումներին պատասխանել է չափազանց մանրամասն՝ տրամադրելով տեղեկություններ թույների, վարակիչ նյութերի և կենսաբանական զենքի ստեղծման ու կիրառման վերաբերյալ։
Այս մասին գրում է The Wall Street Journal-ը՝ հղում անելով OpenAI-ում իր աղբյուրներին։
Թերթի զրուցակիցների խոսքով՝ OpenAI-ի արհեստական բանականության մոդելները որոշ դեպքերում «համբերատար պատասխանել են հարցերին» և տվել քայլ առ քայլ հրահանգներ, որոնք վերաբերում էին թույների և կենսաբանական զենքի ստեղծմանը կամ կիրառմանը։ WSJ-ի փոխանցմամբ՝ կենսաբանության և ահաբեկչության դեմ պայքարի ոլորտի փորձագետները, որոնք ուսումնասիրել են այդ երկխոսությունները, չաթբոտի որոշ պատասխաններ գնահատել են որպես «սարսափելի ճշգրիտ»։
Լրատվամիջոցի տվյալներով՝ օգտատերերից մեկը ChatGPT-ից տեղեկություններ է ստացել վարակիչ միկրոօրգանիզմները աէրոզոլային ձևի բերելու վերաբերյալ, մեկ ուրիշը՝ կարմրուկի վիրուսը փոփոխելու մասին, իսկ երրորդը հետաքրքրվել է բարձր թունավոր ռիցին ստանալու եղանակով և զրույցի ընթացքում նշել ծնողներին սպանելու մտադրության մասին։
OpenAI-ն արգելափակել է այդ օգտահաշիվները, սակայն, ըստ WSJ-ի, դեպքերի մասին իշխանություններին չի տեղեկացրել։ Թերթը նշում է, որ ԱՄՆ-ում ներկայում չկա օրենք, որը արհեստական բանականության մշակող ընկերություններին պարտավորեցնում է նման հարցումների մասին հայտնել իրավապահներին կամ սահմանափակել դրանք, նույնիսկ եթե խոսքը կարող է վերաբերել զենքի ստեղծմանը կամ անվտանգության սպառնալիքներին։



















