ԵՄ քաղաքացիական առաքելությունը կսկսի ամբողջությամբ գործել առաջիկա շաբաթներին. Հայաստանում ԵՄ պատվիրակություն

Հայաստանում Եվրամիության պատվիրակությունը պատասխանել է «Լուրեր»-ի հարցմանը` տեղեկացնելով, որ Հայաստան գործուղվող ԵՄ քաղաքացիական առաքելությունում ներգրավված կլինի մինչև 100 աշխատակից, ներառյալ՝ փորձագետներ և ԵՄ դիտորդներ:

«Առաքելության գործողության գոտին կընդգրկի Ադրբեջանի հետ սահմանի ամբողջ երկայնքը, ներառյալ՝ Նախիջևանի հատվածը»,- տեղեկացրել են Եվրամիության պատվիրակությունից:

2022 թվականի հոկտեմբերի 17-ին Հայաստանում ԵՄ առաջին դիտորդական խումբը տեղակայվեց երկու ամիս ժամկետով, Եվրոպական խորհրդի երեկվա որոշմամբ Հայաստան ուղարկվող առաքելությունը տեղում կաշխատի երկու տարի:

ԵՄ քաղաքացիական առաքելությունը կանոնավոր պարեկություն կիրականացնի սահմանին և իրավիճակի մասին զեկույցներ կներկայացնի Եվրամիությանը: Ըստ հարցման պատասխանի՝ առաքելությունն ամբողջությամբ կսկսի գործել առաջիկա շաբաթներին։