Այսօր Սպիտակի ավերիչ երկրաշարժի 34-րդ տարելիցն է

Այսօր՝ դեկտեմբերի 7-ին, Սպիտակի ավերիչ երկրաշարժի 34-րդ տարելիցն է:

1988թ. դեկտեմբերի 7-ին, Գրինվիչի ժամանակով ժամը 7 անց 41 րոպե 22,7 վայրկյանին, տեղական ժամանակով 11:41-ին ցնցվեց Հայաստանի հյուսիսը:

Սպիտակի երկրաշարժի ուժգնությունն էպիկենտրոնում գնահատվեց 10 բալ, իսկ, ըստ Մեդվեդև-Սպենհոյեր-Կարնիկ սանդղակի, մակրոսեյսմիկ ինտենսիվությունը եղել է արտասովոր կործանարար: 

Ավերման գոտին, որտեղ երկրաշարժի ուժգնությունը կազմեց 8 բալ և ավելին, ընդգրկեց երեք հազար քառ. կմ տարածություն: Տուժեց 21 քաղաք և շրջան, 342 գյուղ:

Անօթևան մնաց 514 հազար մարդ:

Տարբեր աստիճանի վնասվածքներ ստացավ մոտ 20.000 մարդ, որոնցից հոսպիտալացվեցին  12.500-ը: Զոհվեց 25.000 քաղաքացի:

Զոհեր շատ եղան հատկապես Գյումրիում՝ մոտ 15-17 հազար մարդ:  Սպիտակում մահացավ 4 հազար մարդ: Ավերվեց ՀՀ-ի ամբողջ բնակֆոնդի 17%-ը, դադարեց  գործել 170 արդյունաբերական ձեռնարկություն, մեծ վնաս կրեցին նաև ճարտարապետական, պատմական, արվեստի հուշարձանները: Ամբողջությամբ կամ մասամբ ավերվեցին մեքենաշինական, քիմիական, թեթև և սննդի արդյունաբերության ձեռնարկությունները, որոնք տարեկան շուրջ 2 մլրդ ռուբլի համախառն արտադրանք ունեին։

Հանրապետության տարածքի 1/3–ի արտադրական և սոցիալական ենթակառուցվածքը դադարեց  գործելուց։ Անմիջական նյութական վնասը 1988թ–ին գնահատվեց 10 մլրդ ռուբլի:

Կազմակերպված փրկարարական աշխատանքները հունի մեջ մտան դեկտեմբերի 7-ին հաջորդած 2-ից 3 օր հետո միայն: Ազգաբնակչության և փրկարարների ջանքերով փլատակներից, զոհված կամ կենդանի, հանվեց ավելի քան 45.000 մարդ:

Ստորգետնյա հզոր ցնցումների հետևանքով կես րոպեում ավերվել է հանրապետության գրեթե ողջ հյուսիսային հատվածը, որտեղ ապրում էր շուրջ 1 մլն մարդ։ Երկրաշարժի էպիկենտրոնում՝ Սպիտակում, ցնցումների ուժգնությունը հասել է մինչև 9-10 բալի: Ստորգետնյա ցնցումներն զգացվել են Երևանում և Թբիլիսիում։

Լիովին ավերվել են Սպիտակ քաղաքն ու հարակից 58 գյուղ, չափազանց տուժել է ներկայիս Գյումրի քաղաքը, Ստեփանավանը, ներկայիս Վանաձորն ու ավելի քան 300 բնակավայր: 

Ավերված շրջանների վերականգնմանը մասնակցեցին ԽՍՀՄ–ի բոլոր հանրապետությունները, 111 երկիր: Օգնության ձեռք մեկնեցին նաև  Բելգիան, Մեծ Բրիտանիան, Իտալիան, Լիբանանը, Նորվեգիան, Ֆրանսիան, Գերմանիան, Շվեյցարիան:

Աղետի գոտի եկան մասնագետներ, տրամադրվեց  փրկարարական սարքավորումներ, սննդամթերք և դեղորայք։ Աղետի գոտում տեղադրվեց  50 հազար վրան և 200 դաշտային խոհանոց։ Փրկարարական աշխատանքներին բացի տեղաբնակներից եւ կամավորներից, մասնակցեց մոտ 20 հազար զինվոր ու սպա, փլակատների մաքրման աշխատանքներում ներգրավվեց 3 հազար միավոր ռազմական տեխնիկա։