Կասեցվել է կրեմային հրուշակեղենի 2 արտադրամասերի արտադրական գործունեությունը․ ՍԱՏՄ

ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Կոտայքի մարզային կենտրոնի տեսուչները ստուգում են իրականացրել անհատ ձեռնարկատերեր Գոհարիկ Աջինյանին և Քնարիկ Շխոյանին պատկանող կրեմային հրուշակեղենի արտադրամասերում (Կոտայքի մարզ, ք․ Հրազդան): Պարզվել է, որ արտադրամասերը գործում են սանիտարահիգիենիկ սահմանված նորմերի կոպիտ խախտումներով:

Այս մասին տեղեկանում ենք Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնից։

Մասնավորապես՝ արտադրական տարածքներում հատակը, պատերի մակերևույթները վնասված են եղել՝ ջրանցիկ, չլվացվող նյութերով պատված, որոնք հնարավոր չէ լիարժեք լվանալ, հեշտությամբ մաքրել և, անհրաժեշտության դեպքում, ախտահանել, առաստաղը չի պահվել նորոգ և պատշաճ վիճակում, չի կանխարգելվել կեղտի կուտակումը, բորբոսի առաջացումը և առաստաղից մասնիկների թափվելու հնարավորությունը։

ՍԱՏՄ ղեկավարի որոշմամբ՝ նշված երկու արտադրամասերի արտադրական գործունեությունը կասեցվել է, սահմանվել է ժամկետ խախտումները վերացնելու համար: