«Մի տեսակ չի ընկալվում, երբ կենդանիներին ստերջացնող ու պատվաստող ՀՈԱԿ-ի աշխատանքը քննադատելիս փորձում են դրական լույսի տակ ներկայացնել «Յունիգրաֆ Իքս»-ի աշխատանքը»․ Հակոբ Կարապետյան

Երևանի քաղաքապետի մամուլի քարտուղար Հակոբ Կարապետյանը Ֆեյսբուք սոցիալական կայքում գրել է․

«Մի տեսակ չի ընկալվում, երբ կենդանիներին ստերջացնող ու պատվաստող, թեկուզեւ՝ ժամանակավորապես ոչ իդեալական պայմաններում գործող ՀՈԱԿ-ի աշխատանքը քննադատելիս փորձում ես դրական լույսի տակ ներկայացնել «Յունիգրաֆ Իքս»-ի աշխատանքը՝ կազմակերպություն, որը թափառող շունիկների հարցը լուծում էր՝ ուղղակի ոչնչացնելով նրանց:

Եթե թափառող շների հետ կապված իրավիճակը հետաքրքիր է, առաջարկում եմ կարդալ ոլորտի ամենափորձառու կազմակերպություններից մեկի՝ DINGO Team / ԴԻՆԳՈ Թիմ-ի ղեկավար Ovsanna Hovsepyan-ի մեկնաբանությունը: Իմ կողմից հավելեմ, որ քաղաքապետարանի թեժ գծին ստացվող ահազանգերի մեջ վերջին մի քանի ամիսներին հիմնականում առաջին տեղն է զբաղեցնում թափառող շների հարցը:

«Ուզում եմ անդրադառնալ ձեր («Լույս» դաշինքի) նշած կետերից մի քանիսին՝ անպայման նշելով, որ սա ՀՈԱԿ-ի հիմնական տարածքը չէ: Սա ժամանակավոր տարածք է, որտեղ աշխատում են մինչև սեփական տարածքը լինի (ընթացքի մեջ է):

✅ 1 վանդակում 5 շուն շնչահեղձ են լինում

Հիմա քաղաքում թափառող կենդանիների իրավիճակը այնպիսին է, որ ավելի լավ է 5 շուն մի վանդակում մնան 1 օր, բայց 4 շուն ավել ստերջացվի, քան 1 շուն լինի 1 վանդակում և ստերջացվի 4 շուն պակաս: Ամեն պակաս ստերջացված 4 շունը աշնանը միջինով +20 շուն է դառնալու: 
Եվ նույնիսկ եթե վանդակները լինեին 2 անգամ ավել, միևնույն է, նախընտրելի կլիներ այդ 2 անգամ ավել վանդակում էլ շները 1 օր նեղված լինեին, բայց ստերջացման քանակը լիներ ավելի շատ: Ստերջացման ծրագրի արդյունավետությունը անմիջականորեն կախված է առաջին տարում դրա մասսայական լինելուց: Յուրաքանչյուր 1 ստերջացված շունը կանխում է աշնանը 5 շուն ավելանալուն:

✅ Շների համար կերակուր չկա

Շները ստերջացվում են բերված օրը, պահվում են 1 օր և բաց են թողնվում: Վիրահատությունից առաջ և հետո կերակրել ՉԻ ԿԱՐԵԼԻ: Հետևաբար կերակուր չլինելը այս դեպքում նորմալ է:

✅ Վակցինայի 3 տուփ կա ընդամենը՝ այն էլ մթերային սառնարանում

Մթերային սառնարանի ջերմաստիճանը բավարար է պատվաստանյութերի նորմալ պահպանման համար:

✅ «Վիրահատված» շները նետվում են վանդակների վրա

Եթե վիրահատվածը գրված է չակերտների մեջ՝ կասկած ունենալով վիրահատության վրա, նշեմ, որ վիրահատությունը իրականացվում է շատ լավ: Անձամբ եմ ստուգում փողոցում պատահած ցանկացած կլիպսով շան կարեր: Կարերը ուղղակի իդեալական են: Ինքս եմ աշխատում բնակչության հետ՝ ունենալով ոլորտի ամենաշատ հետևորդ ունեցող էջը՝ DINGO Team / ԴԻՆԳՈ Թիմ, ինքս եմ կազմակերպում, որ բազմաթիվ բնակիչներ իրենց բակի շներին տանեն ստերջացման: Իմ միջնորդությամբ ստերջացման է գնացել մոտ 60 շուն և բնակիչներից ոչ մեկը չի բողոքել ստերջացման որակից:

Եվ այս ամենը գրելը դեռ չի նշանակում, որ ես բացառում եմ տեխնիկական թերությունների առկայությունը, սակայն տեխնիկական խնդիրները ժամանակի հետ ուղղելի են: 
Ամենակարևորը ֆիքսենք, որ տարիներ շարունակ սպանդի պրակտիկայից հետո մենք վերջապես տեսնում ենք արվող աշխատանք: Շները իսկապես ստերջացվում են, սերջացվում են շատ լավ: Սա աննախադեպ գործընթաց է Հայաստանում: 
Վստահ եմ, որ երբ ՀՈԱԿ-ի հիմնական տարածքն արդեն պատրաստ լինի, տեխնիկական թերությունները կհասնեն մինիմալի:

p.s. Տեսանյութի մեջ նշում եք, որ եղել եք Յունիգրաֆի կլինիկայում, էնտեղ լավ պայմաններ էին… 
այո, պայմանները լավն էին, յուղը թափվեր, կհավաքվեր: Ուղղակի էդ պայմաններում 0 ստերջացում էր արվում, դա է Յունիգրաֆի ու ՀՈԱԿ-ի տարբերությունը: Յունիգրաֆը իդեալական պայմանների առակայությամբ անում էր միայն սպանդ, իսկ ՀՈԱԿ-ը դեռ ժամանակավոր տարածքում լինելով և այս պահին դեռ բավարար պայմաններ չունենալով բավականին ինտենսիվ ստերջացում է անում և բավականին լավ որակի:

✅ Տարիներ շարունակ մենք պայքարել ենք Յունիգրաֆի դեմ՝ սխալները ջրի երես հանելուց մինչև իրենց կացարանից շուն գողանալով, որի համար մեր դեմ գործ էին հարուցել: Մենք դիմել էինք Տիգրան Ավինյանին՝ այդ հարցը բարձրացնելու մինչև հեղափոխությունը, և նա այդ հարցով բավականին լուրջ սկսել էր զբաղվել:

✅ Յունիգրաֆի լուծարումից հետո մինչև ՀՈԱԿ-ը սկսի աշխատել, անցել է 9 ամիս: Դեռ չեմ հաշվում, որ մինչև այդ առհասարակ ստերջացում չի արվել, բայց բոլոր դեպքերում 9 ամիս ընդհանրապես ոլորտով չզբաղվելը շների քանակը ավելացրել է մի քանի հազար անգամ: Քաղաքապետարանում թափառող կենդանիների մասին ահազանգերը առաջին եռյակում էին»: