Մեղրի-Ագարակ ավտոճանապարհին տեղի ունեցած ավտովթարի հետևանքով մեկ մարդ զոհվել է․ կան տուժածներ

Սյունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ապրիլի 7-ին ժամը 08:59-ին ահազանգ է ստացվել, որ Մեղրի-Ագարակ ավտոճանապարհի 3-րդ կմ-ին տեղի է ունեցել ՃՏՊ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Ինչպես տեղեկանում ենք ՆԳՆ Փրկարար ծառայության տարածած հաղորդագրությունից, բախվել են «VAZ-2121» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Գ․ Ա․, ծնված 1962 թ․) և «PAZ» մակնիշի ավտոբուսը (վարորդ՝ Ա․ Մ․)։ «VAZ-2121» մակնիշի ավտոմեքենայի վարորդը տեղափոխվել է Մեղրու ԲԿ, որտեղ արձանագրվել է վերջինիս մահը:

Փրկարարները շտապօգնության ավտոմեքենային են մոտեցրել «PAZ» մակնիշի ավտոբուսի ուղևորներ Մ․ Է․ -ին (ծնված 1978 թ․) և Ա․ Ռ․-ին (ծնված 1991 թ․), ովքեր հոսպիտալացվել են Մեղրու ԲԿ:

Փրկարարներն իրականացրել են ճանապարհահատվածի լվացման աշխատանքներ (մոտ 200 քմ):