ՀՀ կառավարությունը օգնություն կտրամադրի Իրաքյան Քուրդիստանի ճամբարներում հայտնված եզդի փախստականներին, ներքին տեղահանության ենթարկված քրդերին ու ասորիներին։
Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Ռուստամ Բաքոյանը:
«Հայաստանի Հանրապետության կառավարությունն այսօր որոշում է կայացրել Էրբիլում ՀՀ գլխավոր հյուպատոսությանը հատկացնել 80 000 ԱՄՆ դոլար՝ անհրաժեշտ ապրանքների գնման, օգնության բաշխման նպատակով` յուրաքանչյուր անձի համար շուրջ 100 ԱՄՆ դոլարի հաշվարկով։
Ընդհանուր գումարի մնացորդ 30 000 ԱՄՆ դոլարն էլ կհատկացվի տարբեր ճամբարներում բնակվող եզդի և այլ փոքրամասնությունների փախստականների համար տաքացուցիչներ (ֆուջիկա) և ծածկոցներ ձեռք բերելու համար։
Բոլորիս է հայտնի, թե ինչպիսի կենցաղային ծանր պայմաններում են ապրում և գոյատևում ազգային փոքրամասնությունները ողջ Քուրդիստանի տարածքում։
Այո, մարդասիրական աջակցության կարիքը մշտապես առկա է` քանի դեռ շարունակում են չլուծված մնալ բազմաթիվ խնդիրներ»,- գրել է նա։