«Պետությունը չի կարողանում զսպել բիզնեսի ախորժակը». «Վեոլիա ջուրը» մտադիր է բարձրացնել ջրի սակագինը

«Վեոլիա ջուր» փակ բաժնետիրական ընկերությունը օգոստոսի 9-ին դիմում է ներկայացրել ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով՝ խնդրելով վերանայել ընկերության կողմից սպասարկվող տարածքների խմելու ջրի մատակարարման և ջրահեռացման (կեղտաջրերի մաքրման) մանրածախ ծառայության սակագները:


Այսպիսով, Հայաստանում ջրամատակարարման ոլորտում մենաշնորհային դիրք ունեցող ֆրանսիական կազմակերպությունը ցանկանում է զգալիորեն բարձրացնել սակագները մինչև 223,7 դրամ մեկ խորանարդ մետրի դիմաց։ Հիշեցնենք՝ դեռևս 2017 թվականից Հայաստանում և Երևանում ջրամատակարարման ոլորտում գործում էր մեկ միասնական սակագին՝ 180 դրամ, այսինքն՝ հնարավոր բարձրացումը կարող է լինել 43 դրամով։


Բացի այդ, մասնավորապես առաջարկվում է՝ խմելու ջրի մատակարարման ծառայության մատուցման մանրածախ սակագինը խորանարդ մետրի դիմաց 158.454 դրամից դարձնել 190.145 դրամ, իսկ ջրահեռացմանը (կեղտաջրերի մաքրման)՝ 27.963 դրամից 33.555 դրամ, ներառյալ՝ ԱԱՀ-ն:


Համայնքներին, համայնքային բյուջետային հիմնարկներին և ոչ առևտրային կազմակերպությունների համար «Վեոլիա ջուրն» առաջարկում է խմելու ջրի մատակարարման մեծածախ ծառայության մատուցման սակագինը մեկ խորանարդ մետրի դիմաց 37.283 դրամից դարձնել 44.740 դրամ, ներառյալ՝ ԱԱՀ-ն, ջրահեռացմանը՝ 18.642 դրամից՝ 22.370 դրամ, ներառյալ՝ ԱԱՀ-ն: Ըներությունը սակագինը բարձրացնելու մասին իր հայտը բացատրում է հանրապետությունում առկա գնաճով։


Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի մամուլի խոսնակ Լիանա Ազիզյանը «Մեդիալաբին» ասաց, որ հանձնաժողովն արդեն սկսել է «Վեոլիա ջուր» ՓԲԸ դիմումի ուսումնասիրությունը համապատասխան կազմով և որոշումը կկայացնի ուսումնասիրությունների ավարտից հետո:


«Ուսումնասիրությունների համար նախատեսված է 80 օր, և այժմ դրանք ընթացքի մեջ են: Այժմ իրականացվում է նաև ջրային ծավալների մոնիթորինգ՝ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի, Ջրային կոմիտեի, հասարակական կազմակերպությունների, «Վեոլիա ջրի» և բոլոր շահագրգիռ կողմերի մասնակցությամբ: Այս գործընթացն էլ պետք է ավարտվի, որից հետո կհամադրվեն բոլոր արդյունքներն ու հաշվարկները, այնուհետև հանձնաժողովը վերջնական որոշումը կկայացնի», – «Մեդիալաբին» ասում է ՀԾԿՀ մամուլի խոսնակն ու հավելում, որ նոր սակագինը կգործի 2022 թվականի հունվար ամսից:


«Իրազեկ և պաշտպանված սպառող» ՀԿ նախագահ Բաբկեն Պիպոյանը նմանատիպ գործընթացներում կարևորագույն խնդիր է առանձնացնում՝ չկա վերահսկողական գործիքակազմ, որպեսզի վերահսկի, թե արդյոք այն ծախսերը, որոնք ներկայացվում են, իրականում արվե՞լ են, թե՞ ոչ:


«Եթե «Վեոլիա ջուրը», օրինակ՝ դիմումում նշել է, որ ինքը, պայմանական թիվ եմ ասում, փոխել է 500 մետր խողովակ, մենք իրականում տեսնում ենք այդ 500 մետրի ձեռքբերումը, բայց չենք տեսնում՝ դա շահագործե՞լ է, թե՞ տվել է մի կառուցապատողի, ու այդ կառուցապատողն է օգտագործել: Այսինքն՝ թղթով ձեռքբերում ունի, բայց փաստացի աշխատանք ու իրական ծախս չունի»,- «Մեդիալաբին» ասում է Բաբկեն Պիպոյանը:


Բացի այս, ըստ նրա՝ առանցքային կետերից է նաև աշխատավարձերի գծով ծախսը, որի օպտիմալ չափը պետությունը չի սահմանում, որ դրանից ավելի մասը պետությունը չհամարի ավելի ծախս:


«Եթե չկա այդ չափը, ապա բիզնեսմենը կարող է, օրինակ՝ իր չորս հարազատի ընդունել աշխատանքի՝ տալով յուրաքանչյուրին մեկ միլիոն աշխատավարձ, այնուհետև պարզվի, որ պետությունը այդ չորս միլիոնը պետք է տա համապատասխան հանրային ծառայության գնի մեջ ներառված»,- ասում է Պիպոյանը:
Խոսելով «Վեոլիա ջուր» ընկերության մատուցած ծառայությունների մասին՝ Պիպոյանը նկատում է՝ վերջին երկու տարիներին հանրային օրակարգում առկա դժգոհությունների առյուծի չափաբաժինը ջրամատակարարման ոլորտին է բաժին ընկնում:


«Այս ամենը գալիս է նրանից, որ կառավարման համակարգը մոնոպոլ դիրք ունեցող ընկերությունների հետ չի կարողանում գտնել այնպիսի խաղի կանոն, որպեսզի կարողանա զսպել բիզնեսի ախորժակը, որը հնարավորինս մեծ է, իսկ պետությունը այն զսպելու համար է»,- ասում է «Իրազեկ և պաշտպանված սպառող» ՀԿ նախագահը:


Պիպոյանը նաև հիշեցնում է, որ անկախ ընկերությունների ձևակերպումներից՝ մեծածախ թե մանրածախ, յուրաքանչյուր սպառող, միևնույն է, զգալու է սակագների բարձրացումը, որովհետև ամեն ինչ փոխկապակցված է:


«Օրինակ՝ եթե էլեկտրաէներգիայի սակագինը բարձրանում է արտադրողի, բայց ոչ սպառողի համար, ապա արտադրողն այդ էլեկտրաէներգիայի գումարը մտցնում է ապրանքի մեջ ու, ի վերջո, այդ գումարը սպառողը վճարում է, օրինակ՝ հաց գնելով»,- ասում է Բաբկեն Պիպոյանը:


Քրիստինե Աղաբեկյան


MediaLab.am