Գերությունից չորս տարի անց. մարդկային տառապանքի հաղթահարման պատմություն

Գերությունից չորս տարի անց. մարդկային տառապանքի հաղթահարման պատմություն
Գերությունից չորս տարի անց. մարդկային տառապանքի հաղթահարման պատմություն

22 ամիս չոր տախտակները` որպես անկողին, աղոթքները` չմարող հույս: Հեռու մշուշներում` 5 ամսական որդին,հարևանությամբ` մկները, մետաղի չմարող ձայնն ու ստորացումները: 

Հաղարծին գյուղի բնակիչ Արթուր Բադալյանի ուղեղում շատ պատկերներ դաջվեցին որպես մղձավանջ գրեթե երկու տարի անցկացրած ադրբեջանական գերության օրերից` կյանքը բաժանելով մինչև գերությունը և գերությունից հետո:

2009 թվականի մայիսի 9-ին Արթուրն ընկերներով գնացել էր սունկ հավաքելու և, Բերդի շրջանում առանձնանալով ընկերներից, մոլորվել, թշնամու ձեռքն ընկել:

«Մեկն ինձնից հայերենով սիգարետ ուզեց, տվեցի: Էլ ոչ մի բառ չասաց: Միայն ռուսերեն ասաց՝ մի´ վախեցիր: Հետո եկան մի քանի հոգի ու ինձ տարան,- «Մեդիալաբի» հետ զրույցում գերությունից ազատվելուց հետո պատմել էր նա: – Ավելի վատ բաներ անցան մտքովս: Մտածեցի, որ էլ չեմ վերադառնա, գնում եմ բայրամի, ու ինձ տանում են մորթելու»:

Ադրբեջանցիներն Արթուրին նախ տարել են սահմանամերձ գյուղի զորամաս, ապա` Ղազախ, Բաքու, հետո` նորից Ղազախ:

Ադրբեջանական գերությունից Արթուրի միակ լավ հիշողությունը Բաքվի անլույս ու խոնավ խցում իր հետ ապրող մուկն է՝ իր ձագերով: Արթուրի աչքի առջև են ծնվել ու մեծացել: Ասում է, որ նրանց հետ է կիսել իր մղձավանջի օրերը: Դառնություններն ու կտտանքների մասին հիշողությունները` բազմաթիվ:

2 տարվա ընթացքում գերուն չեն թույլատրել զբոսնել, պարբերաբար ծեծի ու ստորացումների են ենթարկել, շատ հաճախ Արթուրը բնական կարիքները հոգացել է հենց այն խցում, որտեղ ապրել է: Գերու անձնական հիգիենան ապահովել են 2-3 ամիսը մեկ՝ դրսում՝ հիշում է` ցուրտ եղանակին սառը ջրի շիթը պահելով նրա մարմնին:

Շատ դեպքերում քաղցած է օրն անցկացրել:

«Ահավոր վիճակ էր: Շորերս լվանում էի այն ժամանակ, երբ կամերան քլորով «մաքրում» էին: Ստիպված աչքերս լաթով կապում էի, որ չկուրանամ: Սաղ գիշեր մերկ վիճակում հագուստս թափահարում էի կամ պառկում վրան՝ մարմնիս ջերմությամբ չորացնելու համար: Սնունդ չկար: Փչացած հացի երեսով եմ սնվել»,- ասում է սահմանամերձ գյուղի բնակիչը:

Տեղի ունեցածից հետո գերիների փոխանակության շնորհիվ սարսափելի պատմությունն ավարտվել է, և Արթուրը վերադարձել է հայրենի գյուղ` ընտանիքի գիրկ` փորձելով հաղթահարել տեղի ունեցածի սարսափելի հետևանքները:

2011-ի մարտի 17-ին երիտասարդն ընտանիք վերադարձավ` ամբողջովին փոխված: Մոր խոսքով` դարձել էր լռակյաց ու ինքնամփոփ, չէր խոսում անգամ իր հարազատների հետ, վանում էր անգամ հարազատ զավակին: Մտքով դեռ գերության մեջ էր…

22 ամիս Ադրբեջանում գերության մեջ մնացած և անասելի զրկանքների ու կտտանքների ենթարկված երիտասարդի առողջական վիճակը, ըստ բժիշկների, թեև բարելավվում է, սակայն վերադարձից չորս տարի անց էլ Արթուրն ամբողջությամբ չի ազատվել գերության թողած ծանր հետևանքներից:

Արթուրի վերականգնումն այսօր էլ շարունակվում է: Բժշկական կենտրոնում բուժման կուրսեր է ընդունում, մշտապես դեղեր խմում: Հարազատներն հավաստում են, որ փոփոխությունն ակնհայտ են, սակայն ոտքերը դեռ թմրած են, ինքը բացատրում է, որ ցրտահարել է գերության ամիսներին:

«Հայ Ձմեռ պապի» բարեգործական հիմնադրամի նախագահ Արմենուհի Պետրոսյանը Արթուրի ու նրա ընտանիքի հետ մշտական կապի մեջ է «Մեդիալաբի» հետ համագործակցության եւ հրապարակումից հետո:

Վերջին անգամ տիկին Պետրոսյանը Բադալյանների տանը եղել է ամռանը, երբ հիմնադրամն ընտանիքին փոխօգնության սկզբունքով 7 ոչխար նվիրեց:

«Անընդհատ հեռախոսով կապի մեջ ենք: Մի երկու օր առաջ էր զանգել, ոչխարները հիվանդացել էին, Արթուրն անհանգստանում էր: Խորհուրդ էր հարցնում` ի´նչ անել: Դա ինձ ուրախացրեց` նա ստանձնում է պատասխանատվություն, նա հանձնառու մարդ է, իրեն զգում է հասարակության անդամ»,- «Մեդիալաբին» ասում է Պետրոսյանը:

Պետրոսյանի խոսքով`հունիսին Բադալյանների տանը համերաշխ հայկական ընտանիք տեսավ: Արթուրն այլևս սարսափների մասին չէր խոսում կամ շարունակ լռում, այլ ապրում էր լիարժեք ընտանեկան կյանքով, կինը ժպտում էր, երեխան չէր իջնում հոր գրկից: Երիտասարդ ընտանիքն արդեն նույնիսկ երկրորդ երեխայի մասին է մտածում: Ընտանեկան հարաբերություններում այս ջերմությունը տիկին Պետրոսյանն ամենակարևոր փոփոխությունն է համարում:

«Արթուրին ասացի, որ ուրախ եմ նրան այդ վիճակում տեսնելու: Նա խիստ դեմքով ասաց` ես հերոս եմ: Դա ինձ շատ տպավորեց: Նրա մեջ պիտանիության զգացումն արթնացել է,- հիշում է տիկին Պետրոսյանը ու հավելում,- սա մարդկային տառապանքի հաղթահարման շատ հուզիչ պատմություն է»:

Մարդու իրավունքների եվրոպական դատարանում գրանցված է Արթուր Բադալյանի գործն ընդդեմ Ադրբեջանի ու սպասում է իր քննության հերթին: «Ռազմավարական դատավարությունների կենտրոն» իրավապաշտպան հասարակական կազմակերպությունն է դիմել:

Կազմակերպության նախագահ, ԱԺ անկախ պատգամավոր Էդմոն Մարուքյանը «Մեդիալաբին» ասում է, որ այս պահին դեռ պետության անելիքը չի տեսնում, բայց երբ գործը վարույթ ընդունվի, այդ ժամանակ Հայաստանի Հանրապետությունից որոշակի քայլեր կակնկալվեն:

Թե ե´րբ «Արթուր Բադալյանն ընդդեմ Ադրբեջանի» գործը ՄԻԵԴ-ում կքննվի, պարզ չէ: Դատարանի ծանրաբեռնվածության պատճառով որոշակի ժամկետներ չկան: Հնարավոր է` գործընթացը տարիներ տևի:

«Պահանջն այն է, որ ՄԻԵԴ-ը ճանաչի, որ Ադրբեջանը խախտել է Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին եվրոպական կոնվենցիայի 3-րդ (խոշտանգումների արգելում) և 5-րդ (ազատության և անձնական անձեռնմխելիության իրավունք) հոդվածները»,- ասում է Էդմոն Մարուքյանը: Ինչ վերաբերում է փոխհատուցման պահանջին, այն առայժմ չի ներկայացվել, քանի որ Արթուր Բադալյանը դեռ բուժվում է: Երբ գործն ընդունվի ՄԻԵԴ-ի վարույթ` հաշվի կառնվի նաև նախկին գերու վերականգնման ողջ գործընթացը:

© Medialab.am