«Վարչապետի մոտեցումն անընդունելի է, չի կարելի գերիների հարցն ու այսօրվա խնդիրները որևէ ժամանակահատվածի հետ համեմատել». Սաքունց

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է իրավապաշտպան, Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցը

Պարո՛ն Սաքունց, Ադրբեջանում գտնվող հայ գերիներին վերադարձնելու ուղղությամբ ի՞նչ քայլեր պետք արվեն, որո՞նք են այս հարցում իշխանության թերացումները, ի՞նչ աշխատանքներ են իրականացնում հասարակական սեկտորի մասնագետները։

– Գերիների, անհայտ կորածների խնդիրները միջազգային մարդասիրական իրավունքի շրջանակներում պետք է լուծվեն։

Ի՞նչ ենք անում այդ ուղղությամբ՝ առաջինը, որպեսզի միջազգային մարդասիրական իրավունքի պաշտպանության ներքո գտնվող անձանց խնդիրները դառնան միջազգային կազմակերպությունների օրակարգային հարց։

Ինչո՞ւ, որովհետև եռակողմ ձևաչափը՝ Ռուսաստան, Ադրբեջան, Հայաստան, չի երաշխավորում հենց այս իմ նշած միջազգային մարդասիրական իրավունքի սկզբունքի իրականացումը։

Ինքը պայմանավորում է մարդասիրական խնդիրների լուծումը քաղաքական, տնտեսական այլ նկատառումներով։ Հայաստանի իշխանություններն այդ եռակողմ ձևաչափով որևէ արդյունքի հասնելու հնարավորություն չունեն, որովհետև մյուս երկու կողմերն իրենց երկար տարիների վարքագծով ցույց են տվել, որ իրենց համար մարդու իրավունքները և, մասնավորապես, միջազգային մարդասիրական իրավունքը գերակա արժեք չեն։

Եվ այդ նպատակով է, որ մենք գտնում ենք, որ ռազմագերիների, անհայտ կորածների, զոհվածների հետ կապված հարցերը պետք է դառնան միջազգային այն կառույցների ուշադրության կենտրոնում և օրակարգային հարց, որոնց համար դա սկզբունք է։

Այդ նպատակով մենք դիմել ենք և շարունակելու ենք դիմել ՄԱԿ-ի մարդու իրավունքների գերագույն հանձնակատարին, ԵԽ մարդու իրավունքների հանձնակատարին։

Անպայման կդիմենք Եվրախորհրդի և ԵԱՀԿ-ի համապատասխան կառույցներին։ Ոչ միայն կդիմենք, այլ նաև հետամուտ կլինենք, որպեսզի տեսնենք, թե որ տարբերակն է ժամանակային տեսանկյունից առավել արդյունավետ, որ իրենց մանդատի շրջանակներում այցելություն կատարեն տարածաշրջան, հանդիպեն Ադրբեջանի, Հայաստանի իշխանությունների հետ՝ նպաստելու, որպեսզի ձևավորվի այն մթնոլորտը, որը կապահովի այդ մարդասիրական իրավունքով պաշտպանված խնդիրների լուծումը։

Այսինքն՝ այդ մթնոլորտը պետք է ձևավորեն միջազգային կառույցները, մանավանդ այն կառույցները, որոնց անդամ են Հայաստանն ու Ադրբեջանը։ Ավելին, այդ մթնոլորտն է, որի պայմաններում հնարավոր է, որ արդյունավետ գործի Միջազգային կարմիր խաչի մանդատը։

Մենք տեսանք՝ թե՛ նոյեմբերի 9-ի, թե՛ հունվարի 11-ի եռակողմ հայտարարությունները չնպաստեցին և չէին էլ կարող նպաստել այս խմբերի ներկայացուցիչների իրավունքների պաշտպանությանն ու խնդիրների լուծմանը։

Դուք հարց էիք բարձրացրել, որ ՊՆ-ի կողմից անհայտ կորած զինծառայողը, պարզվել է՝ 20 օրից ավելի տանն է եղել արդեն։ Ինչի՞ հետևանք է այն, որ նման խնդիրներ են լինում։

– Խնդիրը, որը մենք փորձեցինք մեր հրապարակմամբ բարձրացնել, հետևյալն է. որպեսզի կոնկրետ Հայաստանի իշխանությունները պատշաճ ջանքեր գործադրեն հենց այդ նույն միջազգային կառույցների հետ աշխատանք տանելու ուղղությամբ, որպեսզի իրենք նաև պահանջատեր ու հետամուտ լինեն պատերազմից տուժածների իրավունքների հարցերը օրակարգ դարձնելու ուղղությամբ։

Բայց մենք տեսնում ենք նաև, որ պետությունը պետք է այդ խնդիրների լուծման ուղղությամբ իր կարողությունները, գործառույթները պատշաճ կերպով իրականացնի։

Նկատի ունեմ, առնվազն այդ միասնական տեղեկատվական բազան պետք է ունենա։ Մեզ մոտ արդեն կասկած առաջացավ՝ այդ միասնական տեղեկատվական բազան՝ որպես հիմնական գործիք, որի հիման վրա ԱԻՆ-ը, ՊՆ-ն, ԱԱԾ-ն, Դատախազությունն աշխատում են, իրոք աշխատո՞ւմ է, թե՞ ոչ։

Այսինքն՝ եթե մի տեղ տեղեկատվություն է ստացվում, ապա այդ տեղեկատվությունը պետք է համապատասխան կերպով ներառվի այդ ընդհանուր տեղեկատվական բազայի մեջ։

Առանց դրա ո՛չ կարող ես հետևել ռազմագերիների թվին, ո՛չ էլ դրանց հետ կապված աշխատանքներին։

Միաժամանակ, անհայտ կորածների վերաբերյալ տվյալները պետք է հստակ լինեն՝ հարազատներին պատշաճ ու օբյեկտիվ տեղեկատվություն տրամադրելու համար, որը պետության պարտավորությունն է։ Առանց դրա չես կարող հակամարտող մյուս կողմի հետ որևէ խոսակցություն ունենալ։

Մեզ պետք է, և միջազգային կոնվենցիաներն են այդպես պահանջում, որ միջազգային մարդասիրական իրավունքով պաշտպանված մարդկանց խնդիրներով հակամարտող կողմերը միմյանց հետո աշխատում են Միջազգային կարմի խաչի մանդատի կիրառմամբ։ Այս երկխոսության ֆորմատը չկա դեռևս։

Առայժմ ունենք եռակողմ փաստաթղթեր, որոնց շրջանակներում երկխոսությունը տեղի չի ունենում։

Երբ գերիների, անհայտ կորածների, զոհվածների հարցը դառնում է ներքաղաքական շահարկման թեմա և միջազգային ասպարեզում դառնում է աշխարհաքաղաքական նկատառումների զոհ, ապա դա ամենևին այն նպաստավոր վիճակը չէ՝ այս խնդիրը լուծելու համար։

Սա է մեր ամբողջ անելիքը, մենք անսահմանափակ ռեսուրսներ չունենք, բայց մենք խնդիրը բարձրացնելու ուղղությամբ ջանքեր ենք գործադրում։

Այսինքն՝ այսօր անհայտ կորածների ու գերեվարվածների հստակ թի՞վ էլ չկա։

– Հիմա տեսեք ի՞նչ է տեղի ունենում, երբ ռուսական խաղաղապահ կողմն ասում է, որ իրենց դիմել են 2000 մարդու համար, այդտեղ չի երևում, թե քանի՞ դիմում է եղել Հայաստանից, քանի՞սը՝ Ղարաբաղից, քանի՞սը՝ Ադրբեջանից։

Եվ այդ թվի հրապարակումն առանց տարաջատելու այն մոտեցումը չէ, որով պետք է աշխատել, որովհետև թույլ է տալիս քաղաքական մանիպուլյացիաներ ու շահարկումներ։

Իհարկե, մենք տեսանք, որ ռուսական խաղաղապահ առաքելության հրամանատարն իր այցելություներով Երևան-Բաքու որոշակի թվով գերիներ վերադարձրեց, բայց դա հատային մոտեցում է։

Մենք այդպես էլ չենք տեսնում՝ այդ 62 հոգու կամ գուցե ավելի մարդկանց նկատմամբ քրեական գործ հարուցելու հետ կապված խնդիրն ինչպես է լուծվում։ Այդ հարցին ոչ թե մեկ այլ պետություն պետք է մոտենա, այլ պետք է մոտենա միջազգային կազմակերպությունը, որը հենց ունի համապատասխան գործիքները։

Նույնիսկ ռուսական կողմը՝ որպես Մինսկի խմբի համանախագահ երկիր, ջանքեր չի գործադրում ԵԱՀԿ Մինսկի խումբը՝ որպես միջազգային իրավունքի մեխանիզմ, գործադրելու, նպաստելու դրա դերի բարձրացմանը։

Ես ուզում եմ, որ հասկանանք՝ նման բնույթի խնդիրներն առանց միջազգային ներգրավման կշարունակեն մնալ քաղաքական նպատակահարմարության զոհը։ Սա պետք է հաղթահարենք և այս հաղթահարման ուղղությամբ ենք ջանքեր գործադրում մենք։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ նախկինում երբեք այսքան մեծ թվով գերիներ չէին վերադարձվել Հայաստան։ Ինչպե՞ս կմեկնաբանեք նմանօրինակ հայտարարությունները։

– Ես վարչապետի նման մոտեցումն ընդհանրապես անընդունելի եմ համարում։ Դա նույնիսկ դատապարտում եմ, որովհետև չի կարելի այսօրվա խնդիրները որևէ ժամանակահատվածի հետ համեմատել։

Պետք է ոչ թե զբաղվել համեմատությամբ, այլ զբաղվել այն ուղղությամբ, որոնց մասին ես նշեցի։ Եվ պետք է հստակ տեղեկատվություն ներկայացվի ջանքերի ուղղությամբ թե՛ պետության ներսում, թե՛ միջազգային մակարդակում՝ պետական մարմինների դիվանագիտական ջանքերի գործադրման առումով։

Այսինքն՝ նույնիսկ անհասկանալի է, թե ինչու պետք է համեմատվի։ Խնդիրը գերիների թիվը չէ, քանի որ այդ թիվը խայտառակություն է, ինչո՞ւ պետք է այդքան գերիներ լինեին։

Պետությունը պարտավոր է քննություն իրականացնել անհայտ կորածների, մարդկանց գերեվարման հանգամանքների կապակցությամբ։ Ամեն ինչ չէ, որ պետք է հղում անել պատերազմին ու մատնվել անգործության։

Երբ դուք ունեք դասալքության մասին հարուցված քրեական գործեր, ապա ես ակնկալում եմ նաև նույնչափ անհետանալու ու գերի ընկնելու հանգամանքների ուղղությամբ քննության իրականացում։

Բայց մենք նաև պահանջում ենք, որ լինի փաստահավաք կամ փորձագիտական խմբի ստեղծում, որն ամբողջական կբացահայտի, կուսումնասիրի ճշմարտությունն այս պատերազմի հետ կապված։

Պետության պարտավորությունների կատարման մասին պետք է հաշվետվություն լինի։ Ցանկացած նման տիպի գնահատական նշանակում է խնդիրը դարձնել ներքաղաքական բանավեճի թեմա՝ անպտուղ, որը համարում եմ ոչ հարգալից վերաբերմունք պատերազմից տուժածների և նրանց հարազատների նկատմամբ։

Ռոզա Հովհաննիսյան

MediaLab.am