Ռուբեն Վարդանյանը հայտնել է, թե որ դեպքում կստանձնի Արցախի պետնախարարի պաշտոնը

Արցախի նախագահից պետնախարարի պաշտոնն ստանձնելու առաջարկ եմ ստացել: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել գործարար Ռուբեն Վարդանյանը։

«Արցախի փրկությունն այսօր իմ կյանքի գլխավոր նպատակն է: Ես տեղափոխվեցի այստեղ, որպեսզի իմ հայրենակիցների հետ ամեն ինչ անեմ հանուն հայկական քաղաքակրթության այս բնօրրանի պահպանման ու զարգացման:Այսօր վտանգված է Արցախի գոյությունը:Մենք հայերս մեր երկրորդ Սարդարապատն ենք ապրում, քանի որ զոհասեղանին, որպես ազգ, մեր ապագան է դրված:

Այս աննախադեպ իրավիճակում բոլորիցս ոչ հեշտ լուծումներ են պահանջվում:Մենք պետք է մոռանանք անձնական վիրավորանքներն ու հավակնությունները և համախմբենք բոլոր առողջ ուժերին ինչպես Արցախում, այնպես էլ ողջ հայկական աշխարհում՝ հստակ գիտակցելով մեր առջև ծառացած մարտահրավերների լրջությունը:

Ուշադրությամբ ծանոթացել եմ նախագահի առաջարկին:Պատրաստ կլինեմ դա ընդունել այն դեպքում, եթե մեր կողմից առաջարկվելիք մոտեցումներն ու որոշումները լայն աջակցություն ունենան:

Ես պետք է համոզված լինեմ, որ մարդիկ ընդունում են իրավիճակի վերաբերյալ իմ տեսլականը, որ մենք պատրաստ ենք միասին հաղթահարել բոլոր այն դժվարությունները, որոնք լինելու են մեր նպատակին հասնելու ճանապարհին:Միայն այդ դեպքում իմ նշանակումն իմաստ կունենա:

Առաջիկա օրերին ես շարունակելու եմ իմ շփումները մարդկանց հետ, որից հետո կկարողանամ պատասխանատու որոշում ընդունել»,-նշել է նա։

Հիշեցնենք, որ ավելի վաղ Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը գրառում էր կատարել․ «Առաջարկել եմ ստանձնել Արցախի Հանրապետության պետական նախարարի պաշտոնը՝ պատրաստ լինելով նրան տրամադրել որոշումներ կայացնելու և գործելու լայն լիազորություններ»: