Շիրակի մարզպետն ու ՀՀ-ում ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի ներկայացուցիչը քննարկել են համագործակցությանն առնչվող հարցեր

Շիրակի մարզպետ Նազելի Բաղդասարյանը հուլիսի 27-ին ընդունել է Հայաստանում ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի (ՅՈՒՆԻՍԵՖ)-ի ներկայացուցիչ Քրիստինե Վայգանդին:

Ինչպես հայտնում են Շիրակի մարզպետարանից, Նազելի Բաղդասարյանն անդրադարձել է ՅՈՒՆԻՍԵՖ-ի գործունեությանը՝ կարևորելով հիմնադրամի առաքելությունը Շիրակի մարզում:

«Այն առաքելությունն ու այն աշխատանքային ուղղությունը, որը նախընտրել է ՅՈՒՆԻՍԵՖ-ն անցած տասնամյակների ընթացքում, կարևոր է եղել մեր մարզի համար: Խոսքս, հատկապես, աղքատության հաղթահարման, երեխաների իրավունքների պաշտպանության բնագավառներին է վերաբերվում։ Ունենք դրական տեղաշարժ երկու առումով էլ։ Մենք պատրաստ ենք համատեղ աշխատանքի և վստահ եմ՝ համատեղ աշխատանքով կկարողանանք նոր արդյունքներ գրանցել։ Այդ կերպ հնարավոր կլինի ոչ միայն հայտնաբերել խնդիրները, այլև գործել ի նպաստ քաղաքացու և, բնականաբար, ի նպաստ երեխաների լավագույն շահի»։

Քրիստինե Վայգանդը շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության համար և նշել, որ բարձր է գնահատում համագործակցության պատրաստակամությունը. անդրադառնալով Հայկասարում և Նահապետավանում մանկապարտեզների կառուցման ծրագրերին՝ կարևորել է նախադպրոցական կրթությունը։

Հանդիպման ժամանակ քննարկվել են նաև Ամասիայում և Անիում ուսուցիչների՝ շրջակա միջավայրի պաշտպանության վերաբերյալ վերապատրաստման դասընթացներին, «Շիրակի մարզի երեխայի և ընտանիքի աջակցության կենտրոնի» տարածքի ընդլայնման ու վերականգնման աշխատանքներին առնչվող հարցերի, ինչպես նաև՝ Գյումրու «Երիտասարդական նախաձեռնությունների կենտրոն» ՀԿ-ի հետ համագործակցությանն ու դեռահասների նախաձեռնողականության ու քաղաքացիական ակտիվության բարձրացմանը միտված ծրագրերին։

Տիկին Վայգանդը մարզպետին տեղեկացրել է Արթիկ համայնքում «Երիտասարդների տուն» բաց երիտասարդական նոր կենտրոն հիմնելու մտադրության մասին։ Մարզպետը ողջունել է նախաձեռնությունը՝ կարևորելով պետություն-համայնք-միջազգային կառույցներ համագործակցությունը։

Զրուցակիցները մտքեր են փոխանակել երեխաների իրավունքների պաշտպանության, ոլորտում առկա մարտահրավերների և առաջնահերթությունների, հնարավոր համագործակցության մի շարք այլ հարցերի շուրջ: