Քարաթափման հետեւանքով զոհվածները մայր ու դուստր են

Քարաթափման հետեւանքով զոհվածները մայր ու դուստր են
Քարաթափման հետեւանքով զոհվածները մայր ու դուստր են

Լոռու մարզում տեղի ունեցած ողբերգական դեպքի կապակցությամբ հաղորդագրություն է տարածել Լոռու մարզպետարանը։Հիշեցնենք, որ այսօր`հուլիսի 14-ին, ժամը 13:56-ին «911» ծառայությանն ահազանգ էր ստացվել, որ Լոռու մարզի Ալավերդի քաղաքից դեպի Վրաստանի սահման տանող ավտոճանապարհի 20-րդ կիլոմետրին տեղի է ունեցել քարաթափում, վնասվել են ավտոմեքենաներ, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: ԱԻՆ-ը հաղորդել է երկու զոհի մասին։ Մարզպետարանի հաղորդագրությունը ներկայացնում ենք ստորեւ։

«Խոր վշտով տեղեկացանք, որ այսօր 13:56-ին ԱԻՆ Լոռու մարզային վարչության հերթապահություն ահազանգ է ստացվել, որ Նեղոց համայնքի հարակից մայրուղում քարաթափման հետևանքով մահացել են Գազել մակնիշի ավտոմեքենայում գտնվող երեք ուղևորներից երկուսը: 1984 թվականին ծնված Վարդան Մկրտումյանն իր կնոջ և դստեր հետ այդ պահին գտնվել է մեքենայի ներսում:

Կինը՝ Կարինեն և դուստրը՝ Լիլիան կյանքի հետ անհամատեղելի ծանր վնասվածքների հետևանքով մահացել են, իսկ Վարդան Մկրտումյանը ողնաշարի կոտրվածքի նախնական ախտորոշմամբ տեղափոխվել է Երևան: Աղետի պահին տարածքում եղել է նաև Վազ 21-04 մակնիշի ավտոմեքենա, որի մեջ, բարեբախտաբար, ուղևորներ չեն եղել: 

Լոռու մարզպետարանը խոապես վշտակցում է մահացածների հարազատներին և շուտափույթ ապաքինում մաղթում ընտանիքի հորը՝ Վարդան Մկրտումյանին: 

Մարզպետ Անդրեյ Ղուկասյանի հանձնարարությամբ մարզպետարանի առողջապահության և սոցիալական ապահովության վարչությունը ձեռնարկել է բոլոր միջոցառումները՝ վնասված բնակչին բժշկական անհրաժեշտ օգնություն տրամադրելու համար»: