Հյուրերը՝ հյուսիսից. Հայաստանը դարձել է ռուս զբոսաշրջիկների նախընտրելի ուղղություններից մեկը. «համեղ ուտելիք, լավ բնություն, հյուրասեր մարդիկ»

Լուսանկարը՝ «Ֆոտոլուր»

«Հայաստանի մասին միտումնավոր որևէ բան չէի կարդացել, որպեսզի ուրիշի պատմածով կարծիք չկազմեմ, այլ ինքս այցելեմ ու զգամ այս երկիրը։ Հայաստանը թանգարան է բաց երկնքի տակ, ես պետք է ավելի շուտ այցելեի այս երկիր, ինձ ամեն ինչն է դուր գալիս այստեղ»,- «Մեդիալաբին» ասում է ռուս զբոսաշրջիկ Նատալյա Բորոդիչը, որն առաջին անգամ է այցելել Հայաստան, բայց վստահ է՝ ոչ վերջին։

«Մեդիալաբի» հետ զրույցում, մի խումբ ռուս զբոսաշրջիկներ ասում են, որ բառի բուն իմաստով սիրահարված են Հայաստանին, և տուն վերադառնալուն պես իրենց ընկերներին և ծանոթներին պատմելու են հրաշք բնության և այն ամենի մասին, ինչն իրենց զարմացրել է, դուր եկել, ցնցել։ 

«Եթե հանգիստ՝ ապա միայն Հայաստանում»,- զվարթ նշում են նրանք։ 

Փետրվարի 15-ից մեկ տարվա դադարից հետո վերականգնվել են Մոսկվա-Երևան-Մոսկվա ուղղությամբ կանոնավոր չվերթերը։ Կորոնավիրուսի համավարակի հետևանքով ամենատուժած ոլորտներից մեկը տուրիզմն էր։ 

Վերջին ամսվա ընթացքում Երևանի կենտրոնում տեղադրված ռուսերեն ցուցանակների առաջ՝ Հայաստանի տեսարժան վայրերի ուղղությամբ էքսկուրսիաների առաջարկներով, հաճախ մարդաշատ են։ Մարդաշատ են նաև ռեստորանները, որտեղ ռուս զբոսաշրջիկները ուրախ ճաշում են, ծիծաղում, վայելում նախորդ տարվա ընթացքում բաց թողած ճամփորդելու հնարավորությունը։ 

Սերգեյը եւ Նատալյան

Հայաստանն իր համար բացահայտած Սերգեյ Սուրովը շատ ոգևորված է։ Նա որոշել է իր ոգևորությունը փոխանցել ընկերներին և ծանոթներին՝ Հայաստանի տարբեր տեսարժան ու հետաքրքիր վայրերից ուղիղ եթեր մտնելով։

Ասում է, որ ուղիղ եթերի ընթացքում նաև պիտի նշի բոլոր այն կարևոր պատճառները և հանգամանքները, թե ինչու է ճամփորդական բազմաթիվ ուղղություններից ընտրել հենց Հայաստանը։

«Այստեղի օդն է շատ մաքուր, բնությունը՝ զարմանահրաշ։ Միևնույն երկրում այդքան տարբեր բնություն, Սևանում՝ լեռներ, հասնում ես Տավուշ՝ չքնաղ բնություն, գեղեցիկ ծառեր ու անտառներ։

Այստեղ քեզ հյուր չես զգում, մարդիկ շատ բարեհամբույր են, լեզվի խնդիրը չկա, ազատ կարողանում ես շփվել, և, վերջապես՝ ուտելիքը՝ շատ համեղ ու հետաքրքիր, ու նաև հայկական գինին։

Չթերագնահատելով ֆրանսիական ու իտալական գինիները՝ պետք է նշեմ, որ հայկական գինին յուրահատուկ համ ունի»,- հիացմունքով անկեղծանում է Սերգեյը, իսկ Նատալյան ասում է, որ ինքն արդեն արել է այդ, և հիմա իր ընկերները ևս Հայաստանում են։

Սերգեյն ու Նատալյան առավել հավանել են տապակած պանիրը, «Թաբուլե» աղցանը, թոնրի խորովածը, լավաշը, պանիր-կանաչիով բրդուճը և գաթան։ 

«Մենք, իհարկե, խորոված կերել էինք, բայց թոնրի մեջ պատրաստված խորովածը լրիվ ուրիշ հաճույք էր, անմահական համ ուներ։ Շատ համեղ է նաև պանիրը կանաչիով՝ փաթաթված հայկական լավաշով, շատ հետաքրքիր էր նաև տապակած պանիրը, հետաքրքիր ու անբացատրելի համ ուներ, մի խոսքով՝ ամեն ինչն է շատ համեղ ու տպավորիչ Հայաստանում»,- ասում է Նատալյան։

Պրոֆեսիոնալ զբոսավարների հայկական ասոցիացիայի անդամ, զբոսավար Անդրանիկ Բաղդասարյանը, որը մասնագիտացած է Ռուսաստանից զբոսաշրջիկների հետ աշխատանքում, նշում է, որ ռուս զբոսաշրջիկների համար Հայաստանը միշտ էլ հետաքրքրող ուղղություն է եղել։ 

«Դա պայմանավորված է Հայաստանի հին քաղաքակրթությամբ, պատմությամբ, ճարտարապետությամբ,- «Մեդիալաբին» ասում է Բաղդասարյանը։ 

Նա նշում է, որ ռուս զբոսաշրջիկների հոսքը Հայաստան ակտիվանում է հիմնականում տոն օրերին տրվող արձակուրդների ժամանակ՝ հունվարին, մարտին, մայիսյան տոներին։ Հունիսին հոսքն այսքան շատ չի լինում, քանի որ ռուսները նախընտրում են հանգիստը ծովափին անցկացնել: 

Պրոֆեսիոնալ զբոսավարը թվարկում է ռուս զբոսաշրջիկներին հետաքրքրող լավագույն հինգ ուղղությունները․ 

«Առաջինը Գառնի-Գեղարդն է, երկրորդը՝ Էջմիածնի Մայր Տաճար, երրորդ տեղում՝ Նորավանք, Տաթև, Շաքի ուղղությունը, որտեղ մեծ դեր ունեն Տաթևի վանական համալիրը և ճոպանուղին։ Չորրորդ տեղում Գյումրին է՝ որպես կոլորիտային քաղաք։ Հինգերորդ ուղղությունը՝ Սևան-Դիլիջանը»։ 

Սեւանը (Լուսանկարը՝ Էմմա Գրիգորյան @medialab)

Նա նշում է, որ Երևանում զբոսաշրջիկները հիմնականում նախընտրում են Կենտրոնը՝ Կասկադ, Կոնդ թաղամասը, Մայր Հայաստանի տարածքը, թանգարաններից՝ պատմության թանգարանը, Մատենադարանը, Փարաջանովի թանգարանը։

Բաղդասարյանը «Մեդիալաբին» ասում է, որ չնայած երկկողմանի ավիատոմսերի գները 2018-19 թվականների համեմատ բավական՝ գրեթե կրկնակի բարձրացել են, այնուամենայնիվ, Ռուսաստանից զբոսաշրջիկների հոսք կա դեպի Հայաստան։ 

Ռուսաստանյան ավիաընկերությունների կողմից կրկնակի բարձրացված ավիատոմսերի գներին գումարվում է նաև COVID-19-ի թեստերի արժեքը, ինչն ավելի է բարդացնում իրավիճակն ու նպաստում, որ զբոսաշրջիկների հոսքը քիչ լինի։

Չնայած ավիատոմսերի գների բարձրացմանը, զբոսաշրջիկները նշում են, որ եվրոպական ուղղությունների համեմատ Հայաստանում հանգիստը բավական մատչելի կարելի է համարել։ 

«Եթե համեմատենք Եվրոպայի հետ, Հայաստանում ամեն ինչ բավական էժան է: Սնունդը այստեղ բավական էժան է, թեկուզ հենց Ռուսաստանի համեմատությամբ։ Եվրոպայում ջուրը, օրինակ՝ վաճառվում է 3 եվրոյով, իսկ այստեղ՝ Հայաստանում, ամենուր ցայտաղբյուրներ են։ Կեցության առումով՝ Երևանի կենտրոնում թանկ է, իսկ ծայրամասերում նորմալ գներ են։ Ռուսաստանի ու Եվրոպայի համեմատ, կարող ենք ասել, որ Հայաստանը, ֆինանսական առումով, հանգստի համար հարմար և հասանելի երկիր է»,- «Մեդիալաբին» ասում է Սերգեյը:

Այն, որ Հայաստանում զբոսաշրջության ոլորտը, այսպես ասած, սկսում է արթնանալ վկայում են նաև պաշտոնական թվերը։

Զբոսաշրջության կոմիտեի միջազգային համագործակցության վարչության պետ Սոնա Հովհաննիսյանը «Մեդիալաբին» ասում է, որ միայն այս տարվա առաջին եռամսյակի տվյալներով Հայաստան է ժամանել 86.524 զբոսաշրջիկ: Այս թիվը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի հետ համեմատ (երբ դեռ կորոնավիրուսի դեպքեր չէին արձանագրվել) նվազել է 72%-ով: Անցյալ տարի առաջին եռամսյակում Հայաստան այցելած զբոսաշրջիկների թիվը եղել է 311.264։

«Այս պահին ու հետագա ամիսների համար որոշակի աշխուժություն է նկատվում, ինչը պայմանավորված է նաև թռիչքների առկայությամբ, սահմանները բացվելուց հետո ավելացել են տարբեր ուղղություններով թռիչքները, հիմնականում Ռուսաստանից-Հայաստան ավիաընկերությունների թռիչքներն են, այլ ուղղություններից ևս հոսք ունենք»,- ասում է Հովհաննիսյանը:

Նրա խոսքով՝ թռիչքների ակտիվությանը կնպաստի նաև ՀՀ Կառավարության ընդունած վերջին որոշումը, ըստ որի՝ Հայաստան մուտք գործելիս պատվաստման հավաստագիր ունենալու դեպքում ՊՇՌ թեստ հանձնելու կարիք այլևս չի լինի, ինչպես նաև մինչև 1 տարեկան երեխաները ևս ՊՇՌ թեստ հանձնելու կարիք չեն ունենա։ 

«Հայաստանի նպատակային շուկայի ցուցակի քառյակում առաջինը Ռուսաստանն է, որտեղից միայն այս տարվա առաջին եռամսյակում 30.213 զբոսաշրջիկ է այցելել, որին հաջորդում է Իրանը՝ 9400 այցելուներով։ Երրորդ տեղում Վրաստանն է, չորրորդը՝ ԱՄՆ-ն»,- «Մեդիալաբին» ասում է Սոնա Հովհաննիսյանը։ 

Տուրիզմի հայկական ֆեդերացիայի նախագահ Մեխակ Ապրեսյանն էլ «Մեդիալաբին» ասում է, որ մինչև համավարակն էլ Հայաստան այցելությունների գերակշիռ մասը Ռուսաստանից էր․ 

«Ռուսաստանից զբոսաշրջիկների նման հոսքը կարող է նոր հնարավորություն ստեղծել երկու երկրների համար՝ ավելի ընդլայնված համագործակցելու մասով, հիմա աշխատանքներ են տարվում Ռուսաստանի ռեգիոնների հետ, ոչ միայն Մոսկվա, Պետերբուրգ։ Արդեն Ուրալի երկրամասի հետ ենք սկսել աշխատել, Եկատերինբուրգում ցուցահանդեսի մասնակցեցինք, Տյումենի հետ ենք սկսել կապեր հաստատել»:

Սերգեյը եւ Նատալյան ասում են, որ Հայաստանում տեսածն ու զգացածը դժվար է բառերով արտահայտել, բայց մի բան հաստատ է՝ վերադառնալու են։ 

«Մենք, իհարկե, կպատմենք մեր ընկերներին, ընտանիքի անդամներին Հայաստանի մասին, որպեսզի իրենք էլ այցելեն, և վստահ ենք, նրանք ևս մեծ տպավորություններով կհեռանան այստեղից, դե իսկ մենք անպայման վերադառնալու ենք այս զարմանահրաշ երկիր, որտեղ ամեն ինչ այնքան հրաշալի է ու տարբերվող, որտեղ գնահատում են իրենց պատմությունը»,- «Մեդիալաբին» ասում են նրանք։

Հայաստանին սիրահարված մեկ այլ զբոսաշրջիկ՝ Օլեսյան ասում է՝ կասկած չունի, որ Ռուսաստանից ժամանողները հավանելու են Հայաստանը՝ մի քանի «փոքր-մոքր թերությունները չհաշված»։

«Վստահ եմ՝ Հայաստանը հազարավոր ռուս զբոսաշրջիկների համար սիրելի ուղղություն է դառնալու, բնությունը՝ հրաշք, մարդկանց բնավորությունը՝ մեղմ ու հյուրընկալ, ուտելիքը՝ համեղ ու շատ մատչելի։ Բացի դա, վիզայի խնդիր էլ չկա, կարող ես որոշել, գնել տոմսդ ու վայելել հրաշալի օրեր։ էլ ի՛նչ է պետք զբոսաշրջիկին երջանիկ լինելու համար»։

Քրիստինե Աղաբեկյան

MediaLab.am