Կայունությունը Թեհրանի և Երևանի բարեկամական հարաբերությունների կարևոր առանձնահատկություններից է. Ալի Շամխանի

Ապրիլի 9-ին ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանն աշխատանքային ընթրիք է ունեցել Իրանի Իսլամական Հանրապետության Ազգային անվտանգության գերագույն խորհրդի քարտուղար Ալի Շամխանիի հետ:
Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են տարածաշրջանում ստեղծված անվտանգային իրավիճակը:

Զրուցակիցները նաև անդրադարձել են երկկողմ հայ-իրանական հարաբերությունների օրակարգին և զարգացման հեռանկարներին: Այս մասին հայտնում է ՀՀ Անվտանգության խորհուրդը:

Իրանի ԱԽ քարտուղարը, ընդգծելով, որ տարածաշրջանում լարվածությունը որևէ մեկի օգտին չէ, ասել է. «Հարավային Կովկասի տարածաշրջանի աշխարհագրության ցանկացած փոփոխություն լարվածություն առաջացնող գործողություն է, որը բխում է այն դերակատարների շահերից, որոնք դեմ են տարածաշրջանի անվտանգության և կայունությանը։ Շարունակական երկխոսությունն ու փոխգործակցությունը պետք է փոխարինեն տարածաշրջանային մարտահրավերները լուծելու  կոշտ մոտեցումներին»։