Քննարկվել է մասնագիտական կրթության և ուսուցման հաստատությունների ֆինանսավորման նոր մոդելի նախագիծը.ԿԳՄՍՆ

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի հրամանով ստեղծված աշխատանքային խմբի անդամների, ինչպես նաև մասնագիտական կրթության և ուսուցման (ՄԿՈՒ) ոլորտի շահագրգիռ այլ կողմերի մասնակցությամբ այսօր տեղի է ունեցել մասնագիտական կրթության և ուսուցման հաստատությունների ֆինանսավորման մոդելի քննարկումը:

Այս մասին տեղեկանում ենք Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունից:

Աշխատանքային քննարկումը կազմակերպվել էր ՀՀ ԿԳՄՍ նախարարության համագործակցությամբ՝ «Հայաստանում գյուղատնտեսության ոլորտում մասնագիտական կրթության և ուսուցման արդիականացում» ծրագրի նախապատրաստական փուլի շրջանակում: 

Քննարկմանը մասնակցել են ՀՀ ԿԳՄՍՆ գլխավոր քարտուղարի տեղակալ Վահրամ Գասպարյանը, նախնական արհեստագործական և միջին մասնագիտական կրթության վարչության պետի պարտականությունները կատարող Արմենուհի Պողոսյանը, մասնագիտական կրթության և ուսուցման բաժնի պետ Կարեն Մանուկյանը, ֆինանսաբյուջետային վարչության պետ Անի Թադևոսյանը, ինչպես նաև ՄԿՈՒ հաստատությունների տնօրեններ, այլ գործընկեր կառույցների ներկայացուցիչներ: 

Միջոցառման ընթացքում ներկայացվել են ՄԿՈՒ հաստատությունների ֆինանսավորման մոդելի մշակմանն ուղղված նախկինում իրականացված ծրագրերը, նախնական մասնագիտական (արհեստագործական) և միջին մասնագիտական կրթական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատությունների ֆինանսական միջոցների տրամադրման հիմնական սկզբունքները: Ծավալվել է ակտիվ քննարկում ֆինանսավորման նոր բանաձևի նախագծի շուրջ, որով առաջարկվում է վերանայել ՀՀ պետական բյուջեի միջոցներից տրամադրվող ֆինանսավորման գործակիցներն ու նորմատիվները:

Այս համատեքստում անդրադարձ է կատարվել ֆինանսավորման գործող մոդելի հիմնական խնդիրներին և բացթողումներին:

ՄԿՈՒ ոլորտի բարեփոխումների առանցքային ուղղություններից մեկն աշխատանքի վրա հիմնված (ԱՀՈՒ) համակարգի ինստիտուցիոնալացումն է, որն ուղղված կլինի աշխատաշուկայում պահանջարկված որակյալ մասնագետների պատրաստմանը, սոցիալական գործընկերության խթանմանը, մասնագիտական ուսումնական հաստատությունների կառավարման և գործունեության արդյունավետության բարձրացմանը։ 

Նշենք, որ ծրագիրն իրականացվում է Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության (GIZ) և «Շվեյցարիայի եկեղեցու oգնություն» (HEKS/EPER) կազմակերպության կողմից, որին ներգրավված են նաև «Ռազմավարական զարգացման գործակալություն» (ՌԶԳ) ՀԿ-ն և Կիրառական գիտությունների Բեռնի համալսարանի գյուղատնտեսության, անտառային ու պարենային գիտությունների դպրոցը (HAFL):