Պուտինը խոստացել էր զորահավաք չանցկացնել (տեսանյութ).Fip.am

Վլադիմիր Պուտինը սեպտեմբերի 21-ի առավոտյան հայտարարեց երկրի ամբողջ տարածքում մասնակի զորահավաք անցկացնելու մասին:Այս մասին տեղեկացնում է Fip.am-ը: 

Սրանից առաջ ուկրաինական զորքերն արդեն անցել էին հակահարձակման՝ որոշակի հաջողություններ գրանցելով ռազմաճակատում:

ՌԴ նախագահի հայտարարությանը հաջորդեցին բողոքի ցույցեր, իսկ Ռուսաստանի սահմաններին մարդկանց կուտակումներ առաջացան: Մոսկվա-Երևան թռիչքների գները մեկ գիշերում ավելացան շուրջ տասն անգամ:  

Հետաքրքիր է, սակայն, որ Պուտինի կողմից զորահավաքի հրամանը հակասում է իր իսկ ավելի վաղ՝ այս տարվա մարտի ութին տված խոստմանը, թե ժամկետային զինծառայողները և պահեստազորայինները չեն մասնակցելու ռազմական գործողություններին:  

«Ընդգծում եմ՝ ռազմական գործողություններին չեն մասնակցում և չեն մասնակցելու պարտադիր ժամկետային ծառայություն անցնող զինվորները, չի անցկացվելու պահեստազորայինների հավաք, դրված առաջադրանքները կատարելու են միայն պրոֆեսիոնալ զինվորականները, վստահ եմ՝ նրանք հուսալիորեն կապահովեն  Ռուսաստանի բնակչության անվտանգությունը և խաղաղությունը»,- հայտարարել էր Ռուսաստանի նախագահը: 

Ռուսաստանը Ուկրաինայի վրա հարձակվել է այս տարվա փետրվարի 24-ին՝ սկզբնական շրջանում գրանցելով որոշ հաջողություններ: Աստիճանաբար, սակայն, ռազմական գործողությունների նպատակը դարձավ Դոնբասի ամբողջական գրավումը, իսկ Ուկրաինական բանակն անցավ հաջող հակահարձակման: