«Աբովյանի ընտրությունները ևս մեկ ապացույցն էին այն բանի, որ Հայաստանում այլևս հեղափոխական էյֆորիա չկա». Արմեն Բադալյան

Հունիսի 9-ին կայացած Աբովյանի քաղաքապետի ընտրություններից մի քանի հետևություններ կարող ենք անել, որոնցից առաջինն այն է, որ Հայաստանում հեղափոխական էյֆորիան արդեն ավարտվել է։ «Մեդիալաբի» հետ զրույցում նման դիտարկում է անում ընտրական և քաղաքական տեխնոլոգիաների մասնագետ Արմեն Բադալյանը։

«Այս ընտրությունները ևս մեկ ապացույցն էին այն բանի, որ Հայաստանում այլևս հեղափոխական էյֆորիա չկա։ Իսկ դրա առաջին ապացույցը դատարանների շրջափակման մասին վարչապետի կոչն էր, երբ մոտ 2000-2500 մարդ մասնակցեց դատարանների շրջափակմանը»,- «Մեդիալաբին» ասում է Բադալյանը։

Հունիսի 9-ին Հայաստանի 23 համայնքներում անցկացվեցին ՏԻՄ ընտրություններ, դրանցից ամենահետաքրքիրը Աբովյանի քաղաքապետի ընտրություններն էին։ Արմեն Բադալյանն ասում է, որ Աբովյանի վրա սևեռված էր մեծ ուշադրություն, քանի որ այստեղ հիմնական մրցակիցներն էին գործող քաղաքապետ Վահագն Գևորգյանը, ով ունի ԲՀԿ-ի ոչ ակնհայտ աջակցությունը, և «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության թեկնածու Գրիգոր Գուլյանը։

Եվ չնայած ՔՊ թեկնածուի օգտին Աբովյանում կազմակերպված քայլերթին մասնակցել էր անձամբ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, սակայն ընտրությունների արդյունքում հաղթեց գործող քաղաքապետը՝ մոտ 400-ով ավելի ձայն ստանալով ՔՊ թեկնածուի նկատմամբ։

Այն, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կուսակցության թեկնածուն չհաղթեց, Արմեն Բադալյանը մի քանի գործոնով է պայմանավորում։

«Նախորդ տարի խորհրդարանական ընտրությունների ժամանակ «Իմ քայլը» դաշինքը Աբովյանում ստացել էր մոտավորապես 13 հազար ձայն, իսկ ԲՀԿ-ն՝ 3000: Հիմա ԲՀԿ-ն իր ձայները 5000-ով ավելացրել է, իսկ վարչապետի ստացած ձայները մոտավորապես 5000-ով իջել են։ Սա նշանակում է, որ առաջին՝ հեղափոխական էյֆորիան մարել է։ Երկրորդ՝ քաղաքացիներն ընտրություն կատարելիս առաջնորդվեցին առավել ծանոթ թեկնածուին քվեարկելու օգտին։ Երբ նախկինում վարչապետը մի կոչ էր անում, և տասնյակ հազարավոր մարդիկ էին դուրս գալիս փողոց, հիմա դա չի աշխատում։ Եվ քաղաքացիներն այլևս պատրաստ չեն քվեարկելու այս կամ այն թեկնածուի օգտին միայն նրա համար, որ վարչապետը մատնացույց է անում այդ թեկնածուին»,- նշում է Բադալյանը։
Նրա խոսքով՝ այն, որ քաղաքացին վարչապետի կոչով այլևս քվեարկություն չի անում, նշանակում է, որ քաղաքացին արդեն իրատեսական է դարձել և այլևս չի տրվում հեղափոխական զգացմունքներին։

Իշխանության թեկնածուի պարտության մյուս պատճառը, ըստ մասնագետի, այն է, որ քարոզարշավին քաղաքական բովանդակություն չհաղորդվեց։

«Մենք կարող ենք փաստել, որ ինչպես գործող քաղաքապետը, այնպես էլ նրա մրցակից թիմը մեծամասշտաբ ձևով չօգտագործեցին այն ընտրական տեխնոլոգիաները, որոնք օգտագործվում են ընդհանրապես ՏԻՄ ընտրությունների ժամանակ։ Ո՛չ այս թիմը, ո՛չ էլ մյուսը բովանդակային քաղաքական քարոզարշավ չիրականացրեցին։ Սա նշանակում է, որ վարչապետին աջակցող քաղաքական թիմը պետք է մտածի իրենց շարժմանը բովանդակություն հաղորդելու մասին։ Եթե վարչապետն իր գործոնով չի կարողանում ծածկել այդ բացը, դա կարող է ծածկվել, եթե քաղաքական այդ ուժը քաղաքական բովանդակություն հաղորդի իր գործունեությանը»,- ասում է նա։

Ըստ Բադալյանի՝ վարչապետը պետք է կողմնորոշվի՝ կամ քաղաքական բովանդակություն է տալիս գործունեությանը, կամ հետագայում ավելի ակնառու կդառնա այդ բացը և կօգտագործվի տարբեր թեկնածուների կողմից՝ ընդդեմ իշխող քաղաքական թիմի։

Միաժամանակ, ըստ Արմեն Բադալյանի, թեպետ վարչապետն ասում է, որ սա հեղափոխության հաղթանակն էր, ժողովրդավարություն, իր թիմակից մարզպետն այլ մեկնաբանություն ունի։ Հիշեցնենք, որ Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանն ասել էր, թե հեղափոխությունը Կոտայք չի հասել, և սա արժանապատիվ քաղաքացու պարտությունն էր։

«Եվ հիմա, եթե վարչապետի ու մարզպետի խոսքերը միացնում ենք իրար, ստացվում է , որ Նիկոլ Փաշինյանի հեղափոխության հաղթանակը հանգեցնում է արժանապատիվ քաղաքացու պարտությանը։ Եթե երկու գործիչների ասածներն իրար կողքի ենք դնում, ստացվում է այսպես։ Իրար հակասող միտք է ստեղծվում, դրա համար իշխող քաղաքական թիմը պետք է մեկ միասնական դիրքորոշում դրսևորի՝ ի վերջո սա հեղափոխության հաղթանա՞կ էր, թե՞ արժանապատիվ քաղաքացու պարտություն»,- ասում է քաղտեխնոլոգը։

Մյուս կողմից, ըստ Արմեն Բադալյանի, տեսանելի է դառնում, որ իշխող քաղաքական թիմը չունի համարժեք թեկնածուներ, կադրեր, որպեսզի կարողանա ակտիվ քաղաքական գործունեություն իրականացնել։ Այս հարցի վերաբերյալ պետք է մտորումներ ունենան։ «Եվ գալիս ենք այն համոզման, որ եթե Հայաստանում ծնվի քաղաքական լուրջ բովանդակություն ունեցող ուժ, ապա այն կարող է ոչ հեշտությամբ, բայց հաղթանակ տանել իշխող քաղաքական թիմի նկատմամբ»,- նշում է նա։

Մասնագետի խոսքով՝ հեղափոխական էյֆորիան ինքնըստինքյան ավարտվող գործընթաց էր։ Դա կա՛մ պետք է փոխարինվի գիտակցաբար աջակցության, կա՛մ էլ գիտակցաբար մերժման։

«Աբովյանում մենք տեսանք, որ գիտակցաբար մերժվեց վարչապետի թեկնածուն։ Իհարկե, այստեղ կարող են օրինակներ բերել, որ անցյալ տարի Կապանում նույնպես տեղի ունեցան Կապանի քաղաքապետի ընտրություններ, որոնցում «Իմ քայլի» թեկնածուն պարտվեց, բայց դրանից հետո խորհրդարանական ընտրություններում նա հաղթանակ տարավ։ Բայց հիմա այդ իրավիճակը չէ, այն ժամանակ կային նաև ատելություն ՀՀԿ-ի նկատմամբ և նրանց ԱԺ-ում չտեսնելու ցանկություն։ Հիմա իրավիճակը ուրիշ է, հիմնական «թշնամին»՝ ՀՀԿ-ն, չկա, և այդ օրինակը բերելը տեղին չէ»,- հավելում է Արմեն Բադալյանը։

Ռոզա Հովհաննիսյան

MediaLab.am