Էրդողանը և Ալիևը բացեցին Զանգիլանի նորակառույց օդակայանը.«Ազատություն»

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ժամանել է Զանգիլան, որտեղ ադրբեջանցի պաշտոնակից Իլհամ Ալիևի ընկերակցությամբ մասնակցել է նորակառույց միջազգային օդակայանի բացման հանդիսավոր արարողությանը:Այս մասին տեղեկացնում է «Ազատություն»-ը:

Էրդողանը հույս է հայտնել, որ «այս նոր օդակայանը կծառայի Ադրբեջանի և աշխարհի բարգավաճմանը»:

Էրդողանին այս այցի ընթացքում ուղեկցում են խորհրդարանի փոխնախագահ Ջելալ Այդինը, արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն, պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը, գյուղատնտեսության և անտառային տնտեսության նախարար Վահիդ Քիրիշչին, տրանսպորտի և ենթակառուցվածքի նախարար Ադիլ Քարաիսմայիլօղլուն, Արդարություն և զարգացում իշխող կուսակցության փոխնախագահ Բինալի Յըլդըրըմը, կուսակցության մամուլի խոսնակ Օմեր Չելիքը և նախագահի խոսնակ Իբրահիմ Քալընը:

Այդ օդակայանը կառուցվել է 18 ամսվա ընթացքում: Անցյալ տարի Էրդողանը նման այց է կատարել և մասնակցել է Ֆիզուլիի օդակայանի բացման հանդիսավոր արարողությանը:

Զանգիլանի միջազգային օդակայանը երկրորդն է, որն Ադրբեջանում կառուցել են 44-օրյա պատերազմի արդյունքում տարածքները հսկողության տակ վերցնելուց հետո: