«Հարկադիր ամլացման» ծրագիր․ ի՞նչ է դա նշանակում և ինչ է առաջարկում ՀՀ ԱՆ-ն.Fip

Fip.am-ը գրում է.

Հայաստանի Առողջապահության նախարարությունը հուլիսի 15-ին նոր օրենսդրական նախագիծ է ներկայացրել՝ առաջարկելով փոխել «կամավոր ամլացման» օրենսդրական կարգավորումները, միաժամանակ առաջարկելով անգործունակ ճանաչված մարդկանց ամլացում՝ դատարանի որոշմամբ։

«Փաստերի ստուգման հարթակը» որոշեց ուսումնասիրել նախագիծը, դրա խնդրահարույց կետն ու միջազգային փորձը։

Ինչ է առաջարկվում

Հանրային քննարկման ներկայացված նախագիծը, ի թիվս այլնի, սահմանում է  «դատարանի կողմից անգործունակ կամ սահմանափակ գործունակ ճանաչված անձանց` բժշկական ցուցումներով ամլացումը` դատարանի որոշմամբ»։ 

Այս ձևակերպումը կարող է նշանակել, որ թույլատրվում է որոշում կայացել առանց անձի համաձայնության։ Մարդու իրավունքների պաշտպանությամբ զբաղվողների տեսակետի համաձայն, այս դրույթը «խախտում է նախագծի՝ կամավորության սկզբունքի վրա հիմնված լինելը» և այն դարձնում «հարկադիր ամլացման» նախագիծ։ 

Մյուս կողմից, այն խախտում է հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքները։ 

Հետաքրքիր է, որ դատարանի որոշմամբ ամլացման մասին նախադասությանը նախորդում է այս որոշման «կամավոր» լինելու կարևորության մասին պատմող պարբերությունը. «․․․ կամավոր բժշկական ամլացումը վիրաբուժական միջամտություն է, որը կիրառվում է որպես մշտական բեղմնականխման եղանակ և կատարվում է միայն կամավոր սկզբունքով՝ չափահաս անհատի (ամուսինների) իրազեկված համաձայնության դեպքում: Կամավոր բժշկական ամլացումը կարող է իրականացվել անհատի ցանկությամբ կամ բժշկական ցուցումներով` անհատի գրավոր իրազեկված համաձայնությամբ»:

Հատկանշական է նաև, որ Հայաստանի կառավարության՝ 1998 թվականին ընդունած որոշումն արգելում է դատարանին նման որոշում կայացնել։ 

Նախագծի հրապարակումից հետո «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների օրակարգ» ՀԿ-ի առաջարկությունը՝ խնդրահարույց կետը հանելու և «Բժշկական ամլացմանը ենթակա չեն դատարանի կողմից անգործունակ ճանաչված անձինք» կետը ներառելու մասին, Առողջապահության նախարարությունը ընդունել է «ի գիտություն»՝ նշելով, որ նախագիծը կխմբագրվի։ 

Ըստ առողջապահության նախկին նախարար, ներկայիս գումարման ԱԺ պատգամավոր Արսեն Թորոսյանի՝ նախագիծը իրականում ենթադրում է «անգործունակ» ճանաչված անձանց կամավոր ամլացում, սակայն դատարանի որոշմամբ։ Նախագծի հավելվածի քննարկվող հատվածի առկա ձևակերպումները, այդուհանդերձ, չեն համապատասխանում Արսեն Թորոսյանի մեկնաբանություններին։

Միջազգային փորձը

Հարկադիր ամլացումը կոնկրետ խմբի մարդկանց դեմ ուղղված՝ վերջիններիս կամքից անկախ ամլացում իրականացնելու պետական նախագիծ է։ Այսպիսի ծրագրերը որոշակի դեպքերում ուղղված են եղել ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի տարածման կանխարգելմանը, բնակչության թվի վերահսկմանը և այլն։ Սա միջոց է եղել  նաև Էթնիկ զտումների, ցեղասպանությունների իրականացման համար։ Որոշ, հիմնականում ավտորիտար երկրներում նման օրենքներ կան մինչ օրս։ 

Բանգլադեշում, օրինակ, հարկադիր ամլացումը ծնելիության վերահսկման պետական քաղաքականության մաս է և, որպես կանոն, թիրախավորում է անապահով խավին՝ փոքր չափի գումար առաջարկելով վիրահատության ենթարկվելուն համաձայնեցնելու համար։ Բրազիլիայում ևս, առանձին դեպքերում դատարանը իրավունք ունի անձին ամլացնելու (ստերիլիզացնելու) որոշում կայացնել։ 

Կանադայի իշխանությունները նախորդ դարի վերջին դեռևս սիստեմատիկորեն իրականացնում էին տեղաբնիկ ժողովուրդների ամլացում՝ իրենց կամքին հակառակ՝ կրկնակի նվազեցնելով ծնելիության մակարդակը բնիկ ժողովուրդների շրջանում։ Անգամ 2018-ին դեռևս բողոքներ կային հարկադիր ամլացման մասին, որից հետո Կանադայի կառավարությունը խոստացավ ՄԱԿ-ի հետ կիսել իր տիրապետության տակ եղած ցանկացած տեղեկություն։ 

Ավելին՝ սկզբնաղբյուր կայքում