«Պատերազմի ժամանակ քրոջը բանաստեղծություն էր ուղարկել, ասել՝ եթե ես չվերադառնամ, մամայի ծնունդին իմ կողմից կնվիրես»․ Շիրակը

Անահիտ Վարդապետյանը հուզվում է՝ հիշելով հոկտեմբերի 7-ը։ Այդ օրը որդին վերջին անգամ զանգել է պատերազմի դաշտից ու իր գրած բանաստեղծությունն է քրոջը փոխանցել, որ նվիրի մորը։

«Ասել ա՝ Շահանե, էն որ սարսափ կինոներ էինք նայում, էստեղ էդ սարսափից էլ վատ ա։ Ուղարկել էր քրոջը «Հնչող ձայներ, ցիրուցան իղձեր» բանաստեղծությունը, որը հենց պատերազմի ժամանակ էր գրել։ Ասել է՝ եթե ես չվերադառնամ, մամայի ծնունդին իմ կողմից կնվիրես»,- պատմում է ու կրկին հուզվում Անահիտը։

Համազարկ է, եղբա՛յր, դե վե՛ր կաց քնից,

Նաիրին է լալիս, դե վե՛ր կաց, եղբա՛յր,

Չկա ամոքող վերքերին հայոց,

Ոտքի՛ ել, եղբա՛յր, քաջազո՛ւն պոետ,

Ղեկն է աշխարհի անմիտ պտտվում․․․

Շիրակ Գասպարյանը Երևանի պետական համալսարանի Իջևանի մասնաճյուղի պատմության ֆակուլտետն ավարտելուց հետո ընդունվել է Պրահայի Կարլովի համալսարանը, որտեղ դիվանագիտություն պետք է ուսումնասիրեր։ Սակայն մայրը պատմում է, որ որդին որոշել է առաջնահերթ հայրենիքին իր պարտքը տալ, հետո մտածել կրթությունը շարունակելու մասին։

«Ասեց՝ ես պիտի պարտադիր ծառայեմ, պարտքս տամ հայրենիքիս, ավելի լավ ա՝ սկզբում իմ պարտքը կատարեմ, հետո նոր վերադառնամ սովորելու»,- պատմում է Անահիտը ու նշում, որ որդին դեռ դպրոցական տարիներից լավ է սովորել, համալսարանում մասնակցել է միջբուհական ինտելեկտուալ մրցույթների, գիտաժողովների, գիտական աշխատություններ գրել, մայրենիից բացի տիրապետել է նաև մի քանի լեզուների՝ անգլերեն, ֆրանսերեն, ռուսերեն, գրել բանաստեղծություններ ու վիպակներ և ապագայի բազմաթիվ նպատակներ ուներ՝ կրթության, մասնագիտության ու աշխատանքի հետ կապված։

«Բայց ամեն ինչ կիսատ մնաց»,- հուզվում է մայրը։

Շիրակ Գասպարյանը ծառայել է Ջրականում, որտեղ էլ պատերազմի ժամանակ մարտնչել է թշնամու դեմ, այնուհետև տեղափոխվել Հադրութ՝ շարունակելով թեժ պայքարը։

Հադրութի Վանք գյուղում, հայտնվելով շրջափակման մեջ, Շիրակը զոհվել է։ 

Մայրը պատմում է․ «Լեյտենանտը որ մեդալը բերեց, ասեց՝ հոկտեմբերի 20-24-ն ընկած ժամանակահատվածում է զոհվել։ Հանձնարարություն է ունեցել, հոկտեմբերի 11-ին ավարտել է, վերադառնալիս ընկել է շրջափակման մեջ։ Ընկերներին գերի են տարել, ինքը չի հանձնվել, մի կրակոց ա եղել իր գանգուղեղին»։

Գասպարյանները շուրջ երեք ամիս որդուց լուր չեն ունեցել, հունվարի 10-ին զանգել են, որ ԴՆԹ համընկնում է եղել։

«Շիրակը երկու աղջիկներից հետո մեր սպասված տղան է եղել։ Նրանից հետո ինչպե՞ս պետք է փոխված լինի մեր կյանքը՝ դեպի վատը, եթե տան միակ լույսն է եղել ու մարել է»,- ցավով ասում է որդեկորույս մայրը։

Շիրակ Գասպարյանը հետմահու պարգևատրվել է «Մարտական խաչ» երկրորդ աստիճանի շքանշանով և Արիության համար մեդալով։ Հուղարկավորված է ծննդավայրում՝ Տավուշի մարզի Աչաջուր գյուղում։

ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի լսարաններից մեկը անվանակոչվել է Շիրակ Գասպարյանի անունով, ինչպես նաև համալսարանում անվանական կրթաթոշակ է սահմանվել հումանիտար բաժնում լավ սովորող ուսանողի համար։

Անահիտն ասում է՝ որդին հայրենասեր էր, պատերազմի դաշտում էլ Շիրակը առանձնացել է իր խիզախությամբ, իրենից տարիքով փոքր զինվորների մասին հոգածությամբ․

«Իրա ավագ լեյտենանտը պատմեց, որ երբ ինչ-որ մեկին ուզել են ուղարկել հանձնարարության, Շիրակն ասել ա՝ խնդրում եմ՝ ինձ ուղարկեք, ես 22 տարեկան եմ, չորս տարի ավելի եմ ապրել, ջահելներին մի՛ ուղարկեք։

Պատմում են, որ երբ Ջրականում ԱԹՍ-ն խփել է, ոչ մեկը չի մոտեցել անդամահատված, զոհված զինվորների մարմինները դուրս բերելու, Շիրակս է մոտեցել, հավաքել մասունքները, ասել՝ վերջում ԴՆԹ-ն կորոշի»։

Մայրն ասում է՝ Շիրակի ստեղծագործություններն էլ կամ հայրենիքին են նվիրված, կամ սիրած աղջիկներին։

Շիրակի զոհվելուց հետո ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի աջակցությամբ հրատարակվել է նրա բանաստեղծությունների ժողովածուն՝ Շիրակի գրած վերջին բանաստեղծության՝ «Ցիրուցան իղձեր» խորագրով։

Մայրն ասում է՝ հաճախ է որդու հետ մտովի զրուցում, ափսոսանք հայտնում, որ այսօր նա իրենց հետ չէ, սակայն մյուս կողմից էլ գիտակցում է. 

«Հայրենիքը պահելու համար զոհեր են լինում։ Լույսս մարել է, շատ ծանր է, բայց մտածում եմ՝ հայրենիքն էլ մերն է, որ յուրաքանչյուրս պահի իր տղային, ինչպե՞ս կլինի, բայց պետք է գնահատել մեր հերոսներին ու մեր հերոսների ընտանիքներին։ Ես մանկավարժ եմ, նույն ոգով էլ շարունակում եմ դպրոցում դասավանդել, որքան էլ նեղված եմ, միևնույն է՝ հայրենասիրություն եմ սերմանում երեխաների մեջ»։

Արփինե Արզումանյան

MediaLab.am