Մեր դիրքորոշումը միանշանակ է. Ադրբեջանի ԶՈԻ-ն պետք է լքի ՀՀ ինքնիշխան տարածքը. Ալեն Սիմոնյանը՝ Վալենտինա Մատվիենկոյին

ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությանը հոկտեմբերի 10-ին հյուրընկալել է ՌԴ ԴԺ Դաշնության խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոն:

Գործընկերները փաստել են, որ Հայաստանի և Ռուսաստանի միջև բազմակողմանի կապերն անշեղորեն զարգանում են բարեկամության և փոխըմբռնման պատմական ավանդույթների հունով:

Զրուցակիցներն արձանագրել են, որ երկկողմ կապերի շարունակական զարգացման երաշխիքն ակտիվ երկխոսությունն է, որի շրջանակում առանձնացվել է խորհրդարանական փոխգործակցության նշանակալի դերակատարումը:

Հատուկ ընդգծվել է մեր խորհրդարանների պրոֆիլային հանձնաժողովների համատեղ գործունեությունը, որտեղ ձևավորվել է համատեղ նիստերի պրակտիկան: Հաջորդ ամիս Երևանում նախատեսվում է Ազգային ժողովի տարածաշրջանային և եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի և Պետական դումայի ԱՊՀ գործերով, եվրասիական ինտեգրման և հայրենակիցների հետ կապերի կոմիտեի համատեղ նիստը:

ՀՀ ԱԺ նախագահը Վալենտինա Մատվիենկոյին է ներկայացրել Հայաստանի Հանրապետության դեմ Ադրբեջանի զինված ագրեսիայի մանրամասները՝ նշելով, որ մեր դիրքորոշումը միանշանակ է. ադրբեջանական զինված ուժերը պետք է լքեն Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքը: Ծավալուն անդրադարձ է եղել Լեռնային Ղարաբաղի հակամարտության համապարփակ կարգավորման անհրաժեշտությանը, որի ժամանակ հաշվի կառնվեն և կերաշխավորվեն Լեռնային Ղարաբաղում բնակվող հայերի իրավունքներն ու անվտանգությունը:

«Հայաստանի Հանրապետությունը գործադրում է բոլոր ջանքերը, որպեսզի մեր տարածաշրջանում հաստատվի ամուր խաղաղություն: Վստահ եմ, որ դա նաև լիովին համապատասխանում է Ռուսաստանի Դաշնության ռազմավարական շահերին»,- շեշտել է ՀՀ ԱԺ նախագահը:

Հանդիպման ավարտին ՀՀ ԱԺ նախագահը Վալենտինա Մատվիենկոյին հրավիրել է Երևան:

«Հայաստանը մեզ համար ոչ միայն դաշնակից է, այլ  նաև եղբայրական ջերմ հարաբերություններով ենք կապված»,- նշել է Վալենտինա Մատվիենկոն՝ սիրով ընդունելով հրավերը: