«Իշխանությունները կարծես թե չեն էլ թաքցնում, որ նոր պատերազմը չի բացառվում». Ստյոպա Սաֆարյան

«Իշխանությունները կարծես թե չեն էլ թաքցնում, որ նոր պատերազմը չի բացառվում». Ստյոպա Սաֆարյան
«Իշխանությունները կարծես թե չեն էլ թաքցնում, որ նոր պատերազմը չի բացառվում». Ստյոպա Սաֆարյան

Ղարաբաղյան հիմնախնդրի հարցով բանակցությունները փակուղում են, և Հայաստանի իշխանությունները չեն էլ թաքցնում, որ պատերազմի վերսկսման վտանգ կա: Այս կարծիքին է «Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի» ղեկավար Ստյոպա Սաֆարյանը, ով վերլուծում է վերջին շրջանում տեղի ունեցող զարգացումները:

Իշխանությունների նախաձեռնած «1000 դրամի» նախագծի ներկայացմանը զուգահեռ չեն դադարում լուրերն այն մասին, որ նմանօրինակ քայլերով իշխանությունները պատերազմի են պատրաստվում: Զուգահեռ որոշ իշխանամետ գործիչների կողմից տարածքներ զիջելու մասին վերլուծություններ են արվում: Ստոպա Սաֆարյանը կարծում է, որ այնուամենայնիվ իշխանություններն ինչ-որ բանի են պատրաստվում:

«Այսինքն՝ ինչ-որ բան կա, և իշխանությունները կարծես թե չեն էլ թաքցնում, որ նոր պատերազմը չի բացառվում: Այս առումով նույնիսկ բավական համարձակ հայտարարություններ են արվում, որ խոսքը վերաբերում է ոչ թե նախորդ լարվածություններին, այլ ապագա: Հետևաբար, սա նաև նման է հասարակությանը զորաշարժի ենթարկելուն, հատկապես երբ հրապարակավ այդ ամենը ներկայացվում է ազգ-բանակ կոնցեպտի ներքո: Իհարկե, կա նման ռիսկ, հատկապես հաջորդ տարվա ընթացքում»,- «Մեդիալաբին» ասում է Ստյոպա Սաֆարյանը:

Նրա խոսքով՝ այն, որ Կովկասում շատ լուրջ ռազմաքաղաքական երևույթներ են տեղի ունենում, դրանում կասկած չկա: Մենք նկատում ենք բավական տեսանելի շարժեր, նաև նկատում ենք որոշակի վակումի նշաններ, որը կառաջանա ԱՄՆ-ում իշխանության փոխանցման հետ կապված:

«Ի դեպ, ես դեռևս ամռանը կանխատեսել էի, որ ԱՄՆ ընտրական շրջանն այս առումով բավական ռիսկ է ստեղծում, և թերևս այն, որ մենք կունենանք ամերիկացի համանախագահի փոփոխություն, իշխանության փոխանցում մի վարչակարգի, որի քաղաքականությունը Կովկասում հայտնի չէ: Եվ այս խորապատկերին մենք նկատում ենք մի մեծ ռազբորկա Ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման ռուսական պլանի կոնտեքստում, որտեղ փորձում են հասկանալ, թե ով է ոչ կառուցողական կողմը: Ալիևը փորձում է մեղքը բարդել Երևանի վրա, Երևանը մեղքը բարդում է Ալիևի վրա: Եվ այս խորապատկերին մենք կարծես թե ունենում ենք մկանների ցուցադրություն՝ ի դեմս Ադրբեջանի լայնամասշտաբ զորավարժությունների»,-  ասում է նա:

Վերլուծաբանի խոսքով՝ Բաքվի իշխանությունները վերջին տարիներին ցույց են տալիս, թե իբր մինչև այս տարեվերջ ռուսական նախագահության նախաձեռնությամբ սպասում են ճեղքում: Բնականաբար, ըստ Սաֆարյանի, եթե նրանք նման ժամկետ են նշում, և դա մի տեսակ դառնում է վերջնաժամկետ, այո, կարելի է ակնկալել նաև լարվածության որոշակի աճ և ռազմական գործողություններ:

«Հետևաբար, իհարկե, ես չէի ասի, թե Հայաստանի իշխանությունների այս նախապատրաստությունն ուղղակի տեսական հիմք ունի, այլ կարծես չեն ուզում կոնկրետ նշել, որ ամեն ինչ տանում է դեպի պատերազմ, բայց հասկացնում են, որ իրենք նախապատրաստվում են: Թե հիմա դա անում են այն տեսանկյունից, որ ցույց տան, որ ի տարբերություն նախորդ անգամվա այս անգամ իրենք ավելի պատրաստ են լինելու, թե դա նախընտրական մի հնարք է, որ ահա իրենք անվտանգության հարցերով ավելի կանխարգելիչ մոտեցումների կողմնակից են, քան պոստ ֆակտում հետևանքին բախվելը, ինչպես ապրիլյան պատերազմն էր, ես ճիշտն ասած այս պահին դժվարանում եմ ասել: Բայց մի բան ակնհայտ է, որ անգամ իշխանությունը չի թաքցնում իր կողմից նախապատրաստությունը նոր հնարավոր ռազմական գործողություններին»,- հավելեց նա:

Ըստ Սաֆարյանի՝ թե դա ինչ գործոնների ճնշման տակ կարող է տեղի ունենալ՝ ամերիկյան վարչակարգում իշխանության փոխանցման, թե՞ Ալիևի ասած վերջնաժամկետի սպառվելուց հետո, դժվար է ասել: Համենայնդեպս, մի բան ակնհայտ է՝ բանակցությունները փակուղում են: Եվ Ադրբեջանը չի թաքցնում, որ այդ փակուղուց դուրս գալու ելքերից մեկը նոր պատարեզմն է:

«Այս խնդիրները մի փոքր դժվար է կանխատեսել, որովհետև ռիսկերի ռազմաքաղաքական կառավարում հստակ տեսանելի չէ: Նույն ամերիկյան համանախագահի փոփոխությունը տարեվերջին թերևս համընկնում է այդ ժամկետի հետ, և նոր համանախագահը դեռ պետք է ժամանակ ունենա ծանոթանալու, այցելելու տարածաշրջան: Թե ինչպիսի քաղաքականություն կորդեգրի արդեն Հանրապետական վարչակարգը ներկայացնող համանախագահը, և այլ խնդիրներ տակավին անհայտ են»,- ասում է Ստյոպա Սաֆարյանը:

Էմմա Մանուկյան

MediaLab.am