ՄՊՀ-ն տուգանել է կաթնամթերք արտադրող երեք ընկերության

Մրցակցության պաշտպանության հանձնաժողովը հասարակության մոլորեցման դրսևորումներով անբարեխիղճ մրցակցության համար պատասխանատվության միջոցներ է կիրառել կաթնամթերք արտադրող «Ամասիայի գլխավորող պանրագործարան» ՍՊԸ-ի, «Ապարանի պանրի գործարան» ՓԲԸ-ի և «Մեր երկիր» ՍՊԸ-ի նկատմամբ:

Վարույթների քննության արդյունքում հանձնաժողովն արձանագրել է, որ «Ամասիայի գլխավորող պանրագործարան» ՍՊԸ-ի կողմից արտադրվել և իրացվել է բուսական յուղի առկայությամբ պանիր, իսկ «Ապարանի պանրի գործարան» ՓԲԸ-ի և «Մեր երկիր» ՍՊԸ-ի կողմից արտադրված մածունների, ինչպես նաև «Մեր երկիր» ՍՊԸ-ի արտադրած կաթի փաթեթվածքների վրա մակնշվել է յուղայնության չափի վերաբերյալ իրականությանը չհամապատասխանող տեղեկատվություն։

Արդյունքում հանձնաժողովը ապրիլի 11-ի թիվ 167-Ա որոշմամբ «Ամասիայի գլխավորող պանրագործարան» ՍՊԸ-ի նկատմամբ նշանակել է 9 146 440 ՀՀ դրամի, թիվ 165-Ա և թիվ 166-Ա որոշմումներով «Մեր երկիր» ՍՊԸ-ի նկատմամբ՝ ընդհանուր 2 990 578 ՀՀ դրամի և թիվ 164-Ա որոշմամբ՝ «Ապարանի պանրի գործարան» ՓԲԸ-ի նկատմամբ՝ 600 947 ՀՀ դրամի չափով տուգանք: