Հրաչյա Սարգսյանն այցելել է Ժամանակակից արվեստի թանգարան

Շուրջ 1500 այցելու և 600 հյուր. Ժամանակակից արվեստի թանգարանի 50 և Հենրիկ Իգիթյանի 90-ամյակներին նվիրված ցուցահանդեսը մեկ ամսում գրավել է բազմաթիվ արվեստասերների ուշադրությունը: Հանրապետության հրապարակի՝ ԱԳՆ նախկին շենքում ներկայացված նոր ու բացառիկ ցուցադրությանը ծանոթացել է նաև Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը:

Թանգարանի չցուցադրվող ֆոնդերում տասնամյակներ շարունակ պահվող ավելի քան 300 բացառիկ գործ, այդ թվում՝ Ժանսեմի, Գառզուի, Մինաս Ավետիսյանի, Աշոտ Հովհաննիսյանի, Վրույր Գալստյանի, Ռուդոլֆ Խաչատրյանի, Էլիբեկյանների, այսօր հասանելի է ժամանակակից արվեստը գնահատողներին: Նախագիծն իրականացվել է Երևանի քաղաքապետարանի, ինչպես նաև Հայաստանի ազգային հերոս Էդուարդո Էռնեկյանի աջակցությամբ:

«Մեր նպատակն է, որ Երևանը նաև մշակութային կենտրոն լինի, և մենք պետք է աջակցենք, որպեսզի թանգարանային բոլոր նմուշները, որոնք ցուցադրվում են կամ երբևէ չեն ցուցադրվել, ավելի հասանելի դառնան քաղաքացիների համար, նրանք ավելի շատ տեղեկացված լինեն, թե ինչ է կատարվում Երևանի մշակութային կյանքում: Այս ցուցահանդեսը վառ օրինակ է, որը հնարավորություն կտա քաղաքացիներին շփվելու ժամանակակից արվեստի հետ: Որոշում կա նաև, որ այսուհետ մեր բոլոր թողարկումների ընթացքում մշակութային բաժին ենք ունենալու և արտացոլելու ենք Երևանի մշակութային կյանքը տարբեր ուղղություններով, որպեսզի այն ավելի հասանելի լինի»,- նշել է քաղաքապետը:

Այցելուների համար ցուցահանդեսը բաց է յուրաքանչյուր օր, բացի երկուշաբթիից, ժամը 11:00-18:00-ն, այն կգործի մինչև օգոստոսի 16-ը: