«Լրագրողները պետք է հասկանան, որ ռազմական գործողությունների տարածքում լայվ մտնելը վտանգավոր է». Սամվել Մարտիրոսյան

Հայ-ադրբեջանական սահմանին իրավիճակի լարմանը զուգընթաց Ֆեյսբուք սոցիալական ցանցում ադրբեջանցի օգտատերերն այս օրերին «գրոհել» են հայկական էջեր ու տարաբնույթ մեկնաբանություններ են թողնում։

Տեղեկատվական անվտանգության փորձագետ Սամվել Մարտիրոսյանը կոչ է անում ժամանակ չվատնել ադրբեջանցիների մեկնաբանություններին պատասխանելու համար, պարզապետ ջնջել դրանք։

Հայկական ԶԼՄ-ների ֆեյսբուքյան էջերում նույնպես ադրբեջանցիները մեծ թվով մեկնաբանություններ են թողնում։

«Մտնում են հիմնականում լրատվականների էջեր ու վատ մեկնաբանություններ դնում։ Մի մասը դա անում է կամավոր՝ ելնելով իրենց հակահայկականությունից, բայց կան նաև պետական աշխատողներ։ Նրանց խնդիրն այն է, որ մարդկանց վրա հոգեբանական ճնշում գործադրեն։ Եվ իմ խորհուրդն է, որ պետք չէ նրանց պատասխանել, ժամանակ ծախսել, պարզապես պետք է արգելափակել»,- «Մեդիալաբին» ասում է Սամվել Մարտիրոսյանը։

Ինչ վերաբերում է ապատեղեկատվություն տարածելուն, ապա Ֆեյսբուք սոցիալական ցանցում ադրբեջանցիները ապատեղեկատվություն տարածում են հիմնականում կեղծ հայկական պրոֆիլներով։

Անդրադառբալով հարցին, թե հայկական մեդիադաշտում տեղեկատվական անվտանգության առումով ի՞նչ վիճակ է, սահմանին իրավիճակի սրման նախորդ դեպքերի համեմատ ի՞նչ փոփոխություն է նկատվում, Սամվել Մարտիրոսյանն ասում է, որ խնդիրներից մեկը ուղիղ եթերներն են։

«Խնդիրներից մեկը լայվերն են, և լրագրողները պետք է հասկանան, որ եթե ռազմական գործողությունների տարածքում են գտնվում ու լայվ են մտնում, դա վտանգավոր է, որովհետև կադրի մեջ ինչ ասես կարող է հայտնվել։

Կամ՝ եթե ուղիղ եթերով հարցազրույց ես վերցնում, մարդն ինչ ասես կարող է խոսել, և դու հնարավորություն չունես դա խմբագրելու։ Ինձ թվում է՝ այս անգամ ամենամեծ պրոբլեմը դա է»,- ասում է նա։

Ըստ փորձագետի՝ մեդիադաշտում խնդիր է նաև այն, որ կան լրատվամիջոցներ, որոնք փորձում են առաջինը հայտնել տեղեկությունը։ Բայց այդ խնդիրը, ըստ Մարտիրոսյանի, նաև ընդհանուր կարգավորումներից է գալիս։

«Պաշտպանության նախարարությունը մինչև հիմա չի ստեղծել հստակ ձեռնարկ, որպեսզի լրագրողները բոլոր կետերով իմանան՝ ինչն է կարելի, ինչն է արգելված։ Եթե ինչ-որ բան արգելվում է, հստակ պետք է բացատրվի, թե ինչու։

Այդ դեպքում շատ հարց կլուծվի։ Իսկ հիմա ամեն ինչ դրված է լրագրողների զգոնության վրա, իսկ դրա վերաբերյալ տարբեր մարդիկ տարբեր պատկերացումներ ունեն»,- ասում է Մարտիրոսյանը։

Տեղեկատվական անվտանգության փորձագետը մարդկանց խորհուրդ է տալիս նման արտակարգ իրավիճակներում ապավինել միայն վստահելի տեղեկատվությանը։

«Խորհուրդ կտամ վստահել այն աղբյուրներին, որոնց մինչև այդ էին վստահում, ավել-պակաս բաներ չնայել։ Հակառակորդը շատ բաներ անում է հոգեբանական ազդեցության համար։ Եվ եթե դու ինքդ պատրաստ չես այդ ամենը մարսելու, ավելի լավ է չնստել նայել, հետո ազդվել»,- նշում է նա։

Ինչի վերաբերում է ադրբեջանական մամուլի կողմից տարածվող ապատեղեկատվությանը՝ Սամվել Մարտիրոսյանն ասում է, որ այդ երկրի մամուլն ամբողջովին վերահսկվող է։

«Նրանց լրատվամիջոցները բոլորը կարծես պատի թերթ լինեն։ Ապատեղեկատվությունը այլանդակ ծավալի է հասնում այնտեղ, ինչ խելքներին փչում է՝ գրում են։ Եթե չգիտեն ինչ գրել, վերցնում են ֆեյք, սքրին շոթ են սարքում, որ հայ օգտատերերն իբր գրել են, թե 200 կորուստ կա։ Իրենք հիմա խնդիր ունեն նման բաներ կերցնելու իրենց հասարակությանը, որպեսզի կարողանան ներքին դժգոհությունը կանգնեցնել»,- ասում է Սամվել Մարտիրոսյանը։

Ռոզա Հովհաննիսյան

MediaLab.am