Սուրբ ծննդյան երեկո է, միակ միտքս՝ ապաշրջափակման ու խաղաղության մասին է. Զարուհի Հովհաննիսյան

Լուսնանկարը՝ «Սիվիլնեթ»

Իրավապաշտպան Զարուհի Հովհաննիսյանի ֆեյսբուքյան գրառումը ներկայացնում ենք ստորև.

«Սուրբ ծննդյան երեկո է,

միակ միտքս՝ ապաշրջափակման ու խաղաղության մասին է։

Արդեն 25 օր Արցախի միակ ճանապարհը փակ է ու իմ պես կանայք ամեն օր մտածում են ոչ թե տոնական սեղան պատրաստելու և Սուրբ ծնունդը ընտանիքի հետ նշելու մասին, այլ հանապազօրյա հացի մասին։

Այսօր խոսում էի մի քանի կանաց հետ, ովքեր 44-օրյա պատերազմի ժամանակ տեղափոխվել էին Հայաստան, իսկ այժմ Արցախում են։ Այն ժամանակ գոնե կարողանում էի իրենց ինչ-որ բանով օգտակար լինել, հասցնել երեխաներին սնունդ, հիգիենայի պարագաներ, իսկ հիմա, հիմա անզորությունից արցունքներն են խեղդում կոկորդս․․․

Հիմա ամեն բան շատ-շատ դժվար է, նույնիսկ տոնական սեղան պատրաստելն է բարդ, քանի որ չես կարող հասնել քույրերիդ, նրանց, ովքեր շրջափակման մեջ են։

Սսում եմ փող ունե՞ք, ասում են, նույնիսկ որ կա, ոչինչ չենք կարողանում գնել, հատկապես բանջարեղենի խանութները փակ են, երեխաներին սուպիկներ չեն կարողանում պատրաստել, կարտոֆիլ, գազար, բազուկ․․․արդեն շատ դժվար է խանութներում ոչ մի բան չկա․․․

Հիգիենայի պարագաները ևս սպառվելու են, թանկացել են արդեն հատկապես երեխաների տակդիրները, ձերմիջեցնող դեղորայքն է սուղ։

«Ահավոր դժվար ա,վախով եմ սպասում, ամեն ինչ փորձում եմ անել միակ ցանկությամբ, որ երեխաներս սոված չմնան, դեռ ունենք պահածոներ, բայց դա էլ կսպառվի․․․»։

Գյուղական վայրերում ապրող կանայք ասում էին, որ ոչինչ, դեռ էլի իրենք ունեն ալյուր, հաց են թխում, ունեն կաթ ու մածուն, իսկ քաղաքում ընդհանրապես բարդ է։

120 հազար մարդ, որից 30 հազար երեխա Արցախում շրջափակման մեջ են՝ արդեն 25 օր շարունակ․․․

Սուրբ ծննդյան օրը ես ցանկանում եմ միայն ապաշրջափակում ու խաղաղություն իմ քույրերին ու նրանց ընտանիքներին։

Որպես մայր պատկերացնում եմ, թե ինչ տառապանքների ու վախերի միջով են անցնում նրանք՝ ամեն օր մտահոգվելով, թե ինչպես կերակրել ընտանիքը, ինչ ստեղծագործել, որտեղից ճարել, միայն թե երեխաները սոված չմնան․․․»: