Նիկոլ Փաշինյանը Արցախի ժողովրդին աջակցելու նպատակով աշխատանքային խումբ ձևավորելու որոշում է կայացրել

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Արցախի ժողովրդին աջակցելու նպատակով աշխատանքային խումբ ձևավորելու որոշում է կայացրել. աշխատանքային խումբը կգլխավորի փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, վարչապետ Նիկոլ Փաշինյանը այս մասին հայտարարեց Կառավարության հերթական նիստի ժամանակ։

«Լաչինի միջանցքի՝ շուրջ 18 օր փակ լինելու հետևանքով Լեռնային Ղարաբաղում հումանիտար իրավիճակը օր-օրի սրվում է։ Լեռնային Ղարաբաղի հարյուրավոր ընտանիքներ շարունակում են մնալ կիսված՝ հայտնված լինելով բլոկադայի տարբեր կողմերում։ Առաջին անհրաժեշտության ապրանքների պակասը դառնում է ավելի ու ավելի զգալի։ 

Խանութների ցուցափեղկերը դատարկվել են, հանրային օբյեկտներում սննդի մատակարարման սահմանափակումներ են մտցվում, հանրությունը գտնվում է սոցիալ-հոգեբանական լարված վիճակում։ Այս ամենը հաշվի առնելով՝ հաստատված հումանիտար ճգնաժամի կառավարման հարցում Լեռնային Ղարաբաղի ժողովրդին աջակցելու նպատակով փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանի գլխավորությամբ աշխատանքային խումբ ձևավորելու որոշում եմ կայացրել, որի խնդիրը Լեռնային Ղարաբաղի իշխանությունների հետ հումանիտար հարցերի մշտադիտարկում իրականացնելը և անհրաժեշտ հրատապ աջակցություն ցուցաբերելն է լինելու, այդ թվում՝ միջազգային կազմակերպությունների օգնությամբ»,- ասաց վարչապետը։

Նա նշեց, որ աշխատանքային խմբում կընդգրկվեն նաև Առողջապահության, Աշխատանքի և սոցիալական հարցերի, Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարները, ինչպես նաև այլ գերատեսչությունների ներկայացուցիչներ։